Հունիսի 1-ից պարեկային ծառայությունը ուժեղացված ռեժիմով կփնտրի, կգտնի ու կտուգանի այն վարորդներին, որոնց մեքենաների առջևի կողապակիների լուսաթափանցելիոթյունը 70 տոկոսից պակաս կլինի։ Որոշումը միտված է  երթևեկության անվտանգության բարձրացմանը՝ պնդում են պատասխանատուները։ Այն, սակայն,  միանշանակ չեն ընդունում վարորդները։ Հարցն ուսումնասիրած իրավաբաններն էլ այլ նկատառում են անում՝ պարեկային ծառայությունը նման որոշում կայացնելու ու առավել ևս քաղաքացիներին տուգանելու իրավական հիմքեր չունի։

Հունիսի 1-ից երթևեկությունը կլինի ավելի «թափանցիկ»․ պարեկային ծառայությունը դեռ շաբաթներ առաջ էր զգուշացրել, որ ամռան առաջին օրվանից ավելի ուժեղացված ռեժիմով  են ստուգվելու ու տուգանվելու այն վարորդները, որոնց մեքենաների առջևի կողային ապակիները թույլատրելիից ավելի մուգ կլինեն։ ԵԱՏՄ ստանդարտներով ապակիները պետք է 70% լուսաթափանցելիություն ունենան, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի, այսինքն՝ 25 հազար դրամի չափով։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը խստացումը տեղին է համարում, վստահեցնում է՝ վարորդների ու հետիոտների անվտանգության տեսանկյունից մուգ ապակիներով երթևեկելը լի է վտանգներով։



«Մուգ ապակիները թույլ չեն տալիս, որ հատկապես օրվա մութ ժամերին հանգիստ կարողանաս տեսնել օրինակ ձախ կողմը։ Հաճախ մգեցված ու հայելու էֆեկտ ստացած ապակիների պատճառով ձախ կողմից եկող հետիոտներին վարորդները չեն տեսնում և վիճակագրության համաձայն էլ երեկոյան ժամերի վրաերթերի մեծ մասը հենց դրա հետևանք է»,-ասում է Արտակ Խաչատրյանը։

Վարորդները, սակայն, միանշանակ չեն ընդունում խստացումը․ համացանցում ու փողոցներում քննարկումները չեն դադարում․ շատերը պնդում են, որ մուգ ապակիները առաջին հերթին արևից են պաշտպանում, անձնական տարածք են ստեղծում։ Վարորդները հարց են բարձրացնում՝ ինչու հենց հիմա գործադիրը հիշեց մուգ ապակիների մասին։

Այս կարգավորումը վաղուց է եղել՝ նախօրեին հիշեցրել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Պարզապես օրինազանց վարորդները չեն տուգանվել, քանի որ համապատասխան չափիչ սարքեր Հայաստանը չուներ։

«Քանի որ հանրապետությունում արդեն ունենք այս սարքերը, այսուհետ պարզապես կիրառելու ենք օրենքը, ոչ թե նոր օրենք ենք մշակել կամ նոր որոշում ենք ընդունել, որի հիման վրա որոշել ենք սա անել։ Կար կառուցակարգը իմպլետացնելու գործիքակազմը չկար, հիմա արդեն ամեն ինչ կա և պատրաստ է կիրառման»,-ասում է փոխնախարարը։



Պարեկային ծառայությունը նաև ժամանակ է տվել քաղաքացիներին կարգավորմանը ծանոթանալու ու խախտումները՝ այս դեպքում մեքենաների առջևի կողապակիների մուգ թաղանթները հանելու համար։

Իրավաբանները, սակայն, լուսաթափանցիկ այս որոշման մեջ մութ կողմեր են գտել, պնդում են որոշումը, առավել ևս քաղաքացիներին տուգանելը չունի իրավական հիմք։ Իրավաբան Դավիթ Թովմասյանը ուսումնասիրել է կարգավորումները և այդպես էլ չի կարողացել գտնել Կառավարության այն որոշումը, որի հիման վրա պարեկները պատրաստվում են հունիսի 1-ից տուգանել վարորդներին։

«Տուգանքը նշանակվելու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի123-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։ Հենց այս հոդվածն է սահմանում պատասխանատվություն ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում։ Սակայն պատմությունը այսքանով չի ավարտվում․ պետք է նկատի ունենալ, որ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն արդեն, որ ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Այսինքն՝ նույն հոդվածով հստակ պահանջ է սահմանված, որ թույլատրելի չափերը պետք է սահմանի հենց Հայաստանի Կառավարությունը»,-մանրամասնում է Թովմասյանը։



Իրավաբանն ասում է՝ փնտրել ու այդպես էլ չեն գտել կառավարության համապատասխան որոշումը։ Նման մի որոշում գործադիրը կայացրել է 2005թ․-ին, սակայն 2022թ․-ից այս որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։ Դավիթ Թովմասյանը շեշտում է՝ ավելի քան 1.5 տարի ուժը կորցրած որոշումը չի կարող իրավական հետևանք առաջացնել։

«Ասեմ ավելին, փոխարինող որոշում ևս կայացված չէ, ինչը նշանակում է, որ այս պահին որևէ իրավական առումով սահմանված չեն այն չափանիշները, որին պետք է բավարարի տրանսպորտի առջևի կողային ապակիները, այսինքն լուսաթափանցելիության չափանիշները կարգավորող նորմ այս պահին ուղղակի գոյություն չունի»։

Այո, կառավարության որոշում չկա, բայց փոխարենը կա ԵԱՏՄ երկրների կողմից վավերացված համապատասխան ակտ, որի հիման վրա Պատեկային ծառայությունը իրականացրել է ստուգաչափումները, իսկ հունիսի 1-ից նաև կարող է տուգանել քաղաքացիներին՝ իրավական բացթողումների մասին պնդումներին ի պատասխան ավելի վաղ ասել էր Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Ասել, որ առանձին մի հատ էլ դրա համար որոշում է պետք, կարծում եմ, այնքան էլ ճիշտ պնդում չէ, քանի որ պետության համար արդեն իսկ կա ԵԱՏՄ ստանդարտը և լրացուցիչ նաև Կառավարության որոշմամբ սահմանելու անհրաժեշտություն կարծում եմ չկա և հիմք կընդունվի հենց ԵԱՏՄ ստանդարտով սահմանվող չափը»,-ասում է ՆԳՆ փոխնախարարը։



Իրավաբանը, սակայն, հակադարձում է՝ ԵԱՏՄ կանոնակարգերը բավարար չեն քաղաքացու նկատմամբ կայացվող վարչական ակտի համար։ Դավիթ Թովմասյանն ասում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հստակ  նշում է, ո,ր այսպես ասենք, որոշողը պետք է լինի, կառավարությունը։

«Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոքի վրա չի կարող դրվել պարտականություն, որը սահմանված չէ օրենքով, հետևաբար որքան էլ որ միջազգային չափանիշները և ԵԱՏՄ կանոնակարգերը սահմանեն այդ պարտավորությունը, որ լուսաթափանցելիությունը 70%-իս պակաս պետք է չլինի, այնուամենայնիվ դա չունի օրենքի ուժ հետևաբար Սահմանադրության համաձայն չի կարող տարածվել ՀՀ քաղաքացիների վրա»։

Այս կարգավորումն ու նորմը տարածվելու է բոլորի վրա՝ վստահեցնում է փոխնախարարը։ Նույնիսկ պետական ու ծառայողական մեքենաների առջևի կողային ապակիները պետք է լուսաթափանցելիության համապատասխան չափ ունենան։ Նախօրեին բարձրացված աղմուկին ի պատասխան էլ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասում է՝ արդեն սկսել են թաղանթազերծել նաև պարեկային ծառայության ավտոմեքենաները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն