05 հունիս, Երևան – Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։

2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 125 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 22-ը։ Ընտրված 22 դրամաշնորհներից 1-ը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։

22 գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:



«Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամն (ANSEF ) արդեն մոտ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է տվել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գիտնականներին՝ իրականացնելու իրենց նորարական գաղափարները։ Երբ ծրագիրը ստեղծվեց, գիտնականների մեծ մասը չունեին համակարգիչներ, անհրաժեշտություն կար տարբերի սարքավորումների և նյութերի։ ANSEF  ծրագրի շնորհիվ նախ լուծվեցին այս խնդիրները, հետո գիտնականները սկսեցին գործուղումներ գնալ, կոնֆերանսների մասնակցել, փորձ ձեռք բերեցին միջազգային գիտական ասպարեզում, համագործակցեցին այլ գիտնական կենտրոնների հետ և ստացված արդյունքները հրատարակեցին միջազգային ամսագրերում։  Առանձնակի ուշադրություն դարձվեց երիտասարդ գիտնականների աջակցությանը, նրանց համար հատուկ դրամաշնորհներ սահմանվեցին։ Քայլեր արվեցին  համալրելու գիտական ոլորտը երիտասարդներով։  Շնորհավորում ենք բոլորիդ ու շնորհակալ ենք, որ ստանձնել ենք գիտության առաջամարտիկի ոչ դյուրին, բայց կարևոր առաքելությունը», — նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը, — նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2023-ին 6 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 4-ը՝ ֆիզիկայի, 4-ը՝ կենսաքիմիայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 2-ը՝ հումանիտար և 1-ը՝ բուսաբանության ոլորտներն ուսումնասիրելու հայտերը։

«Ես ԳԿՀԱՀ-ի առաջին շահառուներից եմ և հստակորեն կարող եմ ասել, որ այն մշակութաստեղծ ծրագիր է: Այն առաջ է մղում սփյուռքում գիտության ոլորտի զարգացումը՝ միևնույն ժամանակ լինելով հայաստանակենտրոն ծրագիր։ Մասնակացում են նաև մագիստրոսներ, ասպիրանտներ, ինչը հնարավորություններ է ստեղծում սկսնակ գիտնականների համար՝իրականացնելու իրենց մտահղացումներն ու նորարությունները», — ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը՝ շնորհավորելով հաղթող գիտնականներին։ 

Անցած 23 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3292 դիմում—առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2170 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 945 հազար դոլար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն