ԵՊՀ–ում այսուհետ նոր մագիստրոսական կրթական ծրագիր կգործի։ Իրավագիտության ֆակուլտետի նոր դասընթացը միջազգային իրավական ատյաններում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող մասնագետներ կպատրաստի։ Մագիստրոսական ծրագրի նախաձեռնողն ու ղեկավարը Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է։ Փորձը ցույց է տալիս, որ հատկապես 2020թ իրադարձություններից հետո, Հայաստանը միջազգային իրավունքի մասնագետների խիստ կարիք ունի։ Հենց դա էլ հաշվի առնելով՝ կառավարությունը նորաբաց մագիստրոսական ծրագրում սովորողների համար պետպատվերի շրջանակում հինգ անվճար տեղ է նախատեսել։

Հայաստանի դիրքերը միջազգային իրավական հարթակներում ավելի հզորացնելու ու համապատասխան մասնագետներ պատրաստելու համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում նոր մագիստրոսական ծրագիր կգործի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, նաև նորաստեղծ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ հատկապես վերջին 3 տարիներին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը գերծանրաբեռնված է աշխատում և հիմա, ավելի, քան երբևէ, միջազգային իրավունքի մասնագետների խիստ կարիք կա․

«Հայաստանի Հանրապետությանը իրականում միշտ են պետք լինելու լավ ու բարձր որակի միջազգային իրավունքով մասնագիտացված իրավաբաններ, որոնք լավ հասկանում ու պատկերացնում են միջազգային դատարանները, արբիտրաժային դատարանները և կկարողանան նաև Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել և օգնել մեզ այդ հարցում»,– ասում է Եղիշե Կիրակոսյանը։



Միջազգային իրավունքի մասնագետներ պատրաստելը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար պետք է ռազմավարական ուղղություն լինի՝ ասում է Եղիշե Կիրակոսյանը։ Մագիստրոսական ծրագիրն, ըստ նրա,  այդ կարևոր ճանապարհի հիմնաքարերից մեկն է։ Երեք կիսամյակ տևողությամբ ծրագրի շրջանակում ապագա իրավաբանները կուսումնասիրեն ամենատարբեր ոլորտներ ու խնդիրներ, որոնց իրավաբանը կարող է բախվել իրավական հարթակներում՝ ասում է Կիրակոսյանը․

«Ունենք հիմնարար դասընթացներ, ինչպիսիք են, օրինակ, «Միջազգային իրավունքի հիմունքներ և սկզբունքներ» դասընթացը, «Մարդու իրավունենքրի եվրոպական կոնվենցիա և մարդու իրավունքների եվրոպական դատարան», «Միջազգային առևտրական արբիտրաժ», «Միջազգային ներդրումային արբիտրաժ», «Միջազգային առևտրային իրավունք» դասընթաց, ինչպես նաև դրա շրջանակներում ծագող վեճեր, «Ռազմավարական դատավարություն» և այլն»։

Մագիստրոսական ծրագրում դասավանդման համար հրավիրվել են ինչպես միջազգային դատական համակարգերում ամենօրյա ռեժիմով աշխատող փաստաբաններ, այնպես էլ աշխարհի տարբեր բուհերում դասավանդող մասնագետներ։ ՈՒսուցումն իրականացվելու է միայն անգլերենով՝ մանրամասնում է Եղիշե Կիրակոսյանը, դա կօգնի հետագայում ավելի արագ անցնել գործնական աշխատանքի։



Այս պահին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում 6 մագիստրոսական ծրագիր է գործում, սակայն «Միջազգային իրավունք և արբիտրաժ» ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է մյուսներից՝ ասում է իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը․

«Դուք բոլորդ ականատես եք եղել, որ նմանատիպ առիթներով Հայաստանի Հանարապետության շահերը միջազգային դատական ատյաններում պաշտպանելիս ներգրավվում են նաև արտասահմանցի փաստաբաններ, բնականաբար դրա դիմաց ստանալով շատ մեծ գումարներ։ Եղիշե Կիրակոսյանի նախաձեռնությունը ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի բազայի հիման վրա նման մասնագետների պատրաստում նախաձեռնելը շատ կարևոր քայլ է, որպեսզի հետագայում մենք ինքներս կարողանանք մեր շահերը ներկայացնել ու օգնել այդ ատյաններում մեր շահերը ներկայացնող ՀՀ կառավարության ներկայացուցչին ու նրա գրասենյակին»,– մանրամասնում է դեկանը։

Մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն առաջին հերթին կլինեն Միջազգային իրավական հարցերով գրասենյակի «շահառուները», լավագույն շրջանավարտները կմիանան գրասենյակի թիմին։ Բացի այդ, շրջանավարտները միջազգային ամենատարբեր գրասենյակներում ու իրավաբանական ընկերություններում աշխատելու հնարավորություն կունենան։



ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ նմանատիպ կրթական ծրագրերով պետհամալսարանը նաև մագիստրատուրայի բարեփոխումներ է իրականացնում․

«Մենք ինչ որ իմաստով նաև վերաարժևորում ենք մագիստրատուրան։ Հաճախ բակալավրն ավարտող ուսանողները հարց են տալիս, եթե մագիստրատուրան գիտելիքի կրկնություն է, ապա ինչու դիմել մագիստրատուրա, ապա այս կրթական ծրագրի պարագայում դժվար թե այդ հարցն առաջանա, քանի որ մագիստրատուրայում կդառան ոլորտի նեղ պահանջված մասնագետներ»,– ասում է Հովհաննիսյանը։

«Միջազգային իրավունք և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը կգործի արդեն 2023-2024 ուսումնական տարվանից։ Մինչև հունիսի 30-ը իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող իրավաբանները կարող են դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կմասնակցեն մասնագիտական հարցազրույցի։ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը նաև շեշտում է՝ հաշվի առնելով մասնագետների կարիքը ու կրթական ծրագրի կարևորությունը, կառավարությունը մագիստրատուրայում պետպատվերով անվճար սովորելու հինգ տեղ է հատկացրել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն