Խաղողի պահպանման ժամկետը երկարացնող փաթեթից մինչև օրգանական բուժանյութեր․ հայ ֆերմերները «նորույթ» ներմուծելու կարիք ունեն
Հայաստանյան յուրաքանչյուր մարզում ֆերմերներն ունեն իրենց բնորոշ խնդիրները։ Դրանց քննարկելու և ընդհանուր լուծումներ գտնելու համար նրանք մասնակցել են հայ–իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին։ Այն կազմակերպել էր Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Բանակցությունների փուլը կորոշի համագործակցության հեռանկարները։
Իսպանական 8 ընկերության ներկայացուցիչների Հայաստան գալը հետաքրքրել է մեր գյուղոլորտի 60 ընկերությունների։
Պատճառները տարբեր են՝ ֆերմերները նոր սերնդի սառնարաններից մինչև պտուղ–բանջարեղենի տեղափոխման ժամանակ օգտագործվող պոլիէթիլենային տոպրակների կարիք ունեն։
2017թ.-ին Արենիում հիմնադրված, իսկ 2022–ին օրգանական խաղողագործության անցած Նոահ ընկերությունը տնկիների օրգանական բուժանյութերի և պարարտանյութերի կարիք ունի։ Ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Արսեն Մկրտչյանը պատմում է՝ հայաստանյան շուկայում այդ առումով բաց կա։ Այժմ աշխատում են իտալացի մատակարարների հետ, բայց հույս ունեն գործակցել նաև իսպանացիների հետ։
«Երբ որ ընկերությունը հոգ է տանում իր այգիների, բնության և վերջնական պրոդուկտի մասին, բնականաբար մի օր սկսում է մտածել օրգանիկ գյուղատնտեսության մասին։ Էդ պահը մեր մոտ հասունացավ անցած տարի, երբ հասկացանք, որ հերիք է թունավորենք մեր այգիները, օգտագործելով, այսպես ասած, դասական թունաքիմիկատներ։ Այդ պատճառով հրավիրեցինք Հայաստան մեր իտալացի գործընկերներին, պայմանագիր կնքեցինք, տարեկան 6–7 անգամ գալիս են մեզ մոտ»։
Օրգանիկ խաղողագործությունը ենթադրում եմ ավելի ծախսատար է։ Քանի անգամ ավելի շատ ծախս է հարկավոր սովորական պարարտանյութերի փոխարեն օրգանական պարարտանյութեր օգտագործելու համար։
«Դեռ որոշ ժամանակ անհրաժեշտ է որպեսզի մենք կարողանանք համեմատել, բայց կարող եմ հստակ արձանագրել, որ դա կարծրատիպ է, երբ ասում են օրգանական գյուղատնտեսության անցման ժամանակ ավելի մեծ ծախսեր ենք ունենալու։ Որևովհետև եվրոպական գինի արտադրող այն ընկերությունները, որոնց հետ մենք կապի մեջ ենք և տեսնում ենք այն թվերը, որոնք հարցնում եք, պարզ է դառնում, որ օրգանիկին անցնելուց նույնիսկ 2-3 անգամ նվազում են ծախսերը։ Բայց կա մի կարևոր խնդիր՝ պետք է օրգանիկին անցումը լինի մասսայական, որպեսզի նույն ներմուծողը բերի ոչ թե միայն մեզ համար, այլ մեծ քանակությամբ՝ բնականաբար ավելի էժան»։
Մթերման թեժ սեզոնից առաջ Արարատի մարզից խաղողագործների միության ղեկավար Արսեն Սիմոնյանին նույնպես մայրաքաղաք է բերել հայ–իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը։
Ֆերմերն ասում է՝ արարատցիների համար ամենակնճռոտ հարցը խաղողի իրացումն է։
Որպեսզի լոգիստիկ շղթայում բերքի պիտանելիության ժամկետը երկարի օդ ու ջրի պես հարկավոր է աննշան թվացող մի պարագա՝ հատուկ պոլիէթիլենային տոպրակ։ Դրա պատճառով, օտարերկրյա խաղողագործները ռուսական շուկայում իրենցից առաջ են անցնում։
«Ֆիզիոքիմիական հատկություններով օժտված փաթեթներ են, որոնք գազեր են բաց թողնում սնկերի դեմ պայքարելու համար։ Իրենք նպաստում են, որ սառնարանից հանեցինք և տեղափոխեցինք, դրա ժամանակ որակական կորուստները քչանան։ Իսկ այդ նոր տեխնոլոգիայի միջոցով ուզբեկները մոտավորապես 1 ամսվա պիտանելիության ժամկետ են կարողանում ավելացնել»։
Արտահանման շղթայում աննշան թվացող խնդրի հետևանքներն իրականում մեծ ազդեցություն ունեն։ Դեպի Ռուսաստան երկար ճանապարհ է անցնում Արարատի մարզի խաղողի ընդհանուր բերքի 40%–ը։
«Արարատի դաշտավայրում մոտ 25 հազար տոննա նման խաղող ունենք, որը որակական հատկանիշներով գերազանցում է մյուսներից։ Մենք քաղցրահամ ջրով ենք ոռոգում, մեր արևն է դրան նպաստում, մեր լավագույն խաղաքարտը հենց համն է։ Էսօրվա կորուստները էդ պիտանելիության ժամանակի կորստի պատճառով է։ XX5 կազմակերպություն կա Ռուսաստանում, բավականին ընդլայնված ցանց ունի, իրենք էին հետաքրքված, չկարողացանք իրենց պայմաններին համապատասխանել։ Իրենց առաջարկը դա էր, որ պետք է այդ փաթեթների պայմանները ապահովեինք»։
-Խոսքը փաթեի ի՞նչ արժեքի մասին է։
-Մեկ արկղի հաշվով մոտ 200 դրամի հավելյալ ծախս է։ Բայց մի օրինակ ասեմ, Պյատիգորսկի շուկայում «Հարսի մատներ» տեսակի խաղողը մենք վաճառում ենք 50-60 ռուբլի, ուզբեկ վաճառողները՝ 100-120 ռուբլի։
-Այսինքն դուք կարող եք ձեզ թույլ տալ այդ փաթեթավորումը,–հեղինակ։
-Այո միակ խնդիրը այն է, որ մենք դրա փորձը չունենք, գիտական մակարդակով անգամ ուսումնասիրված չէ Հայաստանում։ Ամբողջ աշխարհն անցել է այդ տեխնոլոոգիային, իսկ մենք չունենք։
Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած ֆերմերները ծանոթացան հարուստ գյուղատնտեսական ավանդույթներ ունեցող Իսպանիայից ժամանած գործընկերների հետ։
Նրանցից փորձ կամ տեխնոլոգիա ձեռք բերելու բանակցություններն ընթացքի մեջ են։
Իսպանիայի հյուսիսից ժամանած Ռաֆայել Մարտինի խոսքով՝ պատվիրակությունը գյուղատնտեսության մեծ ներուժը տեսնելով է եկել Հայաստան։ Հույս ունի՝ հաջորդ անգամ այստեղ գալ հայ գործընկերների հետ կնքված պայմանագրերի պարտավորությունները կատարելու համար։