Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Մոսկվայում և Մոսկվայի մարզում դադարեցվեց հակաահաբեկչական օպերացիան։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դրանից հետո հայտարարեց նաև լրացուցիչ սահմանափակումների չեղարկման մասին։ Ռուսաստանի Դաշնությունում կյանքը բնականոն հուն է վերադարձել, իսկ տեղի ունեցածի շուրջ հայտարարությունները, կարծիքներն ու վերլուծությունները շատ տարբեր են։ Արևմուտքը չի շտապում ենթադրություններ ու եզրակացություններ անել, Մոսկվան էլ հայտարարում է, որ հաջողվել է կանխել ռազմական հեղաշրջումն ու արնահեղությունը։

«Վագներ» մասնավոր զինված խմբակցության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ձեռնարկված  ռազմական հեղաշրջման փորձը բացեց «պանդորայի արկղը», «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Վերլուծելով վերջին իրադարձությունները Ռուսաստանում՝ քաղաքագետը շեշտում է Մոսկվայի պատրաստ չլինելը իրադարձությունների նման զարգացմանը։ Ըստ նրա՝ դա կարող է հիմք դառնալ ապագայում էլ նման քայլեր ձեռնարկելու համար։ Այնուամենայնիվ, քաղաքագետը տեղի ունեցածը միանգամայն անտրամաբանական է համարում․

«Մեծ շղարշով է պատած մոտիվը այս արարքի, հիշեցնում է հայտնի ասույթը՝ «Умом  Россию не понять»։ Բացարձակապես անբացատրելի է բուն մոտիվը, քանի որ տրամաբանություն չեմ տեսնում։ Եթե ելնենք այն հանգամանքից, որ Պուտինը փորձում էր խայծ կիրառել ի դեմս Պրիգոժինի, որպեսզի բացահայտի դժգոհություն ունեցող խմբերին, որոնց կարելի է հեռացնել զբաղեցրած դիրքերից, ստացվում է, որ հնարավորություն են թողնում, որ ապագայում էլ նման դեպքեր կրկնվեն․ չէ՞ որ այս մեկը անպատիժ մնաց։ Իսկ եթե պատժեն, կրկին «պանդորայի արկղ» են բացում, քանի որ ստացվում է, որ այն սուբյեկտը, կամ խմբավորումը, որը կհանդգնի նման մոտեցում դրսևորել, գնալու է մինչև վերջ,  քանի որ ունի նախադեպ՝ նախադեպին պատժել են»։

Այն, ինչ արեց Պրիգոժինը, ըստ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի, ինքնազոհողություն էր, քանի որ նա վտանգի տակ դրեց իր անձը։

Նրանից խաբվածները, նույն «Վագների» զինյալներն, ըստ զրուցակցիս, կփորձեն ապագայում պատասխան ստանալ կատարվածի համար, քանի որ նաև զոհեր գրանցվեցին՝ «Վագների» վարձկանները ոչնչացրին ՌԴ ԶՈՒ մի քանի միավոր ռազմական տեխնիկա, որոնցում մոտ 10 օդաչուներ կային․ ո՞վ է պատասխանատու նրանց մահվան համար։

Այս գործողությունը, Գուրգեն Սիմոնյանի կարծիքով, ցույց տվեց, որ Ռուսաստանը անվտանգային լուրջ խնդիրներ  ունի։

Տեղի ունեցածին առաջինը, բնականաբար, արձագանքեց Ռուսաստանի նախագահը։ Իր տեսաուղերձում Պուտինը կատարվածը որակեց որպես «դավաճանություն» և «հարված թիկունքից»։

Այս թեմայով քննարկումների պակաս չկա, սակայն Արևմուտքի տարբեր երկրներից  ու կառույցներից հայտարարում են, որ մտադիր չեն խառնվել Ռուսաստանի ներքին գործերին։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին շտապեց հայտարարել, որ այն ինչ կատարվում է  Ռուսաստանում, խոսում է այդ երկրի թուլության և մոտալուտ փլուզման մասին։

«Վաշինգտոն Փոստը» գրում է, որ Պրիգոժինի հնարավոր ապստամբության մասին ամերիկյան հետազոտական կենտրոններին հայտնի էր դեռ երկու շաբաթ առաջ ։

Ռուսական լրատվամիջոցները կատարվածը հիմնականում համարում են«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնագործունեություն։Սակայն սա միակ վարկածը չէ, ռուսական որոշ լրատվամիջոցներ էլ նշում են, թե իբր հեղաշրջման փորձը Արևմուտքի հետ պայմանավորված էր, որը բարձր վարպետությամբ հաջողվեց կասեցնել ։

 Կատարվածի վերաբերյալ  տարբեր վարկածներ են շրջանառվում՝ Ռուսաստանում իշխող վերնախավում առկա հակասություններից, մինչև Պրիգոժինի՝ աֆրիկյան փորձով ոգևորված ինքնագործունեություն։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը  հավանական է համարում այլ տարբերակ, թեև չի բացառում նաև նշվածները․

«Տեղի ունեցողը հետևանք է այն բանի, որ ՌԴ իշխանությունները որոշել էին ապազինել «Վագներին», վերջինն էլ որոշել է հակադարձել։ Սակայն մյուս տարբերակները ևս չէի բացառի։ Ի՞նչ արդյունք ունեցավ․ մի կղմից մենք տեսանք Ռուսաստանի թուլությունը և անպատրաստությունը նման իրավիճակներին, մյուս կողմից՝ տեսանք որոշակի արձագանքը սուր մարտահրավերներին, նաև տեսանք, որ գոնե հրապարակայնորեն Ռուսաստանի էլիտան միատար պատասխանեց։ Չի բացառվում, որ որոշակի  գործընթացներ կան օլիգարխների հետ կապված, բայց  հրապարակային արձագանքը միանշանակ էր»։

Արևմուտքում կարծիքներ կան, որ կատարվածը Մոսկվայի կողմից էր կազմակերպված,նաև մտավախություններհնչեցին, որ միջուկային զինանոցը կարող է հայտնվել Պրիգոժինի ձեռքում։ 

Ի դեպ՝ «Վագների» հիմնադրի մասին ուշագրավ տեղեկություններ կարելի է գտնել։ Նա դատվածություն է ունեցել և բանտում բիզնեսով է զբաղվել՝ վաճառելով բանտարկյալների ատրաստած հուշանվերները։ Ազտվելուց հետո սուպերմարկետներում է աշխատել, հետո արդեն ռեստորանում սպասարկել է հայտնի դեմքերին ու հայտնի է «Պուտինի խոհարար» մականունով։

Ավելի ուշ նրա «Կոնկորդ» ընկերությունը սնունդ էր մատակարարում դպրոցներին, հետո արդեն սնունդ էր հասցնում նաև զինվորականների և սպաների համար:

Վերջին տարիներին Պրիգոժինի անունը կապվեց  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ։  «Վագները» հաջողություններ է գրանցել  Ուկրաինայում, սակայն վերջին շրջանում  Պրիգոժինը դժգոհում էր, որ ՌԴ ՊՆ  զինամթերք չի մատակարարում «Վագների» զինյալներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն