ԵԽԽՎ բանաձևը կմեծացնի Ադրբեջանի վրա ճնշման գործիքակազմը. ՀՀ պատվիրակության արձանագրումները
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արեց, որ բանաձևը փոփոխվի, տապալվի, առաջարկված 60-ից ավելի փոփոխությունների 99 տոկոսը ԵԽԽՎ-ն չի ընդունել:
Ընդունած մի քանի կետն էլ բանաձևի բովանդակության վրա չեն ազդել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանից վերադարձած հայաստանյան պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ նստաշրջանի գլխավոր իրադարձությունը հենց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումն էր:
Ռուբեն Ռուբինյան - Եվրախորհրդի վեհաժողովը այդ բանաձևով ֆիքսեց, որ չկա Լաչիով, ազատ և անվտանգ տեղաշարժ, զեկուցողը այցելել և տեսել էր, որ մուտք չկա, արձանագրված է, որ խափանված է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Արձանագրումներից հատկապես կարևոր են նաև Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը:
Հունիսի 22-ի բանաձևով վեհաժողովն Արդբեջանին կոչ է անում ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրում, միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Կարճաժամկետ հեռանկարում այս բանաձևի արդյունավետությունը գուցե տեսանելի չլինի, բայց երկարաժամկետ առումով այն ավելացնում է ճնշման գործիքակազմը:
Ռուբեն Ռուբինյան - Օրինակ՝ այս բանաձևի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց էին հնչեցնում՝ արդյոք այսքանից հետո Ադրբեջանը կարո՞ղ է շարունակել լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Եվ մենք շարունակելու ենք ճնշումը մեծացնել
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա դեռ շարունակում է գործի քննությունը: Հայկական կողմը հայցի ապահովման նոր միջոց է պահանջել: Իսկ այս բանաձևը դատարանի որոշման վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ) - Երկրորդ՝ չափազանց կարևոր է, որ ԵԽԽՎ-ն ԵԽ նախարարների կոմիտեին տվել է հանձնարարականներ, որ համապատասխան գործողություններ իրականացնեն Լաչինի միջանցքի հարցով: Ըստ էության ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով:
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԿԵՏԵՐԸ
Հունիսի 27-ին արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից ակնկալում են առաջընթաց, նշում է Ռուբինյանը, նաև ընդգծում՝ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ: Այդ պայմանագրում Հայաստանի համար սկզբունքային երեք կետ կա.
Ռուբեն Ռուբինյան - Կոնկրետ քարտեզ, որը դրված է երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդրի լուծում։ Պայմանագրի կատարման երաշխիքների ինստիտուտի ներդրում, քանի որ մենք տեսել ենք, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ չկա մի կետ, որ չի խախտել:
Ադրբեջանը հրապարակային բառացի չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը Հայաստանը խնդրահարույց է համարում և այդ մասին բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումներում: Նման արձանագրում անելուց հետո Ադրբեջանը կպարտավորվի զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից:
Ռուբեն Ռուբինյան - Ընդ որում՝ այնպես չէ, որ ճանաչելուց հետո միայն պետք է դուրս գան, ամեն դեպքում պետք է դուրս գան, քանի որ դա Հայաստանի սուվերեն տարածքներն են:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա կարգավորմանը՝ գործընթացը կանգնած չէ, Ռուբինյանը վստահեցրեց որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ:
Ռուբեն Ռուբինյան - Ըստ անհրաժեշտության՝ խոսում ենք Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ:
Հայաստանը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքների կարգի բերման աշխատանքը: Եթե թուրքական կողմը ևս պահի պայմանավորվածությունը, այս ամառվա ընթացքում երրորդ երկրի և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար սահմանը կբացվի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան