Համայնքը խստացնում է պահանջները շինհրապարակների կազմակերպման գործում: Ավագանին մի շարք նոր նորմեր սահմանեց: Մասնավորապես, կառուցապատողը շինարարության ողջ ընթացքում շինհրապարակի տարածքում պետք է ապահովի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի առկայությունն ու դրանք տեղում ուսումնասիրելու հնարավորությունը, 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարության ողջ ընթացքում օդի որակի դիտարկման սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, շինհրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը պետք է մշտապես մաքուր պահի, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս շինարարության իրականացումը, շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը, շինհրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար պարտավոր է կազմակերպել դրանց լվացումը շինհրապարակի ելքի հատվածում՝ հատուկ մետաղական կառույցի վրա, և մի շարք այլ պահանջներ: Նորմերը կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից:



Երևանի ավագանին սահմանել է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերը: Հարկ է նշել, որ մինչ այժմ տրանսպորտային միջոցների տերերը ձեռնարկատիրական գործունեություն էին իրականացնում հիմնականում զբաղեցնելով ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը»:



Ավագանու որոշմամբ Երևանի 2023 թ. բյուջեից շուրջ 8 մլրդ-ով ավելացվել են ընթացիկ տարվա հատկացումները: Միջոցները կուղղվեն՝

  • ոռոգման և կոյուղատար համակարգերի արդիականացմանը,
  • ճանապարհների շինարարությանը,
  • 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերմանը,
  • բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգմանը,
  • Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգմանը,
  • Ալեքսանդր Թամանյանի արձանին հարակից տարածքի բարեկարգմանը,
  • մանկապարտեզների և մարզական օջախների ընթացիկ նորոգմանը,
  • հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքի տարբեր վայրերում 20 հորիզոնական վերելակների տեղադրմանը,
  • շրջակա միջավայրի պահպանությանը,
  • նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը:



Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ. Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին: Կարևորելով Վեհափառի ազգապահպան գործունեությունը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նախագիծը մեծ կարևորություն ունի հայ ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ՝

  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն այսուհետ կկրի հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի,
  • Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանի,
  • Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցը՝ հայ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի,
  • Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանի,
  • Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի,
  • Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցը՝ հայ հնագետ Եվգենի Բայբուրդյանի,
  • Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցը՝ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի
  • Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցը՝ հայ եկեղեցական, մշակութային, պետական գործիչ, Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևի անունները:

Երևանի հ. 39 հիմնական դպրոցն այսուհետ կկրի ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը:

Հաշվի առնելով աշխատանքի ծավալներն ու կառուցվածքային ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը՝ ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կառուցվածքում: Հարկ է նշել, որ միայն ընթացիկ տարում վարչության ծրագրերով շուրջ 105 նախագիծ է կյանքի կոչվում, ինչն աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության գործունեության ոլորտում համապատասխան ստորաբաժանումներին վերապահված լիազորություններն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու՝ փորձագիտական, տեղեկատվական-խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար քաղաքապետարան ներկայացված հայտերն ուսումնասիրելով՝ մասնագիտական գնահատում, խնդիրների վերաբերյալ համակողմանի քննարկում և դրանց վերլուծության հիման վրա ընդհանուր կարծիքի ձևավորմամբ մասնագիտական եզրակացություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն առավել արագ և թափանցիկ կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետարանում կստեղծվի առանձին գործառույթների իրականացման՝ ճարտարապետներից կազմված խորհրդատուի հինգ հաստիք: Նախագծի հիմնական նպատակն է գլխավոր ճարտարապետի կառույցին համարժեք նոր կառույց գործարկել, որն էլ կձևավորի Երևանի կերպարը:

Այսպիսով, Երևանի ավագանին ամփոփեց 10-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 11-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 12-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն