Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է՝  ԱՄՆ-ում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Բանակցությունները սկսվել են երեկ,  կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Թե ինչպես են անցնում քննարկումները, Միլլերը խոստացել է ամփոփել դրանց ավարտից հետո։ Մինչ Վաշինգտոնում քննարկվում են Խաղաղության պայմանագրի դրույթները, Բաքուն Արցախում դարձյալ  լարում է իրավիճակը։ 

Վաշինգտոնում երեկ են մեկնարկել Միրզոյան-Բայրամով բանակցությունները։ Նախ Բլինքենը առանձին-առանձին հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա  հաջորդել է եռակողմ հանդիպումը պատվիրակությունների լայն կազմով։

Այդ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ շարունակում են հավատալ, որ խաղաղությունը հասանելի է։ Նա չի մանրամասնել բանակցությունների բովանդակությունը, բայց հույս ունի, որ եռօրյա քննարկումների ընթացքում առաջընթաց կլինի։

«Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հասանելի է, եթե բանակցողները մի կողմ դնեն իրենց անհամաձայնությունները։ Այս շաբաթվա բանակցությունները կարևոր են։ Կարևոր ենք համարում, որ առաջընթաց լինի»։ 

Բանակցությունների հերթական փուլն ընդունող կողմը չի շտապում եզրահանգումներ անել, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել։ Ամփոփումները խոստանում են  քննարկումների ավարտից հետո կատարել։

Հայաստանի արտգործնախարարության ամփոփմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, ընդգծել  Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:

Արցախում ուշագրավ եւ հատկանշական են համարում, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի  պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպն էլ նախորդ դեպքերին համանման արձանագրվում է այն ժամանակ, երբ  ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ  Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի  շուրջ: Արցախում օրվա բանակցություններից որևէ էական սպասում չունեն։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյան խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ՝ հումանիտար աղետ. 

«Կարծում եմ՝ նվազագույնը հենց սա է, որ մենք պետք է ակնկալենք, որ կողմերի միջև որոշակի համաձայնություն ձեռք կբերվի, որոնց հիման վրա հնարավոր կլինի կարգավորել ստեղծված իրավիճակը։ Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, հաշվի առնելով այսօր ինչպես Արևմուտքի, այնպես էլ մնացած բոլոր բևեռների կողմից հետաքրքրվածության ավելի մեծ լինելը Ադրբեջանի նկատմամբ, կարծում եմ, մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, որ կարող է հանդիպմանը ինչ-որ դրական, կամ երանելի ինչ-որ արդյունք մեզ համար լինել»։ 

Արցախի պատգամավորները համոզված են, որ խաղաղության օրակարգի շուրջ պետք է չլինեն, եթե մի կողմը փաստացի ագրեսիայի է դիմում և 7 ամիս շարունակ հումանիտար ճգնաժամ է ստեղծել Արցախում։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ևս մեկ անգամ վերահաստատում է Արցախի կարմիր գծերը։

«Արցախը երբեք չի եղել և  չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու։ ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կամքը, փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում  միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»։   

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը դժվարանում է կանխատեսել, թե ստեղծված իրավիճակում ինչ վերջնական համաձայնություններ կարող են լինել. 

«Բայց նաև, այսպես ասեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ վերջնական համաձայնության կգան, որովհետև միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքները ուղղված է ողջ ժողովրդին՝ ըստ էության։ Եվ պետք է հասկանանք, որ սա նոր չէ։ Ադրբեջանը բազմիցս փորձել է այդ սպառնալիքներով որոշակի զիջումներ կորզել և, ըստ էության, մենք այստեղ զարմանալու ոչինչ չպետք է ունենանք»։ 

Քաղաքագետն Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է համարում՝ տարակուսելով, որ հնարավոր ռիսկերը համարժեք չեն գնահատվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն