ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ, ապա եռակողմ ձևաչափով շփումներ և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եռակողմ հանդիպում․ սա վաշինգտոնյան երկօրյա բանակցությունների արդյունքն է։ 

Բովանդակային մանրամասներ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ բանակցություններն ընթանում են նախատեսված ժամանակացույցով։ Նախօրեին Արցախի խորհրդարանն էր հայտարարությամբ դիմել  Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը՝ պահանջելով «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումն ու այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։                                             

Վաշինգտոնյան հանդիպումներին զուգահեռ սանձազերծված ադրբեջանական սադրանքը չհանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների դադարեցմանը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ է անդրադարձել միջադեպին՝ շեշտելով, որխորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով։

«Վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»։

Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան, ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր։

Սա թեմա է, որին իր ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ նա կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում։

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել բախումներից խուսափելու և կայուն խաղաղություն հաստատելու նպատակին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում։ Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»։

Դիվանագետի խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։ Թե ինչի շուրջ են զրուցել կողմերը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, ընդհանուր գծերով  ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին։

Ինչո՞ւ այս պայմաններում Հայաստանը չառկախեց իր մասնակցությունը բանակցություններին , ի՞նչ է  քննարկվում Վաշինգտոնում․ այս հարցերը վարչապետ Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել կառավարության նիստից առաջ։

«Վաշինգտոնում շարունակվում են բանակցությունները «Խաղաղության պայմանագրի» տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը։ Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ–ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»։

Դեռ նախօրեին Արցախից պահանջ հնչեց՝ ադրբեջանական սադրանքի պատճառով  դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները և վերադառնալ Հայաստան։ Սակայն, պաշտոնական Երևանը այդ տարբերակը չընտրեց։ Եթե ընտրվեր բանակցությունները առկախելու տարբերակը, ոչինչ չէր փոխվի, համոզված է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Բանակցի՞ հայկական կողմը, թե՞ չբանակցի, ցավոք, այս պահին, այս իրավիճակում դրանից ոչինչ կախված չէ։ Որովհետև, նախ, իմ խորին համոզմամբ, հայկական կողմն այդ հավակնությունները անգամ չունի, որպեսզի գեներացնի այն ռեսուրսները, նպատակները, միջոցները, որպեսզի իրենից ինչ-որ բան կախված լինի։ Հայկական օրակարգը այս պահին հետևյալն ՝ գերտերություններով եկեք փոխհամաձայնության, թե ինչ իրականություն եք տեսնում մեր տարածքում և տարածաշրջանում, ինչ ապագա եք տեսնում մեզ համար, այդ օրակարգը տվեք մեզ, և մենք դա կիրականացնենք»։

Այն, որ Վաշինգտոնից առաջ, բանակցությունների ընթացքում կամ հետո նոր սրացում կլինի, այլ ոչ թե խաղաղություն, կանխատեսում էր քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Կանխատեսման համար երկու հիմնավորում ուներ, որը ներկայացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Մեկն առնչվում է պետքարտուղարության ներկայացուցչի ողջույնին՝ «համաներման» մասին Ալիեւի ելույթի առնչությամբ, որին պաշտոնական Երևանը այդպես էլ համարժեք չարձագանքեց՝ վերլուծաբանի կարծիքով։ Երկրորդ հիմնավորումը ռուսական մամուլում եղած արտահոսքն էր, որ Վաշինգտոնն ուզում է երրորդ երկրում կազմակերպել Արրցախի ու Բաքվի ներկայացուցիչների ոչ հրապարակային շփում, և սպառնում Արցախին, որ հրաժարվելու դեպքում Բաքուն կիրականացնի հակաահաբեկչական օպերացիա:

Արդյո՞ք բանակցային 3 օրերը կփոխեն այն իրավիճակը, որը Վաշինգտոնից 8 օր առաջ նկարագրում էր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Խոսքը երեք չհամաձայնեցված սկզբունքային կետերի մասին է։ 

«Սկզբունքային հարցերի շուրջ, որոնց մասին բարձրաձայնվել է, քարտեզի ֆիքսում, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտ, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքներ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում, ցավոք, այս պահին դեռևս չկա համաձայնություն,  և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից»։

Թե սկզբունքային այս հարցերից քանիսի շուրջ կհաջողվի համաձայնության գալ, դեռ վաղ է ասել։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների փակման նիստին պետքարտուղարի մասնակցությունը ծրագրվում է այսօր՝ Երևանի ժամանակով 22:30-ին: Ժամանակացույցը փաստում է, որ  վաշինգտոնյան երկրորդ ռաունդը առաջինից մեկ օր պակաս կտևի՝ 3 օր կտևի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն