950 բնակիչ բաժանորդ չի դարձել, մոտ 6 հազարն էլ չի տեղեկացել, որ ցանցին ուշ է միացել։ Սրանք 2022–ի չորրորդ եռամսյակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կատարած խախտումներն են, որոնք արձանագրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Տուգանքը՝ տուգանք, բայց ՀԷՑ–ին նաև գումար կտրամադրեն։ Պարզվում է՝ այս ընկերությունն ու Երևանի ՋԷԿ–ը վնասներ են կրել և, որպեսզի սպառողի համար հոսանքի գինը չբարձրանա, նրանց օգնության կհասնեն ՀԱԷԿ—ն ու ԲԷՑ–ը։

20 մլն դրամ տուգանք՝ սպառողներին ժամանակին ՀԷՑ–ի բաժանորդ չդարձնելու համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուսումնասիրել ու պարզել են ՝ 2022–ի չորրորդ եռամսյակում սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետը խախտվել է, երբեմն նույնիսկ դիմող անձինք ուշացման մասին ծանուցված չեն եղել։ Սա ՀԷՑ–ի տուգանքի առաջին դեպքը չէ՝ ասում է ՀԾԿՀ զարգացման ծրագրերի բաժնի պետ Դավիթ Մուրադյանը․ 

«Վերջին անգամ տուգանվել է 20 մլն դրամ ՝ 2022–ին։ Տուգանքը վճարել է։ ՀԷՑ–ը 1 ամիս ժամկետ ունի վարչական բողոքի, երկու ամիս էլ՝ դատական կարգով բողոքարկելու համար»։

ՀԷՑ–ում առարկություններ չունեն։ Բայց ուշացման պատճառներ կան՝ ՏԻՄ–երն են խոչընդոտում, աշխատանքի ծավալներն են ավելացել։

Տուգանքը՝ տուգանք, բայց ՀԷՑ–ին նաև գումար կտրամադրեն։ Պարզվում է՝ այս ընկերությունն ու Երևանի ՋԷԿ–ը վնասներ են կրել, և որպեսզի սպառողի համար հոսանքի գինը չբարձրանա, օգնության կհասնեն ՀԱԷԿ—ն ու ԲԷՑ–ը։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ոիլիխանյան․ «Սրանց հաշվին այդ վնասները փոխհատուցվում են։ Ազդեցություն չի ունենում վերջնական սպառողի սակագնի վրա։ Սակագները վերանայվում են այնպես, որ ՀԷՑ–ի մոտ էլեկտրաէներգիայի գնման ծախսը նվազում է, արդյունքում վնասը փակվում է։ Տուգանքը որևէ կապ չունի։ Տուգանքը  շահույթից է վճարում»։

Անկախ նրանից, թե քանի սպառող է տուժել, ՀԷՑ–ը պետք է պատժվեր՝ արձանագրում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը․

«Դա լինում է ըստ ՀԾԿՀ–ի սահմանած կանոնների։ Շատ հաճախ կարող են նաև օբյեկտիվ պատճառներ լինեն։ Բայց միևնույնն է, օրենքը օրենք է, պետք է տուգանել»։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը բացառում է՝ՀԷՑ–ն անգամ անուղղակի չի կարող դիմել ՀԾԿՀ ՝ սակագնի բարձրացման հայտով։ Ընդհանուր առմամբ, տարին սակավաջուր է՝ ասում է սակագնային քաղաքականության վարչության պետը։ Որոտան ՀԷԿ–երի կասկադում էլակետրանէերգիայի ավելի շատ առաքում էր կանխատեսվել, բայց սակավաջրության պատճառով ավելի քիչ հոսանք է առաքվել։ Ուստի հոսանքն ավելի թանկ գնով է ձեռք բերել ՀԷՑ–ը։ Այժմ էլ կասկադը ամբողջության հոսանք չի արտադրում․

«Այժմ էլ բավականին քիչ է առաքում իր հզորությունից։ Որ ամբողջ հզորությամբ աշխատեր, շատ էլեկտրաէներգիա կառաքեր։ Պատճառը սակավաջրությունն է։ Վերանորոգման հետ կապված էլ մեծածավալ ներդրումներ է կատարել, բայց հիմնական պատճառը սակավաջրությունն է»։

Անցյալ տարվանից ՀԷՑ–ն այլևս հոսանքի վաճառքի մենաշնորհ չունի։ Դաշտն ազատականացված է։ Կան նաև հոսանքի այլ մատակարարներ, որոնք ստեղծում են մրցակցային դաշտ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն