PR-ի «հեղափոխական առաջամարտիկների» թոփ 10-յակը
Հեղափոխությունից հետո հայաստանյան բազմաթիվ պաշտոնյաներ աչքի են ընկնում ոչ թե բուռն գործունեությամբ, այլ սեփական փիառով, որին էլ անխնա լծվում են՝ մի կողմ դնելով իրենց ոլորոտներում առկա բազմաթիվ և ինչն էլ ավելի կարևոր է՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեփական PR-ի վրա բռնված պաշտոնյաների տասնյակը:
Ինքնա-PR-ի առաջամարտիկը անշուշտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բոլորի հիշողության մեջ թարմ է վերջինիս արված լուսանկարները Սու ռմբակոծիչներից. ընդ որում, ամիսներ անց՝ արդեն պատերազմից հետո, պարզ դարձավ, որ այդ ռմբակոծիչների հրթիռները բացակայում էին, այդ հանգամանքը, սակայն, Փաշինյանին որևէ կերպ չի խանգարել։
Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) պետի տեղակալ վերանշանակված Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, բնականաբար, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել է այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում. իր գործն է: Սակայն, այդ լուսանկարը, փաստորեն, ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան է ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:
Վերջին ամիսներին ՔՊ-ականները պարզապես առիթը չեն կորցնում PR-վելու համար և այդպիսի առիթներից մեկն էլ շաբաթներ առաջ կազմակերպված շաբաթօրյակն էր: Երևանում աղբի մաքրման սուրբ գործին էր լծվել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ամիսներ առաջ Սիսիանում ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը չնայած ստեղծված լարված, նույնիսկ պատերազմական իրավիճակին, ինչպես ասում են, իրեն չէր կորցնում և ակտիվորեն զբաղված էր իր փիառով: Եվ բնական է, որ այդ պահվածքից Սիսիանի բնակիչները դժգոհում են` հայտարարելով, որ ՔՊ-ն գոնե թիկունքը զինի, թաքստոցի հարց լուծի, ընտրության ցուցակ է կարգավորում:
Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Դավիթ Դանիելյանի միջեւ փիառվելու հողի վրա, ըստ մամուլի, անգամ գզվռտոց է սկսվել։ Շավաթներ առաջ կազմակերպվել էր Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցին ընդառաջ պատգամավորներն ակտիվ շրջում էին համայնքներով, հանդիպում բնակիչների, ավելի ճիշտ՝ ընտրողների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն, վարչապետին կասեն, որ իրենց հոգսերով հետաքրքրվող պատգամավորներ կան եւ այլն։
ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովում պարապուրդի մատնված Անդրանիկ Քոչարյանը առիթը բաց չի թողնում զինվորական համազգեստով նկարվելու համար:
Մետրոյի նոր կայարանի կառուցման համար ներդրող ներգրավելու ընթացքում հասցրել է փիառվել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.
Մեկ տարի առաջ Հայաստան ժամանած շտապօգնության մեքենաներն էլ հայ պաշտոնյաներին PR-սելֆիների առիթ տվեցին։ Հատկապես առողջապահության ոլորտը գլխովին տապալած նախարար Անահիտ Ավանեսյանին, ով անգամ այդ մեքենաները Հայաստան բերելու հետ որևէ առնչություն չէր ունեցել, ինչը, սակայն, չխանգարեց վերջինիս մի լավ փիառվել դրանց ֆոնին։
Վեց ամիս շարունակ պարապուրդի մատնված Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նույնպես փիառ ակցիաներից անմասն չի մնացել, սակայն վերջինիս փիառվելու հնարավորությունները և առիթներն այնքան սուղ էին, որ բավարարվել է մարզ մտնող ճանապարհին նոր ցուցանակի տեղադրումը ավետելով։
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները ետ չի ստացել, այսպիսի պնդումներ են անում տեղացիները: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախօրեին խորհրդարանում ասել էր, թե Տեղ համայնքում որոշ հատվածներից ադրբեջանցիները ետ են գնացել, սակայն այդպես էլ չէր հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հատվածից և որքա՞ն։ Այս դեպքում, մեծ է եղել գայթակղությունը՝ կեղծ պատկեր ներկայացնել, թե իբրև իշխանությունները որևէ դրական ձեռքբերում ունեն, քայլեր են իրականացնում՝ Հայաստանի տարածքների դեօկուպացիայի ուղղությամբ։
Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը նույնպես հետ չի մնում իր նորելուկ թիմակիցներից: Դիցուք՝ նա տեղադրել էր լուսանկար «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպումից, կարող էր տպավորություն ստեղծվել, որ լուրջ ծրագրեր են քննարկվում և մեգա նախագծեր են պլանավորում իրականացնել համայնքում, սակայն այդ հանդիպումից հետո մնաց միայն տվյալ լուսանկարը: Մինչ օրս հայտնի չէ, թե ի վերջո հիմնադրամը ու համայնքապետարանն ինչ ընդհանուր հայտարարի են եկել։