Հուլիսի 3-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ խանդավառության մեջ էր․ աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայտնում են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից։



Ճեմարանի նորեկ աշակերտներն աղ ու հացով դիմավորել են Վեհափառ Հայրապետին, որից հետո, ի պատիվ Նորին Սրբության, ճեմարանի թմբկահարների խումբը հանդես է եկել թմբուկների անզուգական կատարումներով։

Ճեմարանի հանդիսությանց սրահում տոնական միջոցառումն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։




Միջոցառմանը ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։



Բացման խոսքով հանդես է եկել ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը նախ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմել է ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ:



Շնորհակալական խոսքով ելույթ է ունեցելնաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։



Տնօրենի խոսքից հետո սկսվել է միջոցառման գեղարվեստական մասը․ ճեմարանի աշակերտական երգչախումբը հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի «Նուբար, Նուբար», Կոմիտաս Վարդապետի «Նա լուս էր», «Ախչի, անունդ՝ Շուշան» երգերով (խմբավար՝ Անի Տիրացույան)։ Ուսուցիչներից և աշակերտներից բաղկացած երգչախումբը հիանալիորեն կատարեց

Ավագ դասարանի աշակերտներ Նարեկ Քամալյանը և Ավետիս Սարգսյանը լավագույնս կատարել են Գուսան Հայկազունի «Շուշիի ազատագրման երգը»։ Ճեմարանի հնդիկ ուսուցչուհիներ Րայսանգ Լաման, Րիթուպարնա Մուքոպադայը և Շայոնի Չոկրոբըրթին ներկայացրել են«Կաթակ» հնդկական դասական պարը, որին հաջորդեցին «Էջմիածին», «Թամզարա», «Իշխանանց պար» ազգագրական և «Յարխուշտա» ռազմական պարերը՝ ճեմարանականների գերազանց ու հիանալի կատարմամբ։



Ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրել է հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։



Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես է եկել Վեհափառ Հայրապետը։ Նորին Սրբությունը մեծապես շնորհակալություն է հայտնել ճեմարանի տեսուչ Հայր Սուրբին՝ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար, միջոցառում, որը, ըստ Վեհափառ Հայրապետի, հանգիստ կարող էր ցուցադրվել Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող դահլիճների բեմահարթակներում և արժանանալ ներկաների բուռն ծափողջույններին։



Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր երախտագիտությունն է հայտնել Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց հանդեպ հոգատար ուշադրություն դարձնելու համար։

Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամել է գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։

Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի, ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։

Վեհափառ Հայրապետը հորդորել է ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշել է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու։

Միջոցառումն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով։

Վեհափառի հետ խմբանկարից հետո ներկաները մասնակցել են տոնական ընթրիքին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն