ՆԱՏՕ-ի երկրները դեռ համաձայնության չեն եկել, թե համագործակցության ինչպիսի ձևաչափ առաջարկեն Ուկրաինային Վիլնյուսում հուլիսի 11-12-ը դաշինքի կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ըստ պարբերականի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կենտրոնացած են Կիևի հետ երկկողմ և բազմակողմ «փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի» կամ «անվտանգության հուշագրերի» մշակման վրա։ Շատ դաշնակիցներ անհնարին են համարում դաշինք Ուկրաինայի մասնակցության հարցի քննարկումը, քանի դեռ նրա տարածքում հակամարտությունը շարունակվում է։ ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ կասկածում են, որ Ուկրաինան պատրաստ է միանալ դաշինքին, քանի որ կոռուպցիայի հետ կապված խնդիր ունի:

Թերթը նշել է, որ Վաշինգտոնը մի քանի ամիս փորձում էր «նվազեցնել Կիևի ակնկալիքները»՝ զրույցը կենտրոնացնելով անվտանգության երաշխիքների, այլ ոչ թե դաշինքի ընդլայնման վրա։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում էր քննարկումը տեղափոխել անվտանգության երկարաժամկետ պայմանագրերի դաշտ՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցության այլընտրանք, քանի որ ոչ մի երկիր չի ցանկանում իր զինվորներին ուղարկել Ուկրաինա կռվելու»,- գրել է թերթը։

Հունիսի 7-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի անդամակցությունը գործընթաց է, և ԱՄՆ-ը չի ծրագրում այն արագացնել։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ անհնար է նշել Կիևի մուտքի ստույգ ժամկետները, քանի որ երկիրը գտնվում է «պատերազմի թեժ շրջանում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն