Պենտագոնի գործողությունների գծով միացյալ շտաբի տնօրեն, գեներալ Դուգլաս Սիմսը հայտնել է, որ Կիևը կասետային զինամթերք է ստացել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև մի շարք այլ երկրներից։ Զինվորականը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ արկերն արդեն հասցվել են երկրի տարածք, հայտնում է Associated Press-ը:

Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի գեներալ Ալեքսանդր Տառնավսկին նույնպես հաստատել է, որ Կիևն արդեն ստացել է կասետային զինամթերք։

Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ ամերիկյան կողմը Կիևից գրավոր երաշխիքներ է ստացել, որոնցում ասվում է, որ Ուկրաինան նվազագույնի կհասցնի խաղաղ բնակչության համար զինամթերքի այս տեսակի օգտագործման ռիսկերը։

Չնայած խաղաղ բնակիչների համար վտանգներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վստահեցրել է, որ նման զենքերը կարող են օգնել Ուկրաինայի զինված ուժերին ավելի արագ «ազատագրել» կորցրած տարածքները։

Վաշինգտոնի կարծիքը կիսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը մտադիր է կասետային զինամթերք օգտագործել բացառապես ռազմական օբյեկտների դեմ։

Մոսկվան անմիջապես քննադատել է Կիևին կասետային զինամթերք հանձնելու՝ Վաշինգտոնի որոշումը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից այդ արկերի օգտագործումը Ռուսաստանին կստիպի հակաքայլեր ձեռնարկել։

Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան ստորագրվել է 2008 թ.: Այն ենթադրում է համապատասխան զինամթերքի օգտագործման, արտադրության և տեղափոխման արգելք։ Կոնվենցիային միացել է 123 երկիր։ Նրանց թվում չեն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը։

Կասետային զինամթերքն առաջին անգամ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սա զենքի տեսակ է, որը ներառում է հրթիռներ, ռումբեր, ռեակտիվ և հրետանային արկեր, որոնք պայթում են օդում և ներսում եղած ավելի թեթև ռումբերը ցրում են մեծ տարածության վրա: Այդ զինատեսակները վտանգավոր են հատկապես քաղաքացիական բնակչության համար, քանի որ փոքր ռումբերը հաճախ ընկնում են՝ առանց պայթելու: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն