Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են՝ քաղաքական ուժերը քարոզչություն են անում ու վարչական ռեսուրս կիրառում։ Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կարծիքով, իշխող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական առավելություններ ունի։ Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել ընտրողների վերաբերյալ ինֆորմացիա հավաքելու փաստերի մասին։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը Facebook-յան գրառմամբ հերքել է տեղեկությունը և զգուշացրել՝ պատրաստվում են դատի տալ կուսակցության և իր բարի համբավն արատավորելու համար։

Մեկ ամսից պակաս ժամանակահատված է մնացել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին։ Սակայն մինչ այդ էլ նախընտրական ինտրիգների ու շահարկումների պակաս չկա։ Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություններ էր հրապարակել, թե  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչական ռեսուրսն օգտագործելով, տեղեկատվություն է հավաքում մարզային բնակավայրերում ապրող, բայց Երևանի գրանցում ունեցող քաղաքացիների վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի ղեկավար, «Անկախ դիտորդ» մարմնի համակարգող Վարդինե Գրիգորյանը ասում է՝ այս տեղեկությունները մի քանի եղանակով ստուգել են։

«Այս տեղեկատվությունը մենք ստացել ենք հենց վարչական ղեկավարներից և աշխատակազմից, ու ըստ էության՝ հաստատվեց, որ այս հրահանգը տրվել է տարբեր համայնքներում։ Մենք փաստացի ժամանակի սղության պատճառով ստուգեցինք միայն մեկ համայնքում և համոզված էինք, որ տեղեկատվությունը կտարածվի և մյուս համայնքներում արդեն ավելի դժվար կլինի ճշտել»,-մանրամասնում է Վարդինե Գրիգորյանը։



Այս վարկածը ստուգելու նպատակով «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից մի քանիսը հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան համապատասխան ցուցակները։

«Համոզված եմ, որ սա վարչական ռեսուրսի կիրառում, քանի որ փաստացի խողովակները վարչական էին, այսինքն` այնպես չէ որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական հավաքներ էր կազմակերպել մարզերում ու իր կուսակից ընկերներին առաջարկում էր աջակցել իրենց քարոզչությանը, ինչը ընդունելու ու շատ նորմալ կլիներ, բայց փաստացի կիրառվել էր հենց վարչական լծակները՝ համայնքի ղեկավար, ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, աշխատակազմեր»,-ասում է Գրիգորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատրաստվում է դատի տալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իր բարի համբավն արատավորելու համար։ Իհարկե, կուսակցության անդամները տարբեր համայնքներում մասնակցում են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, բայց դա արվում է բացառապես քաղաքական գործունեության և քաղաքական տրամաբանության շրջանակներում՝ ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է պատգամավորը ու եզրափակել․ «Կհանդիպենք դատարանում»։ Գլխավոր դատախազությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կուսումնասիրեն աղմուկ հանած հետաքննական հրապարակումն ու կտեղեկացնեն արդյունքների մասին։



ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

Ցավալի է այս դրսևորումները տեսնել այն քաղաքական ուժի կողմից, որը տարիներ առաջ ընդդիմության դիրքերից քննադատում ու դատապարտում էր նմատատիպ «քարոզչությունը»՝ ասում է Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժերը միշտ, ուզենք թե չուզենք, որոշակի առավելություն են ունենում ընտրական գործընթացներում։ Այվազյանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 17-ի սպասվող ընտրություններին այս առավելությունը դուրս է օբյեկտիվության սահմաններից։ 

«Օրինակ՝ մենք հիշում ենք ինչպես Հայկ Մարությանից հետո երկու քաղաքապետեր հեռացան, կարծես տեղապահի գործառույթ ստանձնեցին։ Ըստ էության Տիգրան Ավինյանն ինչ-որ պահից եկավ և սկսեց իրականացնել քաղաքապետի գործառույթներ և ֆորմալ առումով իր իրավասությունների շրջանակը շատ ավելի մեծ էր քան նախկինում եղած փոխքաղաքապետերի իրավասության շրջանակը»,-ասում է Սոնա Այվազյանը։

Քարոզարշավ՝ քարոզարշավից հետո․ Երևանը օգոստոսի 23-ից պաշտոնապես կլսի քաղաքապետի թեկնածուներին

Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն այստեղ խնդիրներ ու անհավասար մրցակցության դրսևորումներ է տեսնում, մինչդեռ օրինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ ունեցած զրույցում պնդում էր՝ պաշտոնական քարոզարշավից առաջ մեկնարկած քարոզարշավը օրենքի տեսանկյունից խախտում չէ, ընդհակառակը, ըստ Հովակիմյանի, սա դրական միտում է։



Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան

«Ըստ էության՝ քաղաքական ուժերը արդեն վաղուց փաստացի քարոզարշավի մեջ են։ Առհասարակ, կուսակցությունները քվեարկության հաջորդ օրվանից կարող են ու ազատ են քարոզչություն իրականացնել։ Իրենք 5 տարի ունեն հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար։ Քարոզարշավի՝ օրենքով սահմանված ժամանակահատվածը, սահմանափակումների ժամանակահատված է»,-ասում էր ԿԸՀ նախագահը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Օգոստոսի 3-23-ը հանձնաժողովը կընդունի կուսակցությունների ու դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին ու կշարունակվի 24 օր։ Երևանը քաղաքապետ կընտրի սեպտեմբերի 17-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն