Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում միկրոավտոբուսային հնամաշ շարժակազմի փոխարինման աշխատանքները մտնում են ավարտական փուլ, և նշված կարճաժամկետ բարեփոխումներն օգոստոսի 1-ին ավարտված կլինեն 95 տոկոսով, իսկ օգոստոսի 15-ին՝ 100 տոկոսով: Այդ մասին Երևանի գործակարգավական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

Արդյունքում օգոստոսի 15-ից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղային ցանցում այլևս չեն լինի երթուղային հնամաշ «ԳԱԶել»-ներ, և փոփոխված երթուղիների սպասարկումն ամբողջովին կիրականացվի փոքր և միջին դասի ժամանակակից և համարավետ ավտոբուսներով:

Պլանավորված վերջին փոփոխությունների համաձայն՝ օգոստոսի 1-ից համար 33 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 43 ավտոբուսային երթուղով, կսպասարկվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով: Միջին հաճախականությունը կլինի 15 րոպե: Երթուղում որոշակի փոփոխություններ կլինեն, այն կսպասարկի Մաշտոցից դեպի Կոմիտաս հատվածը:

37 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 59 ավտոբուսային երթուղով: Ուղեգիծն ամբողջությամբ կպահպանվի, կսպասարկվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով, միջին հաճախականությունը՝ 13 րոպե:

39 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի 49 ավտոբուսային երթուղով: Ուղեգիծն ամբողջությամբ կպահպանվի, կսպասարկվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով, միջին հաճախականությունը՝ 11 րոպե:

42 միկրոավտոբուսային երթուղին կսպասարկվի 42 ավտոբուսային երթուղով: Ուղեգիծն ամբողջությամբ կպահպանվի, կսպասարկվի «ԳԱԶել-սիթի» տիպի ավտոբուսներով, միջին հաճախականությունը՝ 10 րոպե:

72 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի 56 համարի ավտոբուսային երթուղով: Կսպասարկվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով, միջին հաճախականությունը՝ 16-17 րոպե:

77 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի 77 ավտոբուսային երթուղով: Կսպասարկվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով, հաճախականությունը՝ 16-17 րոպե:

4 միկրոավտոբուսային երթուղու շահագործումը կդադարեցվի, 35 և 74 երթուղիները կսպասարկվեն «Ման» մակնիշի ավտոբուսներով:

55 միկրոավտոբուսային երթուղին կսպասարկիվի «Ժոնգթոնգ» տիպի ավտոբուսներով:

Վազգեն Հարությունյանը նաև զեկուցեց, որ առաջիկա ամիսների ընթացքում պլանավորվում է իրականացնել գործող երթուղային ցանցի վերանայում, որպեսզի բարձրացվի կրկնվող երթուղիների շահագործման արդյունավետութունը:

Երևանի փոխքաղաքապետը նկատեց, որ խոսքն ամենակարևոր բարեփոխումների մասին է, որ խոսվում է դեռևս 2017 թվականից:

«Շատ ուրախալի է լսել, որ հուսահատության «ԳԱԶել»-ներից վերջապես ազատվում ենք օգոստոսի 15-ի դրությամբ, անգամ ուզում եմ շեշտել, որ սա ընդամենն այդ ճանապարհի սկիզբն է, այսինքն՝ հնամաշ «ԳԱԶել»-ներից անցումը դեպի ավելի արդի ավտոպարկի դեռևս չի նշանակում, որ մենք իրականացրել ենք ամբողջական բարեփոխում: Մենք ունենք դեռևս տոմսային միասնական համակարգի ամբողջական ներդրում ավտոբուսներում և մետրոյում»,- ասաց Ավինյանը, ապա հավելեց, որ դեռ պետք է աշխատանք իրականացվի երթուղիների ընթացքը «Յանդեքս», «Գուգլ» քարտեզների վրա օնլայն տեսնելու և քաղաքացուն րոպեի ճշգրտությամբ այդ տեղեկատվությունը տրամադրելու մասով: 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երթուղիները նշված հավելվածում թարմացված են լինելու օգոստոսի 1-ից, իսկ ավտոբուսների տեղադիրքը ցույց տվող սարքավորումներն արդեն ճանապարհին են:

«Ենթադրում են՝ մյուս շաբաթ կհասնեն, և արագ կսկսենք տեղադրել, և առաջիկա 1-2 շաբաթում որոշ երթուղիներ արդեն տեսանելի կլինեն: Նշված գործընթացից հետո կարող ենք նաև կանգառասրահներում համապատասխան սարքավորումների ձեռքբերում իրականացնել, որովհետև եթե համակարգն աշխատեց, մնում է միայն չվացուցակի վրա ցույց տալ: Այսինքն՝ մեծ աշխատանք չի մնում անել»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը հանձնարարական տվեց նաև զբաղվել 250 Էլեկտրաավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն