Իրավական դաշտի բարելավում՝ ի նպաստ զբոսաշրջության բնագավառի դինամիկ զարգացման
Կառավարությունը հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլն:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ պլանավորվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 մլն-ի: Ըստ վարչապետի, այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ եթե հնարավոր լինի այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստանից վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա շատ իրատեսական կլինի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Այս առումով՝ վարչապետը կարևորել է նաև մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, անկանխիկի ներդրումը մարզերում, Պարեկային ոստիկանության և Փրկարար ծառայության արդյունավետ աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակում անդրադարձել է նաև Հայաստանում պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը: «Այստեղ էլ մենք լուրջ պրոբլեմներ ունենք այն առումով, որ անտառների թավուտներում թաքնված հարյուրավոր հուշարձաններ ունենք, որոնք զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունեն: Բայց իհարկե, մենք ամեն ինչ չենք կարող միանգամից լուծել, պետք է հետևողական, շարունակական աշխատենք այս ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր է»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը զբոսաշրջության առումով կարևորել է նաև Սևանա լճի խնդիրների լուծումը: «Մենք բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման կառավարման նոր մշակույթ պետք է ներդնենք: Սևանի ջրերի մաքրման խնդիրը լրջորեն պետք է լուծվի, կոյուղային ցանցի ջրերի մաքրման հարցերը պետք լուծվեն: Մենք մինչև հիմա տարիներով աշխատում ենք արդեն գլխացավանք դարձած Արեացիայի ծրագրով, այդպես էլ լուծումներ չենք կարողանում գտնել: Այստեղ լուրջ պրոբլեմներ ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հանձնարարել է բոլոր հայտարարված ծրագրերը դնել հոսքագծի վրա և առաջիկայում կենտրոնանալ խմելու, ոռոգման ջրի, Սևանի էկոլոգիական վիճակի, ջրամբարների, ինչպես նաև ջրերի մաքրության և կոշտ թափոնների կառավարման հետ կապված խնդիրների վրա: «Այս երկու ոլորտներում ես չեմ կարող ասել, որ մենք շատ մեծ փոփոխություններ ենք բերել: Պետք է լրջորեն կենտրոնանանք այդ խնդիրների վրա: Մենք պետք է իմանանք ինչ ծրագիր ենք իրականացնում և իմանանք կոնկրետ պատասխանատուներին, պետք է համոզված լինենք պատասխանատուների կոմպետենտության վրա: Սա չափազանց լուրջ խնդիր է: Եթե հապաղենք, շատ մեծ պրոբլեմներ կունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: