Հայաստանում ջրային պաշարներին առնչվող հարցերը գնալով ավելի են սրվում։ Այդ խնդրին այսօր կառավարության նիստում նաև վարչապետն է անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը իսկապես լուրջ է, ջրի ճգնաժամը ահագնանում է: Իրավիճակը և՛ գլոբալ տաքացմամբ, և՛ սխալ կառվարմամբ է խորանում։ Ջրային պաշարները նվազում են ոչ թե տասնամյակների ընթացքում, այլ՝ ամեն տարի։ Հայաստանում լոկալ՝ օրվա կարգավորիչ ջրամաբրաներ են կառուցվում։ Օրակարգում նաև 15 մեծ ու փոքր ջրամբարների կառուցման հարցն է։ Բայց պարզվում է՝ այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան ։

Հայաստանում ջրամբար կառուցելու ցանկություն, նախաձեռնություն, անգամ գումարներ կան, բայց նախագծող մանսագետներ՝ ոչ։ 2021-ից օրակարգում 15 մեծ ու փոքր ջրամբարների կառուցման նախագծերն են։ Այս պահին դրանցից վեցի նախագծային աշխատանքները սկսված են։ Մնացածների մասով քննարկումներ են ընթանում։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի փոխանցմամբ, ջրամբարների կառուցման համար կոնկրետ պահանջներ ու պայմաններ են պետք՝ տեղադիրք, երկրաբանական, ռելիեֆային կառուցվածք, պահանջվող ջրաքանակների առկայություն․ վեցից չորսի մասով առաջին փուլի աշխատանքներն ընթացքի մեջ են, 9–ը՝ դեռևս վերագնահատումների փուլում են ․

«Դիտարկենք, համեմատենք ժամանակահատվածը, երբ ուսումնասիրվել են այս ջրամբարները, և այն ժամանակը, երբ մեկնարկեց ծրագիրը, տասնամյակներ են անցել։ Այդ ժամանակահատվածում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Որոշ ջրամբարների մասով վերանայման անհրաժեշտություն կա՝ արդյոք տվյալ ջրամբարների համար անհրաժեշտ տեղադիրքը, թասի տեխնիական նկարագիրը բավարար է, թե ոչ, ընդերքի կազմը, անհրաժեշտ ջրաքանակները։ Մենք խնդիր ունենք ջրաքանակների մասով, կլիմայական փոփոխություններով պայմանավորված որոշ ջրավազաններում ունենք ջրաքանակների էական կրճատում, և դրա հետ կապված որոշակի վերանայման հնարավորություն կա»։

Դիտարկվում է ռեզերվ կամ այլընտրանքային ջրամբարներ կառուցելու հնարավորությունը՝ ասում է ջրային կոմիտեի նախագահի տեղակալը։ Ջրամբարը ամենաբարդ հիդրոտեխնիկական կառույցներից է, մինչև 2026թ կնախագծեն, որոշների մասով՝ գուցե սկսեն աշխատանքները։ Բայց ավարտել երկու տարում ՝ հնարավոր չէ։

«15 ջրամբարների նախագծման փուլում, երբ նախագծային ընկերությունը տեղում իրականացրել է ուսումնասիրություն, պարզվել է, որ կան սողանքային երևույթներ, ընդերքի ապարները բավարար կարծրություն չունեն, որ կարողանանք իր վրա թասը նախատեսենք։ Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում ենք։ Հնարավոր է, որ վերագնահատման ու փոխարինման անհրաժեշտություն առաջանա»։

Ջրամբարների կառուցման ցանկություն կա, բայց անգամ վարչապետն է արձանագրում՝ ջրամբար նախագծող չկա։ Նիկոլ Փաշինյանի պահանջը ջրամբարների նախագծման ու կառուցման հարցում հստակ է․

 «Փնտրում ենք այլ տեղ, որտեղ այդ ռեսուրսները կլինեն բավարար ու հնարավոր կլինի։ Սա մի գործընթաց է, որ առաջիկա հարյուրամյակում ՀՀ–ում 15 ջարմբար պետք է կառուցվի։ Սա մեկանգամյա գործողություն չէ։ Հայաստանում ջրամբարներ նախագծող ընկերություններ չկան։ Միայն մեկ ընկերություն կա, որ ջրամբար է նախագծում։ Միայն այդ ընկերությունն է մասնակցում մրցույթներին ։ Սա շատ վատ է։ Մենք միջոցներ պետք է ձեռնարկենք արտերկյա ընկերությունների ներգրավման համար, որպեսզի նախագծումը պատշաճ ժամանակում տեղին ունենա»։

Իսկ ընդհանրապես,  բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ պետք է փոխել վերաբերմունքը, որովհետև ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է՝ ասում է Նիկոլ Փաշինյանը․

«Ջրի հարցում իսկապես լուրջ է վիճակը։ Մենք որքան պատկերացնում ենք, դրանից կրկնակի լուրջ է։ Հայաստանում ջրի ճգնաժամը ահագնանում է: Դա գլոբալ ճգնաժամ է, իսկ Հայաստանում այն խորանում է ենթակառուցվածքների բացակայության կամ մաշվածության պատճառով, ինչպես նաև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքով»:

Ոռոգման, խմելու ջրի, կոյուղու խնդիրներ կան Գեղարքունիքի մարզի գյուղերում։ Բայց կան նաև իրավիճակներ, երբ մեծ խողովակներով, ջուրն ուղղակի հոսում է, արձանագրում է վարչապետը․

«Եկեք խոստովանենք, որ ջուրը Հայաստանում չի կառավարվում, այլ ուղղակի հոսում է: Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ, կառավարության որոշումներ, բայց ջուրը հանրապետությունում չի կառավարվում, ինչը մեր մեծագույն խնդիրն է: Այստեղ նաև գիտելիքի խնդիր կա. մենք չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում: Դա լրջագույն խնդիր է, որի շուրջ պետք է լուրջ որոշումներ կայացվեն»։

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը անհանգստությունների ու մտահոգությունների շարքն է լրացնում՝ ջրային պաշարների նվազում Հայաստանում գրանցվում է ոչ թե տարիների ընթացքում, այլ ամեն տարի։ Հայաստանում լոկալ ջրամբարներ՝ օրվա կարգավորիչ ջրամաբրաներ են կառուցվում։ Մեկը Գեղարքունիքում կա, երկուսն էլ Սպիտակում են նախատեսում կառուցել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն