Այսօր 11-օրյա լիակատար արգելափակումից հետո Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 11 բուժառուներ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր Խաչի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ։ Հիվանդներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում: Նախատեսվում է ԿԽ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու։ Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Կարմիր Խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան և Արցախ վերադարձին:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է՝ տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը՝ նորածնային և վերակենդանացման բաժանմունքում։ Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության ցուցանիշները, առողջապահական լրջագույն խնդիրներ են ի հայտ գալիս բնակչության մոտ, դեղորայքի ու բժշկական պարագաների սղության կամ բացակայության պատճառով։ Բնակչության թերսնված լինելը, սթրեսները, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցումն ավելի են խորացրել Արցախում հումանիտար ճգնաժամը։ 

Արցախի Առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց պարզորոշ երևում է, որ այս տարվա յոթ ամսում ավելի քան 2 անգամ ավելացել է մահացության ցուցանիշը, սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերը ավելացել են 66%-ով, սրտամկանի սուր ինֆակտից՝ 21%-ով։

Զգալի են նոր հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերը՝ մոտ 25 %, այդ պատճառով մահացությունը 16% է կազմում։

Արձանագրվում են գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման (ուղեղի կաթված) դեպքեր։

Հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի, ինչը ոչ լիարժեք սննդի և համապատասխան դեղամիջոցների բացակայության հետևանք է։ Հուլիսին արձանագրվել է վիժումների կտրուկ աճ՝ մոտ 4 անգամ։

Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարումը շարունակվելու դեպքում, մահերի ու մարդկանց առողջական վիճակի վատթարացման դեպքերը կավելանան։

Արցախ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսում է օր-օրի սաստկացող սոցիալ- առողջապահական վիճակի մասին․ «Այս բարդ իրավիճակն օր-օրի ավելի է բարդանում, և չկա այն վերջնակետը, որ երևար, այսպես ասած թունելի վերջում այդ լույսը։ Նաև այս անորոշությունն է, որ մարդկանց հոգեբանորեն ընկճում է, ազդում է մարդկանց վրա, բայց կա նաև գիտակցում, որ կշեռքի մյուս նժարին Հայրենիքն է և այդ զրկանքները, որոնց միջով ամեն օր անցնում են 30 հազար անչափահասներից սկսած մինչև, 20 հազար տարեցներ, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձինք ու 2 հազար հղիներ, նպատակն այն է, որ Հայրենիք ունենանք»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մի խումբ փորձագետներ հստակ արձանագրում են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հանգեցրել է հումանիտար ծանր ճգնաժամի։ Նշվում է, որ բնակչությունը բախվել է սննդի, դեղորայքի ու հիգիենայի միջոցների սուր պակասի, շրջափակումը ազդել է բժշկական ու կրթական հաստատությունների աշխատանքի վրա, վտանգել մարդկանց, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղիների և հիվանդների կյանքը։

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ, անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն։

ՄԱԿ փորձագետները կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներին պաշտպանել միջանցքը հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան․ «Անգամ այս պայմաններում փոքր երեխա ունեցողն էլ, որ դժվարությամբ է կաթնախառնուրդ գտնում, կամ ընդհանրապես չի գտնում շարունակում է պնդել, որ Արցախից այլ տեղ իր կյանքը չի գտնում, Ադրբեջանի կազմում էլ Արցախը չի տեսնում և պետք է պայքարը շարունակել վերջնարդյունքի հասնելու համար»։

Զգոն լինել ու հասկանալ պահի լրջությունը։ Առաջիկա կիրակի օրը Աստվածամոր Վերափոխման տոնին ընդառաջ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը երկուշաբթի օրվանից շաբաթապահքի հորդոր է հղել բնակչությանը Աստվածամոր բարեխոսությունը խնդրելու Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում։

Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։

ԱՄՆ-ի Արևելյան թեմում՝ Շառլոտում, Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի թեմի հորդորին հուշում է աղոթքի, խոնարհվելու զորության մասին․ «Աստծո խոսքը հենց Սաղմոսներում ասում է, որ սուրբ սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Շատերս ասում ենք, որ չգիտեմ ինչպես օգնեմ Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, հիմա ժամանակն է՝ հոգևոր սխրանքով, աղոթքով, պահեցողությամբ։ Ինչ իմանաս՝ դա ինչ հզոր օգուտ կլինի Արցախի համար։ Իսկ Արցախում ապրող իմ քույրերին ու եղբայրներին ասում եմ՝ ոչ մի տառապանք ի զուր չի անցնելու»։

Օգոստոսի 12-ին ժամը 19-ին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ժամանակ տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն