ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները: Ի դեպ, Իրանում ստորագրահավաք է մեկնարկել, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը։ Բավականաչափ ուշագրավ և իր տեսակի մեջ յուրօրինակ այս ակցիան նախաձեռնել է իրանական կայքերից մեկը։ Հաջակցություն ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախահայության, իրանական «Karzar.net» կայքում մեկնարկած նախաձեռնությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։

Իրանի հարևանությամբ գտնվող Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ դավանանքից կամ ազգությունից՝ ասվում է ի պաշտպանություն արցախահայության Իրանում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնության տարածած հայտարարությամբ։ Ստորագրահավաքը նախաձեռնել է գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։ Իրանական «Karzar.net» կայքում մեկնարկած նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ շեշտվում է, որ Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակումը Բաքվի կազմակերպած ցեղասպանական գործողություններից են Արցախի հայության նկատմամբ.

«Արցախում բնակվող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականորեն կազմակերպված և ծրագրված ցեղասպանություն…

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձև ընդունի, որը կպարտավորեցնի Բաքվին վերացնել Լաչինի անցակետի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգությունը»,–ասվում է նախաձեռնության հայտարարությունում։

Հայտարարությամբ հիշեցվում է նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանությունը։ Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարևորում է Իրանում մեկնարկած ստորագրահավաքը՝ նկատելով, որ Իրանում նման նախաձեռնությունները, մամուլի հրապարակումները վերահսկվում են իշխանությունների կողմից։

Արևելագետի դիտարկմամբ, վերջին շրջանում՝ ընդհանրապես, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ մասնավորապես, Արցախի ճակատագրի, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրանական մամուլի հրապարակումները բավականին հաճախակի են եղել։ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ իհարկե, դրան նպաստող գործոններից էր Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը։ Սակայն, ըստ փորձագետի, ստորագրահավաք նախաձեռնելու այս ակցիան կարևոր նրբություն ունի։ Այն աննախադեպ է, քանի որ որևէ այլ երկրում նման նախաձեռնություն չի եղել։

«Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ հումանիտար աղետին, Լաչինի միջանցքի արգելափակմանը վերաբերող հրապարակումները նվազագույն քանակությամբ են եղել իրանական մեդիայում վերջին ամիսների ընթացքում»,–շեշտում է Արմեն Պետրոսյանը։

Լաչինի միջանցքի արգելափակմանն Իրանն առաջին անգամ պաշտոնապես արձագանքել է շրջափակման մեկնարկից 9 օր անց՝ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին։ Իրանական լրատվամիջոցների հարցին ի պատասխան, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս էր հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով: Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև շեշտել էր.

 «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական իրականացումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։

Այս հայտարարությունից հետո՝ միջանցքի փակ լինելու թեմայով հրապարակումներ իրանական մամուլում այնքան էլ շատ չեն եղել։ Սա, ըստ փորձագետի, պայմանավորված էր հատկապես հունվարի վերջին, Թեհրանում Ադրբեջանական դեսպանատան վրա հարձակումից հետո հարաբերությունների բարելավման փորձերով։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ այդ փորձերն Իրանում ուղեկցվում էին նաև լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությամբ։ Այդուհանդերձ, Արցախի մասով, նրա փոխանցմամբ, զուգահեռաբար եղել են իրանական մամուլում որոշակի անդրադարձեր։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իրանական պաշտոնական արձագանքներն էլ գիտենք, որոնք առանցքային են եղել նաև իրանական մամուլի հրապարակումներում։ Կոնկրետ Արցախի մասով հրապարակումները նվազագույնն են եղել, իսկ վերջին շրջանում նկատելի է, որ բարձրաձայնվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված հումանիտար խնդիրները՝ արձանագրում է փորձագետը։ Պետրոսյանը կարևորում է նաև, որ Իրանում, ի պաշտպանություն Արցախի հայտարարություններից զատ, ստորագրահավաք է սկսվել, ինչը և աննախադեպ է․

«Այստեղ , իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու և դրա առանձին դրույթներ ընդհանրապես չկատարելու հանգամանքն է, որը որոշակի մտահոգություն է առաջացնում Իրանում, քանի որ փաստացի Ադրբեջանը ստացվում է ոչ «պայմանագրաունակ» պետություն է, իսկ միջազգային առանցքային խաղացողներն ու կազմակերպությունները, որոնք պետք է հետևեն միջազգային կարգի պահպանմանը, այդ թվում՝ առանձին պետությունների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, փաստացի աչքաթող են անում Ադրբեջանի նման վարքագիծը»։

Այսինքն, ըստ Արմեն Պետրոսյանի, Իրանում մտավախություններից մեկն էլ այն է, որ տարածաշրջանում կա մի պետություն, որը հնարավոր է նաև Իրանի ուղղությամբ իր նկրտումները փուլ առ փուլ փորձի իրականացնել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն