«Քանի դեռ ուշ չէ»՝ Արցախի նախագահի կոչը միջազգային հանրությանը․ ի՞նչ է ակնկալում Արցախն աշխարհից
Ավելի, քան ութ ամսվա շրջափակումից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ ուղերձով դիմել է միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կասեցնելու և շրջափակումը վերացնելու համար հրատապ գործողություններ ձեռնարկելու ակնկալիքով:
25 րոպեանոց ուղերձում Արայիկ Հարությունյանը հստակ ձևակերպել է ակնկալիքները տարբեր կազմակերպություններից՝ ՌԴ խաղաղապահներից մինչև ՄԱԿ ԱԽ անդամ պետություններ։
«Քանի դեռ ուշ չէ» համատեքստում Արցախի Հանրապետության նախագահը միջազգային հանրությանը հորդորում է իրապես գործել։ Այս պահին Արցախն աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ, անգամ միջազգային կառույցները մուտք չունեն այնտեղ․
«Արդյոք ձեզ համար հարց չի՞ ծագում, թե ո՞րն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյոք ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները»։
Եվրոպական կառույցներից, մասնավորապես Եվրոպական Միությունից արցախահայերը ակնկալում են պատժամիջոցներ և ճնշում Ադրբեջանի վրա ՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու համար։ Եվրոպայի Խորհրդին հորդորում են դիտարկել Ադրբեջանի հեռացումը կազմակերպությունից՝ Եվրոպայի Խորհրդի երեք հիմնասյուների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացահայտ և կոպիտ խախտումների համար․
«Հորդորում եմ՝ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից»։
Արցախի նախագահը հստակ ձևակերպել է ակնկալիքները տարբեր միջազգային կառույցներից և առաջին հերթին՝ միջնորդներից։ Արցախը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջում, որը կքննարկի իրավիճակը և բանաձև կընդունի՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ–ի ամբողջ համակարգից արցախցիները պահանջում են փաստահավաք առաքելություն։
Քաղաքական բանակցությունների համար պատասխանատու միջնորդներին ուղղված կոչը մի քանի կետով է։ Առանցայինը վերաբերում է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությանը․
«Առանց միջնորդների և գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում և օրինականացում։ Անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի վրա»։
Կարևորելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում, արցախցիները միաժամանակ կոչ են անում վերականգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը։ Այս հարցում, սակայն, պաշտոնական Մոսկվան չի ընդունում խաղաղապահների աշխատանքին առնչվող դժգոհությունները։ Փոխարենը՝ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը մեկնաբանել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասանելիության» մասին մյուս միջնորդների հայտարարությունները։ Զայցևի խոսքով՝ «խաղաղության օրակարգին առնչվող Հայաստանից և Ադրբեջանից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի»։ Նա հավելում է, որ «հարցի լուծման ճանապարհին անհրաժեշտ են որակյալ պայմանավորվածություններ, և գործընթաց պարտադրելու կարիք չկա»։ Մինչ այդ Դիվանագետների 14-րդ կոնֆերանսում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր՝ «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»։ Էրդողանը նաև հաստատել էր, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի համագործակցության շնորհիվ է հաջողվել վերահսկողություն հաստատել Ղարաբաղում։
Սրան զուգահեռ ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը մի շարք , այսպես ասենք՝ «խոստովանական» ցուցմունքներ է տվել։ Դրա վրա ուշադրություն են դարձնում Հայաստանի քաղաքական գործիչները։
«Հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,– «Թվիթերում» գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք»․ ադրբեջանցի դիվանագետի հարցազրույցից այս կարգի միջբերումներ անելով, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը պնդում է՝ Հայաստանը պետք է օգտագործի այդ բացառիկ ցուցմունքները․
«Ադրբեջանցի պաշտոնյան ուղղակի խոստովանում է, որ իրենք փակել են Լաչինի միջանցքը իրենց պայմանները Արցախում ապրող հայերին պարտադրելու համար: Այսինքն՝ մարդկանց սոված են պահում՝ ճնշում գործադրելու համար: Նման «խոստովանական» ցուցմունքներ Ադրբեջանում անում են բոլորը՝ Ալիևից սկսած մյուսներով վերջացրած»:
Միջազգային հանրությունից բացի Արցախը ակնկալիքներ ունի նաև Հայաստանից և Սփյուռքից։ Այն ձևակերպվել է 9 կետով։ Հայաստանից պահանջվում է հարցը անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձև ընդունելու ակնկալիքով, ինչպես նաև զգույշ լինել հրապարակային հայտարարություններում և գնահատականներում՝ կասկածի տակ չդնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ի դեպ՝ այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը, որը բարձրաձայնում են Հայաստանում։ Օրինակ՝ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը խոսում է հենց Արցախի քայլերի ակտիվացման անհրաժեշտության մասին․
«Արցախի խոսքն էլ քաղաքական բովանդակություն չունի։ Արցախը որպես իր ճակատագիրը տնօրինող սուբյեկտ այսօր չի ներկայացնում կամ չի գեներացնում մի օրակարգ, թե ինչպիսին է պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպիսի օրակարգ ինքը ունի ադրբեջանցիների հետ երկխոսելու, եթե տեսականորեն, այդ երկխոսությունը տեղի ունենա։ Եթե Արցախի հակամարտության կարգավորման հիմքում դրված է ինքնորոշման իրավունքը, Արցախը պետք է դառնար այս պայքարի առաջամարտիկը»։
Ինչ վերաբերում է Սփյուռքից Արցախի ակնկալիքներին, ապա դրանք Արայիկ Հարությունյանի ուղերձում ներկայացված են հինգ կետով։ Հիմնական հորդորը՝ ջանքերի համախմբումն է՝ իրենց բնակության երկրների իշխանությունների և հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախի նկատմամբ իրագործվող հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկելու դրանք կանխելու ուղղությամբ։