Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրանում է վերջնաժամկետը, երբ Ադրբեջանը, ըստ ՄԻԵԴ-ի պահանջի, տեղեկություն պետք է հայտնի երկրորդ առևանգված արցախցու՝ Ռաշիդ Բեգլարյանի մասին։ Նա Շուշիից տեղահանվել և 44-օրյա պատերազմից հետո հաստատվել էր Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Այստեղ նրա մասին որևէ տեղեկություն չունեն և բոլորն են անհամբեր սպասում են, թե ինչ է ասելու Բաքուն ՄԻԵԴ-ին։

Արցախում տպավորություն ունեն, որ Բաքուն իբր ադրբեջանցիներին ոչնչացնելու մեջ կարող է մեղադրել անգամ Արցախյան առաջին պատերազմից հետո ծնվածներին։ Բաքուն այդպիսի մեղադրանք էր ներկայացրել Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգած Վագիֆ Խաչատրյանին։ Նախօրեին Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխանցել հայկական կողմին։

Մինչ առևանգված երկրորդ արցախցուց տեղեկություններ ստանալը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնեց, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով տեղեկություններ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մոսին։ Եվրոպական դատարանից ստացված ծանուցումով տեղեկությունը փոխանցել են առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարազատներին։ Մինչև օգոստոսի 16-ը հայկական կողմը Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքորոշման վերաբերյալ իր առարկությունները կփոխանցի ՄԻԵԴ-ին։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյան. «Եթե դատարանը անհրաժեշտ կհամարի, որ պարտադրի Ադրբեջանին կոնկրետ անձին տեղափոխելու, ազատ արձակելու կամ որևէ ձևով նրան բուժման ենթարկելու, սա բացառապես դատարանի հայեցողության տիրույթում է լինելու։ Դատարանն ինքը կորոշի՝ արդյո՞ք անդառնալի կորուստ կարող է լինել։ Դատարանն անհաղորդ չէ այս տեղեկատվությանը։ Պրակտիկայում մեկ-երկու դեպք միգուցե կարելի է մտաբերել, որ դատարանը նման հստակ որոշում է կայացրել անձին որևէ երկրից այլ երկիր տեղափոխելու կամ ազատ արձակելու մասին»։ 



Հայաստանի առարկություններին ծանոթանալուց հետո ՄԻԵԴ-ը վերջնական որոշում կկայացնի։ Առևանգված արցախցու կրտսեր դուստրը՝ Վերան, միջազգային արդարադատությունից դրական ակնկալիք ունի, քանի որ Բաքվի քարոզչական կեղծիքները շատ ակնհայտ են։

 «Պետք է որ արդյունքի հասնենք»։

Բաքվի քարոզչական ստերն ամենևին էլ դժվար չէ միանգամից բացահայտելը։ Մինչ ՄԻԵԴ-ի վերջնական որոշումն էլ անձամբ է շարունակում մերկացնել Ադրբեջանական քարոզչական կեղծիքները. իր հայրը կապ չունի այն մեղադրանքների հետ, որն առաջադրել է Ադրբեջանի դատախազությունը։

 «Գոյություն ունենալ չի կարող ոչ մի ապացույց, որը կարող է հաստատել հորս՝ այդ դեպքերի հետ կապված լինելը, քանզի ոչ մի աղերս չունի Ադրբեջանի կողմից ներկայացված այդ հանցանքների հետ»։

Բաքուն, առևանգելով Վագիֆ Խաչատրյանին, նրան մեղադրել է իբր ադրբեջանցիների ցեղասպանություն կազմակերպելու մեջ։ Բաքուն նաև պնդում է, որ Վագիֆ Խաչատրյանն իր եղբոր՝ Իլյայի հետ է ադրբեջանցիների սպանդ իրականացրել։

«Գրված է, որ իր եղբոր՝ Իլյայի հետ, բայց հայրս Իլյա անունով եղբայր չունի։ Այսինքն, իրենք միաժամանակ ներկայացնում են «փաստեր» և իրենք էլ հերքում են»։ 

Օգոստոսի 10-ին, լրանում է վերջնաժամկետը, երբ Ադրբեջանը, ըստ ՄԻԵԴ-ի պահանջի, տեղեկություն պետք է հայտնի նաև երկրորդ առևանգված արցախցու՝ Ռաշիդ Բեգլարյանի մասին։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի առաջ հերթական պահանջը դրել էր Հայաստանի դիմումի հիման վրա։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝ Բաքուն, սովորաբար, ամենավերջին պահին է դատարանի առջև ստանձնած իր պարտավորությունները կատարում։



 «Սովորաբար, պրակտիկան այնպիսին է, որ Ադրբեջանը վերջին օրով է պատասխանում Դատարանի հարցադրումներին և, հաշվի առնելով նաև ժամանակային տարբերությունը դատարանի և մեր միջև, այդ պատասխանները երբեմն նաև աշխատանքային հաջորդ օրն են փոխանցվում ՀՀ-ին։ Այնպես որ՝ ակնկալում ենք, որ գոնե վաղը որոշակի արձագանք կստանանք դատարանից»։   

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է, որ որևէ տեղեկություն չունեն Բեգլարյանի մասին և իրենք էլ անհամբեր լուրերի են սպասում։ Մարդկանց առևանգումներից հետո Արցախում տպավորություն ունեն, որ Բաքվի իշխանությունները ադրբեջանցիներին իբր ոչնչացնելու մեջ կարող են մեղադրել անգամ Արցախյան առաջին պատերազմից հետո ծնվածներին։ 

 «Եթե ասեմ ինչ-որ վախ կա՝ չէ, բայց դե, միևնույնն է, էլի, ոնց էլ լինի՝ մարդիկ մտածում են, որ բոլորի հանդեպ էլ դա կարող են ստեղծել։ Նույնիսկ, որ մի 30 տարի առաջ, որ դեռ ծնված էլ չեն եղել, կարող է նրանց անունն էլ կարդան ու ասեն՝ դու էլ ես մասնակցել էդ «ցեղասպանությանը»։ Նրանց ստերի դեմն էլ առնող չկա»։

Ադրբեջանի կողմից առևանգված երկրորդ արցախցին՝ Ռաշիդ Բեգլարյանը, Շուշիից տեղահանված էր և 44-օրյա պատերազմից հետո հաստատվել էր Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն