Կառավարությունն այսօր Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ է հատկացրել։  Առողջապահության նախարարի խոսքով՝ ծրագիրը չափազանց մեծ պահանջարկ ունի։ Դրա շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է զարգացած երկրներում ծնելիության միջին ցուցանիշներին ։

3 կգ 130 գրամ, 50 սմ հասակ։ Երջանկության անունը՝ Գայանե։ Նորածինը 44-օրյա պատերազմի հերոս Ազատ Մաջարյանի քույրն է։ Քույր ունենալը երկու եղբայրների երազանքն էր։ Ազատը, սակայն, չհասցրեց ապրել այդ երջանկությունը։ 44–օրյա պատերազմը կիսատ թողեց 19–ամյա տղայի երազանքները։ Պատմում է Ազատի մայրը՝ Նարինե Գարիգորյանը։

«Երազում էր դատախազ դառնար, դրա համար հրաժարվեց հիվանդությունով ազատվել ծառայությունից։ Շատ պայքարի ձգտող տղա էր։ Ու երբեք դժվարություններից չխոսող։ Նույնիսկ մարտի դաշտից, որ հարցեր էի տալիս ասում էր, ամեն ինչ շատ լավ է»։

2020–ի հոկտեմբերի 24–ը ճակատագրական էր Ազատի համար։ Մարտունիում թեժ մարտերի ժամանակ է զոհվել։ Դրանից հետո ապրելը ծնողների համար դարձել էր անհնար։ Նոր ծնունդ էր պետք, ասում է Նարինե Գրիգորյանը։ Բայց նորից մայրանալ 50 տարեկանում չէր համարձակվում։

Սակայն կյանքը պետք էր շարունակել, ուստի դիմեց վերարտադրողական  օժանդակ տեխնոլոգիաների օգնությանը։

«Սկզբում բժիշկը չէր ուզում ասեր, որ աղջիկ է։ Մտածում էր տղայի կողմնակից եմ։ Բայց ինչու չէի ուզում տղա ունենայի, որովհետև նրա մեջ անընդհատ Ազատին էի փնտրելու ու չէի գտնելու։ Իսկ հիմա միայն Գայանեիս կտեսնեմ»։

2019 թվականից Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ երեխա ունենալու ծրագիր գործարկեց։  2020-ից հետո ծրագրի շահառու դարձան նաև 44 օրյա պատերազմում որդի կորցրած ծնողները։ Նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության  ծրագիրը։ Այն, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արդեն մեծ պահանջարկ ունի։ Արձանագրվում են բավարար արդյունքներ, որոնք համադրելի են միջազգային ցուցանիշերի հետ։ Ծրագրի գործարկումից մինչ օրս ծնված երեխաների թիվը կազմել է 31.6 տոկոս։ 2023 թվականին սպասարկվել և բուժման տարբեր փուլերում են գտնվում  2876 շահառուներ, արձանագրվել է 301 հղիություն, 9 զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 57 երեխա։

«Արդեն իսկ ակնհայտ է, որ 7 ամիսների ընթացքում մենք գրեթե կրկնակի հղիություններ ունենք, որքան որ 2022 թվականի ողջ ընթացքում»։

2023 թվականի հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող շուրջ 1500 զույգ դիմել է անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թվականի վերջը կանխատեսվում ներգրավել ևս 750 շահառուների։ Նախարարությանը ծրագրի շարունակության համար ևս  500 մլն դրամ  է պետք, կառավարության նիստում ասաց նախարարը։

«Ճիշտ ենք հասկանում, որ այս ընթացքում, ծրագրի փոփոխությունների արդյունքում այսօր ցանկացած կին, ով նման ցանկություն ունի՝ երեխա ունենալու, կարող է ծրագրից  օգտվել՝ անկախ սոցիալական ու ընտանեկան վիճակից: Ով ուզում է երեխա ունենալ, ո՞ւր կարող է դիմել։

-Այո՛, պարո՛ն վարչապետ, 36 տարեկանը լրացած, երկու տարի և ավելի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք հնարավորություն ունեն դառնալ այս ծրագրի շահառու՝ անկախ որևէ կարգավիճակից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր շահառուների համար սահմանված տարիքային շեմն ինչով է պայմանավորված։ Առաջարկեց նախարարին տարիքի հետ կապված ուսումնասիրություններ կատարել ու սահմանափակումը հանել ։

«Մարդը 18 տարեկանից չափահաս է դառնում և իրավունք ունի մտածելու երեխա ունենալու կամ չունենալու մասին։ Ինչպե՞ս է որոշվել 36 տարեկանը։ Կառավարությունը քաղաքականություն է մշակում, և մարդն ինքն է որոշում օգտվի դրանից, թե՞ ոչ։  Մենք ստեղծում ենք հնարավորություն։ Մնացածն ինքը պետք է որոշի»։ 

Առողջապահության նախարարությունն այժմ փորձում է ծրագիրը հասանելի դարձնել նաև հանրապետության մարզերում։ Առաջիկայում մարզկենտրոններում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ։ Կսկսեն Գյումրիից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն