Շուրջ 3730 արցախցի բնակարանային աջակցության հավաստագիր է ստացել
Տեղահանված շուրջ 3730 արցախցի արդեն Հայաստանի կառավարության կողմից բնակարանային ապահովման աջակցության հավաստագիր է ստացել․ 100-ից ավելի հայտեր էլ առայժմ ուսումնասիրվում են․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասում է՝ ի սկզբանե ծրագրի շահառուների թիվը 4100–ից ավելի է հաշվարկվել․ դրանք Արցախի Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի և Քաշաթաղի շրջանների բնակիչներն են, որոնք 2020-ի պատերազմից հետո տեղահանվել են։
«Աջակցությունը հիպոթեքային վարկավորման տեսքով է, այսինքն բոլոր այն ընտանիքիները, որոնք ստանում են համապատասխան հավաստագիրը այդ հավաստագրով կարող են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն և, եթե արժեքները սահմանված սահմանաչափում են, պետությունը թե՛ մայր գումարի՛ թե տոկոսադրույքների մասով մարումները իրականացնում է»,– ասում է Գայանե Ղարագյոզյանը։
Ծրագիրը կառավարության կողմից մշակվել ու ընդունվել է 2022–ի փետրվարին և հնարավորություն է տալիս այդ ընտանիքներին պետության աջակցությամբ բնակարաններ գնել ՀՀ–ում և Արցախում։ Ի դեպ՝ պետությունը խրախուսում ու ավելի մեծ օժանդակություն է տարամադրում հատկապես մարզերում և Արցախում բնակարաններ գնելու համար։
«Սահմանաչափերը հետևյալն են՝ Երևանում գույք ձեռք բերելու դեպքում մայր գումարի մասով մինչև 8 միլիոն և դրա նկատմամբ հաշվեգրովող մինչև 8 տոկոս, ՀՀ մարզային բնակավայրերում մինչև 10 միլիոն մայր գումար և դրան հաշվեգրվող մինչև 10 տոկոս։ Վերջերս սահմանեցինք նաև 48 գյուղական բնակավայր, որտեղ բնակգույք ձեռք բերելու դեպքում աջակցությունը մայր գումարի մասով մինչև 12 միլիոն է և դրա նկատմամբ հաշվեգրվող 12 տոկոս։ Սահմանամերձ բնակավայրերում՝ 14 միլիոն և 13 տոկոս և սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու դեպքում մինչև 16 միլիոն մայր գումարի գծով և 13 տոկոս»։
Այսինքն, այն ընտանիքները, որոնք ունեն համապատասխան հավաստագիրը մոտենում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկեր կամ վարկային կազմակերպություն սկսում հիփոթեկային վարկավորման գործընթացը և բարեհաջող ավարտելու դեպքում ամսական մարումները իրականացնում է պետությունը։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը, սակայն, նկատում է՝ ծրագրում բազմաթիվ թերություններ կան, շահառու ընտանիքները հաճախ են խնդիրների առաջ կանգնում՝ բանկերի հետ գործարքներ կատարելուց մինչև համապատասխան արժեքով բնակարան գտնելը։
«Բանկերը մեզ վերաբերում են ոչ թե տեղահանված անձանց, որոնք եկել են այստեղ ու մնացել են բառիս բուն իմաստով փողոցում, այլ դիտարկում են մեզ որպես շարքային շահառուի։ Ես վախենում եմ, որ այս ծրագրի վերջում մենք շատ տխուր պատկեր կունենանք, որ նույն այդ տները, որ քաղաքացիները ձեռք են բերել, կմնան բանկերին քաղաքացիների ունեցած վարկային պարտքերի պատճառով»,– ասում է արցախցի կինը։
Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում առաջացած գնաճը ավելի է բարդացրել առանց այն էլ բնակարան գտնելու բարդ գործընթացը՝ շեշտում է քաշաթաղցի կինը։ Նա կարծում է, որ պետությունը ոչ միայն պետք է վերանայի աջակցության չափը, այլև սուբսիդավորի կանխավճարը։
«Ճիշտ կլիներ կարիքների գնահատում արվեր, մարդիկ կային, որ ունեին տուն, որ փողոցում չէին մնացել, կային շահառուներ, որ վերջին տարիներին Արցախում չէին էլ ապրում, կային շահառուներ, ում համար բարերարները արդեն տուն կառուցել էին և պետք էր ու կարելի էր ավելի լայն համագործակցել ու ճիշտ գնահատում իրականացնել»։
Քիչ չեն արցախցիները, որոնք այս փուլում չեն կարողանում օգտվել ծրագրից փաստաթղթային խնդիրների պատճառով՝ նկատում է Կարինե Մովսեսյանը։ Հաճախ բանկերը կամ նոտարական ծառայությունները փաստաթղթերի օրիգինալներն են պահանջում, բայց շրջափակման պատճառով դրանք Երևան հասցնելն անհնար է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արձագանքում է՝ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ խնդիրը գոնե ժամանակավորապես լուծելու համար։
«Այսինքն, կոնկրետ փուլում հավաքագրվում են բոլոր բողոքները և դիտարկումները շահառուներից բանկերից ուսումնասիրվում են և ամրագրվում են հերթական փոփոխությամբ, մեր վերջին փոփոխությունեը եղել է հունիս ամիսն, որի շրջանակում մենք կանխավճարի չափն ենք փոքրացրել, 40–ից ավելի գյուղերի ցանկն ենք ամրագրել, որտեղ աջակցությունը ավելի է, բացի այդ Հավաստագրերի գործողության ժամկետն է երկարաձգվել»,– մանրամասնում է Ղարագյոզյանը։
Գոյության ավելի քան 1 տարվա ընթացքում ծրագրում ավելի քան 5 փոփոխություն ու բարեփոխում է իրականացվել՝ շեշտում է Գայանե Ղարագյոզյանը, պատրաստ են հետագայում ևս փոփոխություններ անել կամ երկարաձգել հավաստագրերի գործողության ժամկետը, եթե դրա օբեկտիվ անհրաժեշտությունը լինի։