Վաշինգտոնը չի պատրաստվում զիջել Թեհրանին ու չեղարկել պատժամիջոցները։ Այդ մասին հստակ ուղերձ նախօրեին հնչեց ԱՄՆ-ից։ Ըստ փորձագետների՝ Վաշինգտոնը չի ներում Թեհրանին՝ Մոսկվայի հետ ջերմ հարաբերությունների համար։ ԱՄՆ-Իրան չկարգավորվող հարաբերությունների համատեքստում Ռուսաստանն ու Իրանն ավելի հեռուն են գնում, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, Մոսկվան ու Թեհրանը մի կողմ են թողնում էներգետիկ ոլորտում մրցակցությունն ու գազային հանգույց ստեղծում, խորացնում առևտրատնտեսական կապերը Պարսից ծոցում՝ Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ։ Ուշագրավ է, որ այս զարգացումների խորապատկերին նախօրեին Հայաստանն ու Իրանը նոր պայմանագրով մինչև 2030 թվականը երկարաձգեցին գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը։

Այն, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Իրանի հետ համագործակցել ոչ մի ասպարեզում, իրանցի փորձագետների համար անակնկալ չէ։ Նրանք նկատում են, որ նոր ձևավորվող աշխարհակարգը ստիպում է Իրանին՝ չենթարկվել ԱՄՆ-ի կամքին ու համագործակցել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Եվ ահա, Իրանում երկու օր առաջ քննարկվել են Իրան-BRICS համագործակցության հեռանկարները։ Այդ նպատակով Իրան կատարած աշխատանքային այցի ժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.

«Մոսկվան ու Թեհրանը կզարգացնեն համագործակցությունը՝ հակառակ այն ոչնչացնելու Ռուսաստանի ու Իրանի թշնամիների փորձերին։ Դրա համար մենք ունենք քաղաքական վճռականություն։ Այդ համագործակցության արդյունքը կտեսնեն նաև մեր զինվորականները»։

Ռուսաստանի հետ էներգետիկ հանգույց ստեղծելու շուրջ պայմանավորվածությունը համագործակցության նոր օրինակ է՝ ասել է Իրանի նավթի արդյունաբերության փոխնախարարը։ Այդ նախագծին միանալու ցանկություն ունեն նաև Քաթարն ու Թուրքմենստանը։ Նման համագործակցությունները պատժամիջոցները մեղմելու միջոց են՝ ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։

«Անօրինական ու դաժան պատժամիջոցները զրկել են մեզ մեր ամբողջ  ներուժը իրացնելու հնարավորությունից։ Իրանը շահագրգիռ գործընկերներին, այդ թվում՝ BRICS-ին առաջարկում է համագործակցություն բազմամոդելային տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի ոլորտներում»։

Ըստ փորձագետների, ռուս-իրանական գազային այս համագործակցությունը նշանակալի իրադարձություն է, հաշվի առնելով, որ Իրանն ու Ռուսաստանն ավանդաբար տարածաշրջանում համարվել են գազային մրցակիցներ։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյան. «Սա, ըստ էության, աննախադեպ երևույթ է։ Իրանը և ՌԴ-ն մեկ մակարդակ ավելի են բարձրացնում երկկողմ համագործակցությունը, որը այսօր ևս ընթանում է. այդ համագործակցությունը բազմաշերտ է, ընդհուպ մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Այս ամենից նաև Հայաստանը կարող է շահել որպես երկիր, որը միակ ցամաքային սահմանն ունի Իրանի հետ։ Նաև Ռուսաստան-Իրան տնտեսական համագործակցության համատեղ ներդրումային ծրագրերի հարցում Հայաստանը ևս կարող է իր բաժին օգուտը ստանալ»։ 

Ըստ փորձագետների՝ Իրանն ու Ռուսաստանը ամենամեծ էներգետիկ պոտենցիալն ունեն աշխարհում և, եթե համագործակցեն, կարող են երաշխավորել էներգետիկ անվտանգությունն աշխարհում։

 «Չմոռանանք, որ BRICS-ը հիմնականում այն երկրներն են, որոնք խնդրահարույց հարցեր ու հարաբերություններ ունեն առաջին հերթին Միացյալ Նահանգների և բովանդակ Արևմուտքի հետ։

Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ եթե անգամ ԱՄՆ դաշնակից համարվող Սաուդյան Արաբիան է վերջին շրջանում BRICS-ի անդամ դառնալու հայտ ներկայացրել, դա նշանակում է՝ ականատես ենք լինում միաբևեռ աշխարհի փլուզմանն ու բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը։ Իրանից հայտարարել են, որ գազի առևտրի ոլորտում Իրանը նաև բանակցել է Օմանի և Պակիստանի հետ։ Իրանի նավթի արդյունաբերության փոխնախարարը վստահեցրել է, որ իրանական գազով հետաքրքրված են նաև եվրոպական երկրները։

Ուշագրավ է, որ այս զարգացումների համատեքստում օրերս Հայաստանն ու Իրանը «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2030 թվականը։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ընդգծեց, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։

 «Գազ-էլեկտրաէներգիա համագործակցության այս ուղղությունը մեր առանցքային ուղղություններից մեկն է։ Նաև բավական հաջողված ուղղություն է փոխադարձ կարիքները համալրելու առումով»։

Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար էլ։ Կողմերում այդպիսի համագործակցությունն օրինակելի են համարում։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա։ Ի դեպ, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ամենայն հավանականությամբ կավարտվի հաջորդ տարի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն