Այսօր լրանում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Պայթյունը 16 մարդու կյանք խլեց, այդ թվում` մեկ երեխայի: Մեկ անձ մինչ օրս անհետ կորած է համարվում։ Պայթյունից մեկ տարի անց զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից։ Դժգոհ է նաև տուժողներից երկուսի իրավահաջորդների փաստաբանը, քանի որ քննիչը հայտարարել է նախաքննության ավարտի մասին և յոթ օր ժամանակ է տվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Փաստաբանը գտնում է, որ 46 հատոր, որոնցից յուրաքանչյուրը 300 էջ է, ուսումնասիրելու համար այդ ժամկետը բավարար չէ։

 Նշենք նաև, հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ընկերության տնօրենը, փոխտնօրենը և այն 3 տնտեսվարողները, որոնց պահեստում է որոտացել պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է մեկ անձ:

Առավորտից «Սուրմալու» տոնավաճառի մուտքերի մոտ ծաղկեպսակներ էին դրված։ Տոնավաճառի աշխատակիցներն օրն սկսել էին՝ խնկարկելով մեկ տարի առաջ տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը։ Ծանր ողբերգությունը տարելիցի օրը տոնավաճառի աշխատակիցների հետ վերապրում էին նաև հաճախորդներն ու անգամ անցորդները։

«Չեմ կարա ոչինչ ասեմ, չէ։ Ի՞նչ ասեմ։ 23 տարի է էստեղ աշխատում եմ, շատերին ճանաչել եմ, շատ վատ էր, որ խոսեմ՝ շատ վատ եմ զգալու, հետո էլ լաց լինեմ։ Նեվրոզ ունեմ՝ դեղերով եմ»,-ասում է «Սուրմալուի» վաճառողներից մեկը։

Տոնավաճառի 23 տարվա աշխատակիցն ասում է, որ ողբերգությունից հետո «Սուրմալուն» է՛լ նախկինը չէ։ Թեպև հիմա առևտրի համար ամենահարմար սեզոնը չէ, բայց, զգացվում է, որ խնդիրը դա չէ։ Ասում է՝ չկա նախկին աշխուժոթյունը, չնայած վստահ է, որ վտանգավոր որևէ բան էլ չկա․

«Մարդիկ վախենում են, չեն գալիս։ Իրոք՝ չեն գալիս։ Արդեն ապահով ա, բան չկա տրաքելու, բայց դե՝ մարդիկ գնացին, կորան»։

«Սուրմալուի» պայթյունից մեկ տարի անց զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից։ Հրդեհից զոհված 72-ամյա Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Համբարձում Հայրապետյանն ասում է՝ դեպքի իրական մեղավորները չեն պատժվել, փոխարենը կալանքի տակ են անձինք, որոնք ուղղակի ենթականեր են եղել․

«Ոչ մի արդյունք չունենք: Գործով ունենք 5 մեղադրյալ: Այն, ինչ տուժողի իրավահաջորդներն են ուզում, պարզաբանված չէ: Կան մարդիկ, որոնք իրականում պատասախանատվություն չեն կրում: Իրականում առևտրի կենտրոնում վառոդ ներմուծող է եղել, հենց պահեստավորված վիճակում է եղել, արձանագրություն է կազմած եղել, որ պետք է մեկ շաբաթվա ընթացքում էդ վառոդը հեռացնել, 10 օր հետո էդ պայթյունը եղել է, սակայն այդ անձը որևէ կարգավիճակ չունի»:

Տուժողների իրավահաջորդներն իրենց ունեցած տեղեկությունները փոխանցել են ԱԱԾ քննիչին: Համբարձում Հայրապետյանն ասում է, որ վառոդի մասով քրեական վարույթ է նախաձեռնված, բայց որևէ տեղաշարժ չկա:

Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հայրը՝ Վահագ Եղոյանը նույնպես դժգոհ է։ Ասում է, որ իրենց պահանջը իրական մեղավորներին գտնելն ու պատժելն է․

«Այն մարդիկ, որոնք կանգնած են այս գործի հետևը, նրանց մասին չի գնում ընդհանրապես խոսակցություն»: 

Նախքան պայթյունը կենտրոնում տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների շուրջ 5 տասնյակ խախատումներ էին հայտնաբերվել։ Իսկ օգոստոսի 14-ի ողբերգական պայթյունից հետո ստուգումների արդյունքում առևտրի կենտրոնում 66 խախտում էր հայտնաբերվել։

Գործով մտահոգություն է հայտնել նաև տուժողների իրավահաջորդների փաստաբան Ավագ Լալայանը. «Մենք այս փուլում չգիտենք, պահեստում, օրինակ, վերացված են եղել այդ խախտումները, թե՞ վերացված չեն եղել։ Այսինքն, եթե այս պահանջները պահպանված լիներ հնարավոր է, որ կյանքը հնարավոր լիներ փրկել։ Մենք գտնում ենք, որ այստեղ ոչ միայն սեփականատերների խնդիր է։ Իհարկե, սեփականատերերինը նույնպես։ Մենք գտնում ենք, որ բոլոր սեփականատերերը և այնտեղ շահ ունեցող և շահագրգիռ անձինք, որոնք ըստ էության եկամուտ են ստացել այդ առևտրի կենտրոնից, նրանց բոլորի քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը պետք է քննարկման առարկա դառնար։ Տուժող կողմը գտնում է, որ բոլորի, որոնց լիազորությունների մեջ ընդգրկված է եղել այդ անվտանգության կանոնները պահպանելուն հետևելը, վերահսկելը, և խախտումները վերացնելու նկատմամբ հսկողություն իրականացնելը, նրանց բոլորի գործողությունների նկատմամբ պետք է ըստ էության քննություն իրականացվի»։   

17 անձի, այդ թվում՝ 1 երեխայի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ քրեական վարույթով որպես տուժող է ճանաչվել շուրջ 150 անձ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ, իսկ «Երևանի պահածոների գործարան» ընկերության տնօրեն Իրինա Մադաթովայի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Կառույցից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է: Ըստ Գլխավոր դատախազության՝ տուժող է ճանաչվել ոչ թե 150, այլ շուրջ 200 անձ:

2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առիթով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել է ԱԱԾ-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն