Ծնունդների թիվը Հայաստանի Հանրապետությունում ավելանում է, մահերը, ամուսնություններն ու ամուսնալուծությունները պակասում։ Ազգային վիճակագրական ծառայությունը դեմոգրաֆիական նոր տվյալներ է հրապարակել։ Ժողովրդագիրներն առայժմ չեն շտապում եզրակացնել, թե ինչով է պայմանավորված այս պատկերը։

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ–ում ծնվել է 16 939 երեխա, ինչը 2.6 % ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարի երկրում 16 511 երեխա էր ծնվել։

Ազգային վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան․

«Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է 11.05 երեխա նախորդ տարվա 11.02-ի դիմաց։ Նվազել են մահացության ցուցանիշները գրեթե 15% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երկրում արձանագրվել է 12 472 մահվա դեպք, և այս երկու ցուցանիշների արանքում բնական հավելաճի ցուցանիշը մեր երկրում կազմել է 4467, կամ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ավելի քան 3 միավոր, այսինքն, եթե մի քիչ կոպիտ հաշվարկով, եթե ասենք՝ 1000 բնակչի հաշվով բնական ճանապարհով 3 մարդով ավելացել է»։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ձեռնպահ մնաց գնահատել ժողովրդագրական ցուցանիշները կարճ ժամանակահատվածի համար, քանի որ ծնելիության աճը կարող է պատահականության հետևանք լինել ․

«Դա ուրախացնող երևույթ է, եթե լինի շարունակական միտումի սկիզբ, որ եթե հիմա ավելացել է 2 % , հետո էլի կավելանա ու կշարունակի ավելանալ, բայց չեմ կարծում, թե հիմա մենք նման հնարավորություն ունենք, իմանալով մեր ընդհանուր իրավիճակը։ Դա կարող է պայմանավորված լինել բնակչության սեռատարիքային կազմում տեղի ունեցած փոփոխություններով, այսինքն՝ պատճառներից մեկը կարող է լինել պտղաբեր կոնտինգենտի, տարիքն անցածների թվաքանակի մեծացումը։ Չեմ կարծում, թե հեղափոխական միջոցառումներ են ներդրվել, որոնք կարող էին բերել նման տեղաշարժ»։

Ծնելիության աճին անդրադարձել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա կարծում է, որ ժողովրդագրական վիճակը բարելավվում է, ինչը կարևոր է, քանի որ 2022 թվականին 2021–ի համեմատ ծնելիության անկում է եղել:

Նախկին նախարարը ծնելիության ցուցանիշի աճը կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է համարում:

Ազգային վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նույնպես նշում է, որ դժվար է կարճ ժամանակահատվածի համար հստակ գնահատել, թե ինչով է պայմանավորված ծնունդների աճը, սակայն շեշտում է, որ ավելացել են հատկապես ընտանիիք 3-րդ և 4-րդ երեխաների ծնունդները․

«2022 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է, որ երրորդ և ավելի երեխաների մասնաբաժինը ընդհանուր ծնունդների թվաքանակում ավելացել է, իսկ դա շատ կարևոր ցուցանիշ է, մոտավորապես ծնունդների շուրջ 33% երրորդ և դրանից բարձր ծնունդներն են։ Դա նշանակում է, որ եթե միայն երրորդ երեխաների մասին ասենք, ապա նախորդ տարվա մասնաբաժինը եղել է 24.07, այս տարվանը 25.05 : Եթե չորրորդ երեխաների մասնաբաժինը 21 թվականին եղել է 5%, 2021թ 5.07 %, այսինքն՝ 3-րդ և 4-րդ երեխաների թիվը ավելանում է»։

Կարինե Կյումջյանը նաև նկատում է, որ այս տարվա առաջին կիսամյակում ամուսնությունների 1.5 % նվազում կա՝ 2023 թվականի առաջին վեց ամսում կնքվել է 7806 ամուսնություն, այն դեպքում, երբ 2022 –ին այդ թիվը եղել է 7926։

Պակասել է նաև ամուսնալուծությունների թիվը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն