Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու 65 «թափուր» տեղի համար պայքարելու է ավելի քան 810 թեկնածու։ Գրանցված 13 կուսակցության ու 1 դաշինքի ընտրական ցուցակներում ոչ միայն քաղաքական գործիչներ ու գործող ավագանու անդամներ են, այլև ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ՝ ֆուտբոլիստից մինչև ուսուցիչ, վարսավիրից մինչև անվտանգության աշխատակից ու կոշկակար։ Ի դեպ՝ նախնական տվյալներով սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ընտրության իրավունք ունի շուրջ 825 հազար երևանցի։

Ատամնատեխնիկ, դիզայներ, խաղավար ու ֆուտբոլիստ, փականագործ, վարորդ ու կոշկակար․ նրանք մի քանիսն են այն 817 քաղաքացիներից, որոնք որոշել են այս կամ այն կուսակցության ընտրական ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ 14 քաղաքական ուժերը գրանցումից հետո 3 օրվա ընթացքում ընտրական ցուցակներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոնցում առանձին սյունակով որոշ տեղեկություններ են փոխանցել ավագանու անդամի թեկնածուների մասնագիտության ու զբաղվածության մասին։



Մայրաքաղաքի կառավարմանը հավակնող քաղաքական ուժերից «ամենաբազմաոլորտը» թերևս «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն է։ Բիզնեսի կառավարման մասնագետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած ցուցակով ավագանու անդամի հաստիքի համար պայքարելու են փայտամշակ վարպետը, բանկերից մեկի անվտանգության աշխատակիցը, ատամնաբույժը, բալետի արտիստը, պարուսույցը, դպրոցի զինղեկը, խանութի վաճառողուհին ու վարորդը և հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանը։

«Մեր թիմը պատրաստ է ստանձնել այս առաքելությունը և առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելով ամրապնդել ու ուժեղացնել նաև Երևանը հետո նաև Հայաստանը և Արցախը, քանի որ Երևանը ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության մայրաքաղաքն է»,– ասում է «Ապրելու Երկիր» կուսակցություն, համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Ընտրական ցուցակներում քիչ չեն նաև գործազուրկները։ Ընտրություններին մասնակցող միակ դաշինքի՝ «Մայր Հայաստանի» ավագանու անդամի թեկնածուների կեսից մի փոքր ավելին չի աշխատում։

Հայերին ոտքի կանգնելու կոչ անող քաղաքական ուժի սաունդթրեքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն է երգում, մինչդեռ ընտրական ցուցակում նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի Աննա Ավետիսյանն է ընդգրկված։



«Ես իմ թիմի հետ մասնակցելու եմ Երևանի ավագանու ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, մեր թիմը չունի սեփական օլիգարխներ, չունի լրատվամիջոցներ, չունի վարչական լծակներ, մեր միակ հարստությունը դուք եք, երևանցինե՛ր»,– հայտարարեց Հայկ Մարությանը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված ցուցակի՝ այս պահին չի աշխատում նաև 2021-ին պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ, հիմա արդեն «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։ Աշխատանք չունի նաև Մարությանի հետ ընտրությունների գնացող 71 թեկնածուների կեսից մի փոքր ավելին։

Սեպտեմբերյան ընտրություններում «ամենագաղտնապահը» թերևս «Հանրային ձայն» կուսակցությունն է։ 45 թեկնածուներից 30-ի աշխատանքը պարզապես նշված չէ․ համապատասխան տողում գրված է՝ չկա։ Կալանքում գտնվող Արտակ Գալստյանի գլխավորած ընտրական ցուցակում սուպերմարկետի անվտանգության աշխատողի, կոշկակարի, մանկապարտեզի դաստիարակի կողքին ավագանիում լինելու համար պայքարում է «Յանդեքս» տաքսի ընկերության սեփականատեր Ալբերտ Մովսեսյանը։



Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենամեծ ցուցակով՝ 181 թեկնածուներով, ընտրապայքարի մեջ կմտնի իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ավինյանի գլխավորած ցուցակում հիմնականում պաշտոնյաներ են, վարչական շրջանների ղեկավարներ, գործող ավագանու անդամներ և նրանց կողքին՝ նաև տիկնիկային թատրոնի դերասան ու բալետի արտիստ։

Ամենափոքր ցուցակը «Հաղթանակ» կուսակցությանն է։ «Վիկտորի պլանով» երևանցիներին գրավել փորձող ուժի ցուցակում ավագանու անդամի ամենաերիտասարդ թեկնածուն է․ 20–ամյա ինժեների հետ այս ցուցակում են նաև անկուսակցական բարմենը և ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը վստահ է՝ ավագանու յուրաքանչյուր անդամ պետք է նեղ ոլորտային համակարգում իրականացնի։

«Այսօրվա ավագանին չասեմ անօգուտ է, բայց էֆեկտիվ չէ։ Մեր աշխատանքի առաջին իսկ օրվանից մենք պետք է փորձենք համակարգային խնդիրներին լուծում տալ, պետք է փորձենք Երևանի մասին օրենքն ընդհանրապես փոփոխության ենթարկել և ավագանիում ունենալ ոչ թե 65 հոգի, այլ՝ գուցե ավելի շատ կամ ավելի քիչ անդամ»,– ասում է Մնացականյանը։



Կիուկուշին կարատեի անհատական մարզիչը՝ «Լուսավոր Հայաստան», իսկ Ոստիկանության կրթահամալիրի ֆիզպատրաստության մարզիչն ու Գանձասար ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ընտրացուցակում են։ Արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ավագանու անդամի հաստիքի համար սեպտեմբերի 17-ին պայքարելու են նաև խոհարարը, «Հայկական ավիաուղիներ»–ի դիսպետչերը, և Մայր բուհի բուժկետի պատասխանատուն։ Սակայն Զեյնալյանը խոստանում է Երևանի կառավարման համար օգտագործել նաև արհեստական ինտելեկտը։

«Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, իսկ այդ գիտելիքները մենք ունենք։ Մենք ներդնելու ենք մեր ժամանակը։ Մենք արհեստական ինտելեկտն ենք ներդնելու կառավարման մեջ, ինժեներներ ենք ներգրավելու, որ մեր ջանքերը բազմապատկենք»։

Ընտրողներին նախընտրական կարգախոսով «եվրավերանորոգում» խոստացող «Հայաստանի եվրոպական» կուսակցության ընտրացուցակը «ամենակուսակցականացվածն» է․ Ցուցակում ընդգրկված 24 թեկնածուներից միայն մեկը՝ վերջին համարն է անկուսակցական։ Ի դեպ, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակով ավագանիում հայտնվելու համար է պայքարում նաև դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը։

Խճանկարն այսպիսինն է՝ 13 կուսակցություն, 1 դաշինք, 1 քաղաքապետարան, ավագանու 65 անդամ,  շուրջ 824 հազար ընտրող ու 810-ից ավելի թեկնածու․ ինչպես հայտնի երգում է ասվում․ «Հենց այսպես էլ ապրում ենք»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն