Էրդողանը չհամոզեց Պուտինին․ հացահատիկի գործարքն այլ տեսք կստանա
Էրդողան-Պուտին նախօրեի հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ չստորագրվեց։ Թուրքիայի նախագահը չկարողացավ նաև Պուտինին համոզել՝ վերադառնալ ցորենի գործարքին։ Գնահատելով, ըստ էության, անարդյունք հանդիպումը՝ փորձագետները կարծիք են հայտնում, որ այսպիսով Էրդողանի տարածաշրջանային համբավի մասին միֆը հօդս ցնդեց և նա վատ իրավիճակում է հայտնվել։
Ի սկզբանե նախատեսված էր, որ ՌԴ նախագահ Պուտինը պետք է մեկնի Թուրքիա, սակայն չեղարկվեց այդ մտադրությունը, որից հետո Էրդողանը որոշեց, որ ինքը կմեկնի Պուտինի հետ հանդիպման։ Ի մի բերելով վերջին շրջանի անցուդարձն ու նախօրեին կայացած Էրդողան-Պուտին հանդիպման մասին տեղեկատվությունը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է, որ այդպիսով Էրդողան- Պուտին հանդիպումն անարդյունք էր․
«Համենայնդպես մեկ ու կես ժամ տևած հանդիպումն անարդյունք էր։ Երեկ երեկոյից դրա մասին են խոսում նաև Էրդողանի քաղաքական հակառակորդները՝ իրավացիորեն նկատելով, որ Էրդողանի տարածաշրջանային համբավի մասին միֆը հօդս ցնդեց»։
Էրդողանը Արևումտքին խոստացել էր, որ կհամոզի իր ընկեր Պուտինին, գոնե հացահատիկի գործարքի մասով՝ նկատում է թուրքագետը։ Տեղի ունեցած հանդիպման շատ կարևոր խնդիրներից մեկը հենց այդ առաքելության մեջ Էրդողանի հաջողելն էր, որը նույնպես, ըստ էություն, կյանքի չկոչվեց՝ նկատում է Կարեն Հովհաննիսյանը։
Ի դեպ, Ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով թույլատրող գործարքը կնքվել էր Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ 2022 թվականին: Սակայն հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ գործարքից։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումից հետո կարևոր հայտարարություն կանեն սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին։ Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ցորենի գործարք որպես այդպիսին չի լինի, բայց այս պահին տարբեր նախագծեր կան Ռուսաստանի ներգրավմամբ և ձևը կարող է պարզապես փոխվել ու ցորենը միջազգային շուկա մուտք կգործի։ Դասավորվածությունն ու քաղաքական հետևանքները այլ կլինեն՝ նկատում է։
«Էրդողանը կարող է մասնակիորեն լինել միջնորդ՝ ցորենի մյուս հատվածի համար, որովհետև ամեն դեպքում նա շատ է շահագրգռված և այս պահի դրությամբ ունի որոշակի ֆինանսական աջակցություն Էմիրություններից։ Այսպիսով մասամբ նա կարող է պահպանել իր դերը, բայց, բոլոր դեպքերում այդ դերը նվազելու է։ Իհարկե՝ «հին ֆորմատով» դա չի շարունակվելու»։
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ արդյունքում Էրդողանը հայտնվել է շատ վատ իրավիճակում. հօդս է ցնդել տարածաշրջանում հարց լուծողի նրա համբավը․
«Կկարողանա՞ արդյոք ամեն տեղ իր հեղինակությամբ հպարտացող և հարցեր լուծողի համբավը պահպանել, ընտրություններին, Արևմուտքին տված խոստումները կատարել, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ չի կարողանա այս փուլում։ Իսկ Պուտինից մերժում ստանալուց հետո, կարծում եմ գազազելու է և ավելի կոշտ դիրք կարող է ընդունել ՌԴ-ի հանդեպ։ Առաջիկա եթե ոչ օրերին, ապա շաբաթների ընթացքում պարզ կլինի»։
Նման հանդիպումները շատ հաճախ է լինում, որ արդյունք չեն ունենում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց «Կովկասի» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Սակայն նա կարծում է, որ Էրդողան-Պուտին հանդիպումն այդ շարքից չէ․
«Այն, որ արդյունքի մասին հրապարակումներ չկան, չի նշանակում, որ արդյունք չի եղել։ Այսինքն, կան թեմաներ, որոնց մասին ընդունելի է խոսել բաց և որոնց մասին խոսվեց՝ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները, տնտեսական հարցեր և այլն։ Ու կան թեմաներ, որոնք քննարկվել են փակ դռների ետևում և չեն բացահայտվել, և մենք հստակ չգիտենք դրանց արդյունքները՝ բովանդակությունը, բայց կարող ենք ենթադրել»։
Ըստ փորձագետի՝ այդպիսի հարցերի թվում է Արցախի հարցը, նաև՝ համոզված է, որ հայ-ադրբեջանական օրակարգն էլ է ամբողջությամբ քննարկվել։ Չի բացառում, որ որոշակի որոշումներ էլ են ընդունվել։ Նկատելով, որ այս ընթացքում նաև Իրանի և Թուրքիայի միջև են տեղի ունենում ինտենսիվ խորհրդակցություններ՝ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ այդ ամենը վկայում է՝ մեծ հավանականությունը, որ լուրջ քաղաքական գործընթացներ կան, ինչը պետք է հաշվի առնել, քանի որ դրանց ազդեցությունը մենք անմիջական կզգանք․
«Թուրքիայի և Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև կան բազմաթիվ լարված կետեր՝ մի կողմից։ Այդ լարվածություններն անցյալում և հիմա որոշ դրվագներով ստեղծում են պատերազմի ռիսկ»։
Փորձագետի դիտարկմամբ՝ այս պահին այդ երկրներն ունեն բազմաթիվ ներքին և միջազգային խնդիրներ, ուստի փորձում են նման հակամարտություններից ու պատերազմներից խուսափել։ Փորձում են նաև որոշակի միասնական մոտեցում ունենալ Հարավային Կովկասի նկատմամբ, որովհետև, ըստ Հրանտ Միքայելյանի, երեք երկրների համար էլ ամենապայթյունավտանգը հենց Հարավային Կովկասն է․
«Այսպիսով, եթե նման համաձայնություն լինի, ապա դա շատ լուրջ ազդեցություն է ունենալու։ Բայց, եթե ասեմ, թե ի՞նչ ազդեցություն՝ դա որոշակիորեն սպեկուլատիվ կլինի։ Հետևաբար՝ այս հանգամանքները պետք է նկատի ունենանք, մինչև նոր հանգամանքներ բացահայտվեն»։