Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի անցնելուց հետո, Ադրբեջանը դեռևս չի կատարել իր պարտավորությունը ու չի բացել Լաչինի միջանցքը։ Արցախի իշխանությունը հենց այդ պայմանով էր համաձայնել, որ ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան Աղդամով մտնի Ասկերան։ Բաքուն նախօրեին էր համաձայնություն տվել, որ ռուսական բեռնատարի մուտքից հետո միաժամանակյա օգտագործվի Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհները՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Բրյուսելն ու Վաշինգտոնը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ են արել։

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պայմանով էին Ակնայի ճանապարհը փակած արցախցիները համաձայնել ընդունել այդ ճանապարհով եկած ռուսական օգնությունը։ Ռուսաստանը հույս էր հայտնել, որ Աղդամով Արցախ օգնության առաքումը կխթանի կանոնավոր մատակարարումների վերսկսումը։ Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ հումանիտար բեռների կանոնավոր փոխադրումներ կլինեն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր նշել։ Բրյուսելն ու Վաշինգտոնը նույնպես նման հույս էին հայտնել։ Չնայած այդ լավատեսությանը՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Թե ի՞նչ տեղեկություններ կան այդ մասով և արդյո՞ք բանակցություններ ընթանում են Լաչինի միջանցքի բացման հարցով՝ պաշտոնական Ստեփանակերտից մեկնաբանություններ չկան։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ի պատասխան լրագրողների հարցերի, հետևյալն է ասել. 

«Արցախից տեղեկություն ենք ստանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, վատթարացող հումանիտար իրավիճակի մասին, այդ տեղեկությունը փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք շփումներ և բանակցություններ կան, ես ինքս չեմ տիրապետում տեղեկատվության»։

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքին զուգահեռ գործարկելու մասին խոսակցություններին՝ Խանդանյանն ասել է.

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը, իսկ մյուս ճանապարհների հետ կապված՝ ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է։ Չեմ կարծում, որ Հայաստանն այստեղ պետք է միջամտի»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը նկատում է, որ միջազգային բոլոր խաղացողները հավասարության նշան են փորձում դնել Ակնայի ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև, մինչդեռ՝ ակնհայտ է, որ դրանք ամենևին էլ չեն կարող լինել հավասարազոր։

«Բոլորովին այլ բան է միջազգային իրավունքում և միջազգային հարաբերություններում արտատարածքային միջանցքը. սա բոլորովին այլ կարգավիճակով աշխատող ճանապարհ է, բոլորովին այլ է պարզապես Աղդամով ալյուր և շաքարավազ տանել-բերելը։ Իսկ եթե միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում, խոսքս բոլոր դերակատարների մասին է, և նրանք ասում են, որ այնտեղով էլ կարող եք, այնտեղով էլ, ուրեմն՝ ես չգիտեմ, սա չիմացությունից է, թե՞ շատ խորիմաստ և թաքուն քաղաքական խաղ՝ նպաստել Արցախի հայ բնակչության արտագաղթին»։

Այսօր կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ են արել Բրյուսելն ու Վաշինգտոնը՝ արձանագրելով Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալելով, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում կարդում ենք.

«Աղդամ — Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ — Ասկերան երթուղին օգտագործվի։ Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի։ ԵՄ-ն ակնկալում է, որ առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական ընդհանուր խաղաղության գործընթացի վերաբերյալ»։

Վաշինգտնն էլ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի շուրթերով կրկին հայտարարել է, որ կարևորում է միջանցքների բացումը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի կարևորության վերաբերյալ՝ երկու միջանցքի բացում դեպի երկիր՝ որպես ավելի կարճաժամկետ լուծում, իսկ որպես ավելի երկարաժամկետ հարց՝ երկու երկրների վերջնական համաձայնության գալը»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս տեմպը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ այսօրվա զրույցում նշել է, որ ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։

«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նպատակից, ուստի Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին. պատգամավորի փոխանցմամբ՝ մինչև այս պահը ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել դրանց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն