Տարածաշրջանային խնդիրների լուծումը՝ տարածաշրջանում. Բաքուն Թեհրանի թեզն է կրկնում և շտապում «3+3» ձևաչափի հարցում
Ադրբեջանի նախագահը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումների հնարավորության մասին։ Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ «3+3» ձևաչափը Իրան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան,Ադրբեջան և Վրաստան կազմով հարթակն է, որին, սակայն, Թբիլիսին հրաժարվել է մասնակցելուց՝ Մոսկվայի հետ ունեցած հակասությունների պատճառով։ Այդ ձևաչափով մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու մտադրության մասին հայտարարելուց հետո, Ալիևն այսօր Վրաստան էր այցելել։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ Ալիևը դրական է համարել առաջիկայում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպման մտադրությունը։ Նա կարևորել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծելու քաղաքականությունը, որը մշտապես եղել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը։ Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը ընդգծել է «3+3» ձևաչափով հանդիպումների շուտափույթ անցկացման կարևորությունը։ ԻՆչու՞ է շտապում Ալիևը։ Այս շտապողականությունը փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն, օրինակ, «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնում.
«Տեսնում ենք, որ Ալիևն արդեն խնդիրներ ունենալով նախկինում գործող ֆորմատներում, փորձի խուսափել և այլ հարթակներ ստեղծել, որտեղ կարող է շարունակել իր մաքսիմալիստական մոտեցումներով ինչ-որ քաղաքականություն թելադրելը»։
Ըստ փորձագետի՝ «3+3» ձևաչափը հետկոնֆլիկտային հարթակ է, մինչդեռ, հակամարտությունը դեռ ավարտված չէ, հետևաբար այս հարթակում հնարավոր է հարցեր լուծել միայն դրա կարգավորումից հետո։ Հանդիպումներ այս փուլում գուցեև տեղի ունենան, բայց դրանք հազիվ թե որևէ խնդիր լուծեն՝ ասում է Մելիքյանը։
Ադրբեջանի շտապողականությունը որոշ փորձագետներ պայմանավորում են Իսրայելում տեղի ունեցող զարգացումներով։ Մասնավորապես՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել Իրանի դերն ու հնարավորությունները։
Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։ Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։
Նկատենք, որ թեպետ Ալիևն ասել է, որ «3+3»-ը Ադրբեջանի նախաձեռնությունն է, իրականում այս ձևաչափը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան էր նախաձեռնել Ռուսաստանի աջակցությամբ։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ այդ հարթակի առաջին նիստը, բայց՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցելուց, հայտարարելով, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։
Իրանական կողմի հետ հանդիպմանն արած հայտարարությունից հետո, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահը մեկնեց Վրաստան։ Այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված և չի բացառել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցությունների անցկացումը Վրաստանում։ Ղարիբաշվիլին ասել է, որ իրենք անկողմնակալ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս այցը հստակ ցույց է տալիս, որ ոչինչ անփոփոխ չի լինում։
«Նույնիսկ վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունը՝ տարածաշրջանի երկրների՝ սեփական ապագան կերտելու մասով, ցույց է տալիս, որ ինչ-որ չափով փոփոխություններ են տեղի ունեցել նաև Վրաստանի դիրքորոշման մեջ։ Եվ այստեղ, միգուցե այս փուլում, կարելի է ասել, որ ինչ-որ չափով նաև իրենք էլ ավելի ակտուալացնում են «3+3» ձևաչափի հնարավորությունը»։
Ըստ Մելիքյանի՝ Վրաստան-Արևմուտք ճգնաժամը, որն այսօր գոյություն ունի, գուցե որոշակի ազդեցություն է ունենում, որ Թբիլիսին գնա նման քայլերի կամ անի նման ձևակերպումներ։
2023-ի սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն ու Ռաիսին նույնպես հետաքրքրություն էին հայտնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։