Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ
Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաև հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները և գործառույթները` ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ: Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով և գործառութային առանձնահատկություններով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրենսդրական փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները և խնդիրները, ծառայություն անցնելու կարգն ու պայմանները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
«Պրոբացիայի ծառայության մասին և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նշվել է, որ Քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածում պատիժը կատարող մարմինների շարքում նշվում է նաև Պրոբացիայի ծառայությունը: Այն ապահովում է նաև Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքը և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ու այլ գործառույթներ: Առաջարկվում է ընդլայնել ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքները:
Պատգամավոր Լիլիթ Մինասյանին հետաքրքրել է` արդյո՞ք նախագիծը քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների հանձնաժողովի հետ, չի եղե՞լ նախագիծը պետական ծառայությանը վերաբերող փաթեթում ներառելու առաջարկ: Լևոն Բալյանն իրազեկել է, որ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, նման առաջարկ չի եղել:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւս խոսել է պետական բոլոր մարմիններին քաղծառայության համակարգ ներառելու և այս ոլորտում իրականացվող քաղաքականության մասին` համաձայնելով, որ ծառայության այս տեսակը քաղծառայության համակարգի տիրույթում չէ: Լևոն Բալյանը պարզաբանել է, որ օժանդակող գործառույթներ իրականացնող հատվածը մնում է քաղծառայության համակարգում, իսկ հատուկ ծառայության համակարգ անցնում են բացառապես պրոբացիայի ծառայողները, որոնք շփվում են քաղաքացիների հետ, ապահովում պատժի կատարումը: Ըստ փոխնախարարի` այս կարգավորմամբ ապահովվում է նաև պատիժ իրականացնող այլ մարմինների հետ հավասարությունը:
Բյուջետային հատկացումները կավելանան տարեկան 70 մլն դրամով: Առաջարկվում է ներդնել ատեստավորման համակարգ, որը Պրոբացիայի ծառայողին հավելավճարի հնարավորություն կտա: Այս մասին պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին պատասխանելիս` նշել է Լևոն Բալյանը և հավելել, որ վերոնշյալը հաշվի առնելով` բյուջետային ավելացումների վերջնական հաշվարկը հասկանալի կլինի նախագծի ընդունումից հետո:
Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության, միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման, ինչպես նաև ոլորտի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Պրոբացիայի ծառայողներին և քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք:
Վլադիմիր Վարդանյանը, համակարգի աշխատակիցների ատեստավորման գործընթացին անդրադառնալով, կարևորել է բարեվարքության ստուգման բաղադրիչի առկայությունը:
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ խորհրդին կառաջարկվի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում: