Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,-այս մասին օրերս հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Առաջին հայացքից սովորական դիվանագիտական հայտարարություն է և, որ ամենակարևորն է` երկու կողմերին փոխզիջման կոչ անող։ Բայց սա միայն առաջին հայացքից, և այս հայտարարությունն իրականում Հայաստանին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է։

ԱՄՆ-ում սովոր են անգամ ամենաաղետալի որոշումները փաթեթավորել այնպես, որ շարքային ընթերցողի համար այն կարող է անգամ դրական մի բան թվալ։ Միայն մեզ հետ կապված մի քանի օրինակը ցույց կտան, թե ինչի մասին է այս հայտարարությունը։

2018 թվականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե պետք է Հայաստանում հրաժարվեն պատմական կաղապարներից, ինչը նոր հնարավորությունների դուռ կբացի։ Հետո պարզվեց, որ «պատմության կաղապարներ» գեղեցիկ ձևակերպման տակ իրականում թաքնված էր Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը և Արցախի հարցում Ադրբեջանի պահանջները բավարարելը։

2022-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ տեղի ունեցած հանդիպումներից հետո ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հետո պետք է Հայաստանում հասկանային, որ Արևմուտքի քավորությամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պետք է հասկանալ Արցախի հայաթափում և պետական ինսիտուտների լուծարում։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն քարոզվում է այսպես կոչված Միջին միջանցքի գաղափարը, որը պետք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով։ Միջին միջանցք անվան տակ Արևմուտքն իրականում փորձում է կյանքի կոչել Ադրբեջանի կողմից այդքան պրոպագանդված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասով, ի դեպ, Հայաստանի համաձայնությունն արդեն կա, ու սրա մասին մենք խոսել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։

Վերջին ամենաթարմ օրինակն Արևմուտքի կուլիսային քավորությամբ այսպես կոչված դելիմիտացիայի գործընթացն էր, որն իրականում Տավուշից հողերի հանձնման և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից մեկի աշխատանքների խաթարման մասին էր։ Ադրբեջանը չտվեց ոչինչ Հայաստանի այս քայլերի դիմաց։ Բայց կարևորն այն է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ողջունեցին այս գործընթացը և անունն էլ դրեցին դելիմիտացիա։

Այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն քաղաքական փաթեթավորման գիտակներ են, ու այն, ինչ իրենք անվանում են «փոխզիջում», իրականում միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Փաստորեն, հիմա ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Միլլերը հայտարարեց առաջիկայում Հայաստանի կողմից սպասվող ծանր զիջումների մասին, բայց որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, անունը կդնեն «փոխզիջում»։ Սիմվոլիկ մի քայլ էլ կանեն, որպեսզի քարոզչական դաշտում ասելիք լինի։ Օրինակ, Սյունիքով Ադրբեջանին միջանցք հանձնելու դիմաց Ադրբեջանն էլ կհայտարարի, թե այդ միջանցքով իր մեքենաները կերթևեկեն 60 կմ/ժ արագությամբ, ոչ ավելին։ Էլ ինչ զիջում է պետք, որպեսզի Հայաստանում ապրեն ուրախ և երջանիկ»։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն