Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները
2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47,5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր և 20 միջոցառում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
«Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 1 մլրդ 15 մլն դրամ, որն ուղղվելու է նախարարության պահպանմանը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ: Ծրագրի նպատակը ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է:
Նախարարը տեղեկացրել է, որ «Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 345 մլն դրամ: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար կհատկացվի 748,5 մլն դրամ: Շուրջ 29 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:
Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` տեղեկացնելով, որ հանդես են գալու ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությամբ: Ներդրվելու է աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների խրախուսման գործիքակազմը: Մասնագիտական վերապատրաստման տարատեսակ ծրագրեր կառաջարկվեն այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրում կատարել իրենց աշխատակիցների որակավորման կարողությունները բարձրացնելու համար: