Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Հայաստանի մի բնակավայրում ամիսներ շարունակ արձանագրվում են զանգվածային թունավորման դեպքեր, վերջերս էլ Ծավ գյուղում ջրի մեջ հայտնաբերվում է սնդիկի պարունակություն։
Հասարակությունը իր համար ապրում է, շարունակում է վայելել զվարթ կյանքը։
Բայց հանկարծ, հեռախոսով շրջող մի բլոգեր պատահաբար տեսնում է, որ բանջարեղենի կրպակներից մեկում կրպակավաճառը «դիխլոֆոս» է փչում մրգերի վրա։ Ու սա արդեն դարձել է «հայկական հարց»։ Քիչ է մնում կոչ անեն վառել վաճառողին։
Հարցն այն չէ, որ նա լավ է անում։
Հարցն այն է, թե ինչպես է հասարակությունը «անզգայանում»՝ ապրելով «բլոգից» «բլոգ»։ Բլոգից բլոգ Հայաստան։ Հանրության մի ստվար մաս սկսել է տեսնել, լսել ու մտածել «բլոգերների» միջոցով, որոնց թե մասնագիտական, թե առհասարակ կենսագրական փորձերն ու կոմպետենցիան մեղմ ասած կասկածելի են։
Սա է Հայաստանի դեմ վարվող իրական հիբրիդային պատերազմը, որի կամա, թե ակամա մասնակից են դառնում «աստղայինով» հիվանդացած այդ «բլոգերները»։
Ես իհարկե բացարձակապես դեմ եմ նրանց բոլորին «ազգի թշնամի» հռչակելուն։ Այստեղ խոսքը մարդկանց մասին չէ, այլ երեւույթի, որի կամա, թե ակամա «ինքնահոսում» են հայտնվում դրանով զբաղվող մարդիկ։ Որովհետեւ, նրանք իհարկե նաեւ անում են շատ օգտակար գործ, բարձրացնում շատ կարեւոր խնդիրներ, փոխանցում սոցիալական պատասխանատվության ասպեկտներ։ Բայց այստեղ է, որ կան շատ նուրբ սահմաններ, չափազանց նուրբ սահմաններ, որոնք չխախտելն էլ պահանջում է թե մարդկային էական կենսափորձ, թե մասնագիտական կոմպետենցիա, թե արժեհամակարգային ողնաշար։
Եվ այն է ցավալի, որ հայկական բլոգոսֆերայում ակնհայտորեն ոչ բոլորն է, մեղմ ասած քչերն է՝ որ օժտված են դրանով։ Եվ սա խնդիր է, որովհետեւ, կրկնեմ, հայկական հանրության մի ստվար մաս սկսել է թե աշխարհը, թե սեփական պետությունը տեսնել ու չափել բլոգների «պատուհաններից»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ