Թափառախումբը գնում է ղռեր
ՈՒթ տարի առաջ այս օրերին նախահեղափոխական վերջին պատրաստությունների մեջ էին, մարտի 31-ին՝ արդեն Գյումրիում՝ հայրաքաղաքից «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» ցրցամը տալու:
ՈՒթ տարի առաջ նիհար-միհար-կիսակուշտ դեմքեր էին, ավելի ստույգ, միայն մեկն էր «դեմք», մյուսները կից «դեպքեր» էին, որ հայտնվել էին ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Թե դրանից առաջ քանի տարի էին մնացել վերապատրաստման նույն դասարանում, օտարահպատակության ինչ դարբնոցով էին անցել՝ միայն իրենք ու իրենց ուսումնառության շահառուները կիմանան:
ՈՒթ տարի առաջ քչերն էին տեղյակ, թե Գյումրի-Երևան քաղաքական մարաթոնի ելած ջահել-ջուհուլների թափառախումբն ինչ ճանապարհային քարտեզով է ուղղորդվում, և որ շահագրգիռ կենտրոններն են գծել այդ քարտեզը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ դրա բնօրինակը, սահմանազատման ու սահմանագծման հստակ նշումներով, հայտնի ուսապարկի գրպանիկում էր՝ «Ենթակա է անվերապահ կատարման» մակագրությամբ: Ընդ որում, դելիմիտացիա և դեմարկացիա ոչ միայն Հայաստան երկրի, այլև Հայ մարդու էութենական տարածքներում՝ պատմականորեն ձևավորված կարմիր գծերի իսպառ վերացումով:
ՈՒթ տարի առաջ քարուքռի միջով, կարճ՝ ղռերով եկան, հանդ ու չոլ ոտի տակ տվեցին, մտան մայրաքաղաք: Մնացածը՝ ըստ ուսապարկում աչքի լույսի պես պահվող «ճանապարհային քարտեզի», որ կետ առ կետ իրականացնում են իշխանության գալու առաջին իսկ օրից:
ՈՒթ տարի առաջվա նիհար-միհար-կիսակուշտ «դեպքերն» այսօր կուշտուկուռ-հաստափոր դեմքեր են դարձել, գլխավոր «դեմքի» անփոփոխ առաջնորդությամբ, և բազմել իշխանություն կոչվող էլիտար ռեստորանի բոլոր երևելի աթոռներին: Ու երևի էդպես բազմած էլ լռվեին, եթե անիծյալ ընտրությունները չթակեին դուռը, իրենք էլ իշխանությունը պահելու ու «ճանապարհային քարտեզն» ամփոփ տեսքի բերելու լուրջ խնդիր չունենային: Ահա և անցել են նախկին փեշակին՝ խաղում են պոպուլիզմ: Նորից քայլարշավ քարուքռի միջով, բացօթյա հանդիպումներ ղռերում, հանպատրաստից զրույցներ հասարակ մահկանացուների հետ, մի խոսքով, քարոզարշավ-թամաշա՝ ժանրի բոլոր կանոններով: Ճիշտ է, տղավարի հագուկապով մարմնեղ թիկնապահներն ու գլխավոր «դեմքի» ցիլինդրը ոչ մի կերպ չեն համադրվում 2018-ի «դուխով» կեպիի ու սպիտակ վիրակապով ձեռքի հետ, բայց նման խնդիր, կարծես, չի էլ դրված: Սեփական եսը պետության հետ նույնականացնող «դեմքը» հիմա էլ ժողովրդավարության իր հայեցակարգն է զրոյական կետից դրել գործարկման մեջ: Դու ես ինձ ձայն տվել, ուրեմն, լսիր իմ ձայնը, որ քոնն է, և մի հակաճառիր: Սա է «իրական հայաստանի» ժողովրդավարության այսօրվա մոդելը, որ ներդաշնակվում է ինքնիշխանիկների բաճկոններին փակցված խղճուկ քարտեզի հետ:
Իսկ ղռերի քարոզարշավում, ի հեճուկս «ցիլինդրի» քարոզած ժողովրդավարության, թափառախմբին հակաճառողները գնալով շատանում են: Երեկ հայհոյող էլ եղավ՝ դեմ-դիմաց ու փողոցային սլենգով: Ճիշտ է՝ հայհոյանքի հասցեատերն այս դեպքում թիվ մեկ «դեմքը» չէր, բայց, ինչպես կասեր Կոմանդորը, սառույցը շարժվեց, պարոնայք: Իմ կողմից ավելացնեմ՝ սպասեք այսբերգին:
Գարունն իր տարերքի մեջ կմտնի շուտով, արևը սառցադաշտեր հալեցնող իր զորությունը ի ցույց կդնի, արջաքուն մտած մարդն էլ պիտի որ դուրս գա ութ տարվա ձմռան ռեժիմից: Հակառակը դեմ է ոչ միայն բնության, այլև բնականոն գոյության օրենքներին:
Ընտրություններին էլ մնաց 70 օր:








































