NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ 

Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 7-րդ՝ հոկտեմբերի 3

Պատերազմի 7-րդ օրվա առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի զոհերի խոշոր թիվ. «Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում, ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ օրերս ընդունած բանաձեւում ամբողջ պատերազմում զոհված ադրբեջանցիների թիվը նշվում էր 2900։ Բնականաբար, այնտեղ չեն ներառվելսպանված թուրքերն ու ահաբեկիչները։ 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորեց խուսափել երկրում անկարեւորուղեւորություններից. «ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երեւանից դուրս չգալ: ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելքեւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք՝մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահմանայցերից», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ պատերազմի նախօրեին էլ էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում էր չմեկնել Արցախ, Գեղարքունիքից արեւելք եւ հարավ-արեւելյան սահմանագոտի, ինչից արդեն մոտալուտ պատերազմը ենթադրելի էր։ Այս անգամ, թերեւս դեսպանատունը նաեւ ակնարկում էր, թե որ տարածքները կարող են հայտնվել ադրբեջանական հրետանու եւ օդուժի թիրախում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է ակտիվացնել ջանքերը պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ։Նա  ԵրեւանինեւԲաքվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման նոր մեթոդ էր առաջարկել:Մակրոնը հայտնել էր, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիեւի հետ՝ նրանց հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ինքն ուժեղացրել է իր միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարեւկրկին կողմերին հրադադարի կոչ է արել:

Արցախի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու. «Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով...Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք:Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ», գրել է Արայիկ Հարությունյանը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային եւհրավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,-նշել է նա:

Արծրուն Հովհաննիսյանն ազդարարել է, որ ժամը 08:25-ի սահմանում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Քիչ անց ավելացրել է. «Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Սիրիայի Հալեպ նահանգից իսլամիստգրոհայիններին Թուրքիայի տարածքով Լեռնային Ղարաբաղ տեղափոխման մասին, եւ հույս հայտնել, որ դա այդպես չէ: «Դուք պետք է հարցնեք Թուրքիայի նախագահ Էրդողանին»,–խուսափողական ասել էր Պոմպեոն:

Զարմանալի կարող է թվալ, որ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը հույսերով է առաջնորդվում ահաբեկիչների՝ Ղարաբաղում հայտնվել-չհայտնվելու հարցում, բացի այդ ամերիկյան ԶԼՄ-ներն էին Սիրիայից վարձկանների Ադրբեջան տեղափոխման եւ Ղարաբաղյան ճակատում մարտերին մասնակցելու մասին փաստեր ներկայացրել, որոնք չէին հերքել Պենտագոնի ներկայացուցիչները։

Բրիտանական մամուլը հայտնեց, որ առնվազն 28 թուրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի բախումների ընթացքում:Նրանք սիրիական խմբավորումների ավելի քան 850 զինյալների թվում էին, որոնց Թուրքիան ուղարկել էր անցյալ շաբաթ` ադրբեջանցիների կողմից կռվելու համար, հավելեց Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունը:

Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը հայտարարեց, որ մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով. «Մարտական գործողություններտը հատկապես ինտենսիվ են  հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը` անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային եւհատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի:Պաշտպանության բանակի մարտիկները ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ հետ են մղում հակառակորդի գրոհները ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ»,– ասել էր նա:

France 24-ի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  գրեց. «Չափազանց հրատապ. Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ, սաստկացնում է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումն ու ոչնչացումը՝ մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելու ջանքեր գործադրելով»:

Եվս մեկ գրառում Արծրուն Հովհաննիսյանից. «Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետայինարկեր»։

Դրան հաջորդեց Պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հուսադրող գրառումը. «Պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը պատերազմի առաջին շաբաթը զբաղված էր միջազգային համաժողովներին մասնակցելով եւարտասահմանյան ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալով, հնդկական WION հեռուստաընկերությանը հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախը տարածքը մաքրել հայերից, որտեղ նրանք ապրում են հազարավոր տարիներ։ Պատերազմին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, Ա.Սարգսյանն ասել էր.  «Այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որը խաղաղություն չի ուզում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր երկրորդական է դարձել՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Թուրքիան այս խնդրում հայտնվել է, որովհետև անձնական շահագրգռվածություն ունի, Լեռնային Ղարաբաղի հարցը նրան չի անհանգստացնում։ Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ունենալ այնտեղ, լինել այն ուժը, որը տարածաշրջանում ամենակարևորն է, որ փաստացի Ադրբեջանի վրա մեծ ներգործություն ունենա։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է»։

Հայաստանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ, շեշտելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար:

Նկատենք, որ ԱԳՆ-ի համոզմունքը դեռ իրականություն չի դարձել, ավելին, Իլհամ Ալիեւն է ՄԱԿ-ի ամբիոնից եւ այլ հարթակներում մեղադրում Հայաստանին տարաբնույթ ռազմական հանցագործությունների մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում լուսանկար  հրապարակեց Ստեփանակերտից եւ գրառում թողեց:«Ստեփանակերտում եմ ու էստեղ եմ լինելու:#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրել էր նա:

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց AlJazeera հեռուստաալիքի հետ իր հարցազրույցի տեսագրությունը, որտեղ հայտարարում էր.

«Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին։ Ներկայիս լայնամասշտաբ ագրեսիայի իրավիճակում ես վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի»,-նշել է նա:

Վարչապետի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ նա մերժում էր բանակցությունները, համարելով, որ նախ պետք է խնդիրը լուծվի ռազմի դաշտում, իսկ «Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի» արտահայտությունը բայրաքթարների անպատիժ հրթիռակոծություններիեւ երկնքից թափվող սպիտակ ֆոսֆորի պայմաններում ընդամենը լավագույն դեպքում հուզական պոռթկում էր։

Արծրուն Հովհաննիսյանը հերթական գերոգեւորիչ գրառումը՝ հուզական վերջաբանով. «Հակառակոդին հզոր հարված է հասցվել։ Հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։ Հրետանավորներ, ես ձեր կյանքին մեռնեմ»:

Քիչ անց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց. «Պաշտպանության բանակը ոչնչացրել է հակառակորդի`հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ:Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»:

Արցախի դեմ հարձակմանը սիրիացի ահաբեկիչների մասնակցության թեմային անդրադարձավ  բրիտանական «Guardian»-ը, նույնիսկ նրանց հետ հարցազրույցներ հրապարակեց։ «Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցող սիրիացիների մի մասն ի սկզբանե վարձել էին թուրքական ընկերություններն Ադրբեջանում ենթակառուցվածքների անվտանգության ապահովման համար, սակայն տարել Ղարաբաղի դեմ կռվելու։ Պարբերականի մի զրուցակից նշել է, որ նա Ադրբեջան է եկել 1000 սիրիացուց բաղկացած զորամիավորման կազմում` Անկարայի աջակցությունը վայելող թուրքամետ «Սուլթան Մուրադ», «Սուլեյման շահ» և «Ալ-Համզա» խմբավորումներից:

Նկատենք, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրներից Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայրենական պարբերականների հրապարակումներին չի արձագանքել եւ ծպտուն չի հանել ռազմական գործողությունների եւ դրանցում վարձկան-ահաբեկիչներ ներգրավելու անթույլատրելիության թեմայով։

Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր ներկայացրեց ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ, փաստական տվյալներ, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավված են թուրքական ռազմաօդային ուժերը:Ներկայացվել են նյութեր, որոնցում արձանագրված են թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ խոսակցություններ, որոնք վկայում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ մարտական գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին:Նաեւ տեղեկություններ են ձեռք բերվել, որ վարձկան ահաբեկիչների շրջանում առկա են ծայրահեղ խուճապային տրամադրություններ, որոնք փաստվում են նրանց խոսակցություններով:

Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. պատերազմից սկզբից մեկ շաբաթ անց տարածած իր հայտնի տեսաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 զինվոր: Ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում, եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:Բայց այսօր հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի քաղաքացին Դեր Զորի ճամփորդ չէ: Այսօր, քան երբեւէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայությունը, մեր իրավունքը  պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:

Այսօր արդեն ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Ու մենք համատեղ ջանքերով պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք իր ոճրագործ  ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սա մի նոր Սարդարապատ էեւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ, եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:

Մեզնից յուրաքանչյուրըամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում, ու մենք կհաղթենք: Մենք անպայմանորեն կհաղթենք ու չկասկածեք, որ անպայմանորեն կհաղթենք»,– հայտարարել էր Ն.Փաշինյանը:

Երրորդ նախագահի գրասենյակը հայտնեց, որ Սերժ Սարգսյանն Արցախում է:

Արցախ գնալու նպատակը բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է:

Ինչպես հետո հայտնի դարձավ, Արցախի նախագահը խուսափել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում: «Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնց ընթացքում միջազգային հանրությունն անզոր է»–, հայտարարել էր Վուչիչը:

Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հատկապես հյուսիսումեւ հարավում. «Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել: Ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով մեծ կորուստներ: Միայն մարտական գործողությունների անդադար տեւողությունը եղել է 6-7 ժամ: Հասկանալի է, որ այս ամենը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կորուստները. «Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող 1 օրում կորցրել է 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել: Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադպ հաջողություն պետք է համարել: Խոցված ԱԹՍ-ների թիվը հասել է 113-ի: հակառակորդի զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր: Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ: Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում: Մեր զորքերը ցուցաբերում են աննախպադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն եւ չեն նահանջում»:

Քիչ անց, սակայն, Հովհաննիսյանն ակնարկեց որոշ տեղերում նահանջի մասին. «Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները շատ բնական երեւույթներ են: Մի ժամ հետո կվերցնենք այդ դիրքը, մեկ ժամ հետո նպատակահարմարությունից ելնելով կարող ենք այդ դիրքից նահանջել, թեւանցել, շրջանցել եւ այլն»:

Արցախի ՊԲ-ն տեսանյութ տարածեց, թե ինչպես են մեր հրետանավորները ոչնչացնում հակառակորդի դիրքերը:«Բոլոր տարածքներն ազատագրած ա, վախենալու բան չկա: Բոլորին կասեմ, որ հանգիստ շունչ քաշեն, վերջին դիրքն էլ ազատագրեցինք:Մեր հրետանին իր խնդիրը կատարում է բարձր մակարդակով: Կարեւոր ոչ մի գրամ հող տված չունենք, փորձելու ենք ավելի առաջ գնանք: Կարեւորըդուխով ենք ու հաղթելու ենք»,-տեսանյութումնշել են զինվորները:

«Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի:

«Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ եւ այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը եւ իրադարձությունների զարգացումը»,-ասել էր նա:

Իսկ հարցին, թե արդյոք կցանկանա?ր տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում, Փաշինյանը պատասխանել էր. «Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Նախ պարզ չէր, թե ինչու է ՀՀ վարչապետն ակնարկում, թե մյուսների հետ ավելի շատ կխոսի, քան ՌԴ նախագահի, բացի այդ, զարգացումները ցույց տվեցին, որ  «այդ հարցերը» չքննարկվեցին ավելի մեծ համատեքստում եւ ՌԴ խաղաղապահների՝ արագորեն պատերազմական գոտի նետելը կանխեց ողբերգական հանգուցալուծումը։ 

Նույն «Ալ Ջազիրային» էր Փաշինյանը վստահեցնում, թե իր հարցազրույցի ընթացքում հուժկու հակահարվածով Ադրբեջանի բանակի ողնաշարը կոտրվում է։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ, առանձազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին:Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ:

Պարզ չէ, թե ինչու էր ԱԺ հաղորդագրությունում պատերազմի 7-րդ օրն Արցախ մեկնելը ներկայացվում «անհապաղ այց»։

Օրվա ավարտին ՀՀ ՊՆ-ն ամփոփել է հակառակորդի կորուստները պատերազմի 7 օրվա ընթացքում. 2745 սպանված,355 զրահատեխնիկա,123 ԱԹՍ,14 ինքնաթիռ,14 ուղղաթիռ, 4 «Սմերչ»:

Նշենք, որ օրվա սկզբին, հայկական կողմը նշում էր, թե Ադրբեջանի կորուստներն անցնում են 3 հազարից, օրվա վերջում էլ այդ օրվա 400-450 կորուստներն էլ գումարած Արծրուն Հովհաննիսյանը նշում էր 2300 թիվը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն