Լեւոն Տեր-Պետրոսյանի աքսիոմատիկ մոտեցումների մասին
«Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետեվանքները» հրապարակման մեջ ՀՀ առաջին նախագահը, իրականում ներկայացրել է աքսիոմատիկ ճշմարտություններ որոնց արդեն տևական ժամանակ, կամա թե ակամա, հակադրվելու երկչոտ, լատենտ փորձեր են արել երկրի քաղաքական իշխանությունները, իսկ 2018 թվականից դա արվել է անթաքույց, գավառական ձևով: Դրանց դիմաց որևէ մեկը չի կարող հակափաստարկներ բերել:
Տարակուսանք է առաջացնում այն, որ, իրապես, հայ ժողովրդի նորագույն պատմության առաջին մեծության քաղաքական և պետական գործիչն այդ ամենի մասին այսպես բացահայտ է արտահայտվել ու շարունակում է արտահայտվել:
Զավեշտալին այն է, որ երեք նախագահներից և ոչ մեկը մյուսի հետ երբևէ վստահելի, Էլ չասենք՝ կառուցողական հարաբերությունների մեջ չեն եղել: Համենայն դեպս՝ հրապարակային տեղեկատվությունից պարզ է դառնում, որ առաջին-երկրորդ, երկրորդ–երրորդ հարաբերություններ գրեթե չեն եղել, գուցե, ինչ-որ չափով՝ առաջին-երրորդ հարաբերություններ նկատվել են:
Հրապարակման մեջ հանդիպում են «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում», «Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ» արտահայտությունները, որոնք, ինչ-որ տեղ, հակասում են միմյանց: Նշված եռակողմ ձևաչափի պարագայում, ինչն արդեն իրողություն է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցողական հարաբերություններն այլևս դիտարկվելու են այդ ձևաչափի պրիզմայով. ինչպես կասեն, այնպես էլ պետք է անել: Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Այդ հանգրվանին հասել ենք տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ, երբ Հայաստանը ծվեն-ծվեն էր արվում, ինչի արդյունքում մնացել է ռեսուրսասակավ, հաղորդակցության ուղիներից աղքատիկ մի տարածք:
Մյուս կարևոր դիտարկումը հետևյալն է. «…նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»: Նախ, արդեն կորցրել է: Երկրորդ, առաջին նախագահի այս միտքն ինչ-որ չափով կարող է վիրավորական լինել ինչ-որ կողմի համար, բայց միթե XXI դարում նավթից զատ այլ ուղիներ գոյություն չունեն, որոնցով Հայաստանը կարող էր տնտեսական առաջընթաց ապահովել, ինչպես որ դա տեղի ունեցել բազմաթիվ երկրներում; Այո, զբոսաշրջության, հանքարդյունաբերության և չոբանների աշխատատեղերի ավելացման «գերակայությունները» անհամադրելի են նավթի և գազի հետ:
Եթե նախկինի նման, առանց տնտեսության մեջ էական տեղաշարժերի, սպասենք, թե տարածաշրջանում ինչպես են հանգուցլուծվելու աշխարհաքաղական հիմնախնդիրները, ապա ներկա ողբերգական զարգացումները միանգամայն ընդունելի են: Դրան ենք արժանի մենք՝ մեր դատարկ ամբիցիաներով, ինչը թույլ չի տալիս, երեք անձնավորության նստել մի սեղանի շուրջ՝ պետության համար այս ճակատագրական ժամանակաշրջանում: Մինչդեռ, նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած, պատրաստ է միևնույն սեղանի շուրջ նստել թուրքերի հետ և զարգացնել կառուցողական հարաբերություններ:
Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր.
Hraparak.am