Նիկոլ Փաշինյանի կողմնորոշման մասին վեճերը շարունակվում են՝ արեւմտամե՞տ է ՀՀ վարչապետը, թե՞ ռուսամետ: Վերջին շրջանի նրա քայլերը, այցերը տարբեր մայրաքաղաքներ կրկին նորոգել են այս խոսակցությունները, ինչպես նաեւ մեկնաբանությունները, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն Արեւմուտք-Արեւելք հետաքրքրությունների ու շահերի բախման ծիրում լարախաղացի նման է իրեն պահում։ Այս թեմայով զրուցել ենք վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։

- Վիլնյուս, Թբիլիսի եւ Մոսկվա ուղղություններ. ի՞նչ է անում կամ փորձում անել Նիկոլ Փաշինյանը։

- Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ որեւէ տրամաբանություն գտնելը դժվար է, ինչպես նաեւ ցանկացած այլ գործունեության։ Այս դեպքում ակնհայտ է․ Վրաստան այցը հասկանալի էր, որովհետեւ Վրաստանը փորձում է հայ-թուրք-ադրբեջանական այդ բանակցություններում ինչ-որ հարթակ ձեւավորել։ Լիտվա եւ ՌԴ, մերձբալթյան երկրներն ավանդաբար համակարգում են հետխորհրդային տարածքի երկրների` դեպի Արեւմուտք ուղղվածությունը, ես չգիտեմ՝ դրա հետ կապ ուներ, թե ոչ այդ այցը, իսկ Ռուսաստանի այցն ակնհայտ է, որ ռուսական կողմի նախաձեռնությունն էր, որովհետեւ այնտեղ հստակ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, թե ինչ են ուզում Հայաստանի իշխանությունները: Որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ ամեն կերպ արագացնում են ՀՀ իշխանությունների որոշումները։ Նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք վերջնական պայմանագրի, խաղաղության, միջանցքների հարց են բարձրացնում։

Ակնհայտ է այդ շտապողականությունը, ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, եւ ակնհայտ է, որ բոլորն ուզում են, որ Հայաստանը լինի կանխատեսելի։ ՌԴ-ն նաեւ փորձում է հասկանալ, թե ինչպես է իրեն պահելու ՀՀ-ն։

- Վերջին երկու օրերին առանձնակի ակտիվացել են նաեւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները։ Այս ակտիվացումն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ գործընթացների կոնտեքստում։

- Այո, տեսնում եմ այդ ակտիվացումը, որովհետեւ նրանք իրենց հերթին տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարող ժամանակ ձգել։ Վաղ թե ուշ պիտի այս հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի քայլեր անի։ Եվ քանի որ դրանք լինելու են մեզ համար շատ ցավոտ, Հայաստանում առաջանալու է հասարակական ընդվզում, ապա նրանք հիմիկվանից փորձում են ակտիվանալ, որ այդ ալիքն օգտագործեն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

- Ինչպես պատերազմից հետո ցույց տվեց կյանքը, Հայաստանում հասարակական ակտիվացում չկա, նման դեպքում չի լինում։

- Այս պահին չկա հասարակական ակտիվացում երկու հիմնական պատճառով։ Առաջին, որ Նիկոլ Փաշինյանին որպես այլընտրանք ներկայանում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց հանրային վարկանիշը, ամեն դեպքում, բացասական է, եւ երկրորդ՝ անհասկանալի է, թե ցանկացած այլ իշխանություն, որը պիտի գա փոխարինելու այս իշխանություններին, կոնկրետ ինչ քայլեր է անելու․ ընդունելո՞ւ են նոյեմբերի 9-ի տեքստերը, հրաժարվե՞ն դրանից, թե՞․․․ Այսինքն՝ անորոշությունն է նաեւ պատճառը, որ հասարակական ալիք, որպես էդպիսին, հիմա չկա։ Բայց երբ հրապարակվի խաղաղության համաձայնագիրը, էդ դեպքում կլինի, որովհետեւ այնտեղ մեզ համար շատ ցավոտ կետեր կլինեն։ Եվ եթե այդ ճանապարհները բացվեն, եթե հանկարծ ՌԴ դերակատարումը նվազ լինի, քան իրենք են ակնկալում, ապա Ռուսաստանը կարող է արդեն Հայաստանում գործընթացներ ակտիվացնել՝ ունենալով հսկայական ազդեցություն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն