Ռուսաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունի իր սեփական շահերը, դրանով հանդերձ, որպեսզի և՛ իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, և՛ ամբողջ աշխարհին ցույց տա, որ իր դաշնակցի հետ չի՛ կարելի խոսել ուժի լեզվով, կդիմի կտրուկ գործողությունների, սակայն նման քայլի կգնա ծայրահեղ դեպքում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

«Ռուսաստանը ծայրահեղ դեպքում կգնա Ադրբեջանի հետ բախման, բայց հնարավոր ամեն ինչ կանի, որ այդ պահը հետաձգի»,- ասաց Խալաթյանը՝ նշելով, որ մի կողմից՝ Ռուսաստանը հետաձգում է այդ բախման պահը, մյուս կողմից՝ հայկական կողմից, ըստ նրա՝ ականատես ենք լինում դիվանագիտական մարազմի այն դեպքում, երբ իշխանությունը հայտարարում է, որ օգնության կարիք ունի։

«Օգնության կարիք ունենք, ուրեմն՝ դիմեք։ Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու համար կա համապատասխան ընթացակարգ։ Մի՞թե կարծում եք, որ ՌԴ-ում պաշտոնյաները նստած՝ Հանրային հեռուստաընկերություն են նայում, որ լսեն, թե ի՞նչ է ասում Անվտանգության խորհրդի քարտուղարը Ռուսաստանի վերաբերյալ, որն այս պահին ավելի շատ հանդես է գալիս՝ որպես միջնորդ ներկայիս ՀՀ իշխանության համար։ Ի դեպ՝ մի իշխանության, որը ոչ վստահելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն իր, այլ նաև Չինաստանի, Արևմուտքի, Իրանի մոտ։

Ես ուզում եմ հիմա դիմել մեր հայրենակիցներին և հատուկ ընդգծել՝ մի՛ սպասեք, որ որևէ երկիր՝ անգամ դաշնակիցը, ավելի հայանպաստ դիրքորոշում կարող է որդեգրել, քան Հայաստանի իշխանությունը»,- ասաց Խալաթյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից ստացել է սահմանների սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առաջարկ, որն իրենց համար ընդունելի է, Հայկ Խալաթյանը նկատեց՝ իր համար անհասկանալի է Փաշինյանի այս դիրքորոշումն այն բանից հետո, երբ դրանից ժամեր առաջ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները հանդես էին գալիս Ռուսաստանին սպառնացող ելույթներով։

«Հակառուսական այդ հիստերիան խոսում է մի բանի մասին՝ այս իշխանությունները մինչև հիմա չեն հասկացել, թե ինչպես պետք է աշխատել Ռուսաստանի հետ»,- ասաց Խալաթյանը։

Հարցին՝ չեն հասկացե՞լ, թե՞ դա պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ցանկությամբ և դեպի ՆԱՏՕ գնալու ցանկությամբ, թեև ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ներկայացված է Թուրքիայի դեմքով, Խալաթյանը պատասխանեց.

«Այո՛, դա այդպես է, ուստի փորձում են հիմա էլ ամեն ինչում մեղավոր կարգել ռուսական կողմին, և դա՝ այն դեպքում, երբ Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը հայկական կողմը պատվիրակել է ռուսական կողմին։ Այս իշխանությունն անգամ հստակ չգիտի, թե Հայաստանն ո՞ւր է ուզում տանել, չեն հասկանում, որ Ռուսաստանում սիրում են փակ դռների հետևում նստել և քննարկել խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փոխարենը նստելու և խնդիրները քննարկելու՝ Հայաստանն ադրբեջանցիների հետ սկսել է սինխրոն աշխատանք տանել, որովհետև ընտրություններից առաջ տվել է խոստումներ։

«Իսկ միջազգային հանրության դիրքորոշումն այսպիսին է՝ ասում են, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած լուծման, ապա իրենց համար ավելի լավ։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ բան՝ ճանապարհները բացվեն, և այս տարածաշրջանում լինի խաղաղություն։ Արևմուտքն էլ համոզված է, որ Ռուսաստանը կկատարի ամբողջ սև գործը, և վտանգներ կստեղծվի, որոնց հետևանքով ՌԴ-ն կկորցնի Հայաստանը, որն արդեն իր ձեռքերը լվացել է նաև Արցախից։ Իհարկե, այս իշխանությունը հայ հասարակության մի մասից որոշակի վախ ունի, դրա համար չի ասում, որ հրաժարվել են Արցախից, բայց այն, որ ՀՀ պաշտոնյաները գնում են Արցախ ու դրանից հետո ազատվում իրենց պաշտոններից, հենց դրա մասին է վկայում։ Ես վստահ եմ՝ այս իշխանությունները կստրագրեին փաստաթուղթ ու կհրաժարվեին Արցախի մնացած մասից, դա չեն արել, որովհետև Ռուսաստանը չի ուզում Արցախի մնացյալ մասը ձեռքից բաց թողնել, իսկ Հայաստանի այս իշխանություններին որևէ մեկը լուրջ չի ընկալում. և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում բոլորը վստահ են՝ ինչ փաստաթուղթ էլ դնեն՝ ստորագրելու է»,- ասաց Խալաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն