Լավ եք անում, որ ավիաընկերություն եք հիմնում, բայց այդ դեպքում 168.am-ին ինչո՞ւ եք դատի տվել
Նոյեմբերի 19-ին իշխանությունների սրտի «խոշոր գործարար», արդեն իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին մերձ շրջանակներն «ավետեցին» այն մասին, որ «Ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն, և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն, FLYONE ARMENIA-ին շնորհել են նույնականացման ծածկագրեր»:
«FLYONE ARMENIA-ն հայտնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը, որոնք թույլ են տալիս իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:
«Ուրախ ենք, որ ICAO-ի և IATA-ի ծածկագրերի ձեռքբերմամբ էլ ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։ Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել FLYONE ARMENIA-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,- ասաց ընկերության տնօրեն Միրչա Մալեկան:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Ավիաընկերությունն առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքն ու ծրագրում է թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները շուտով հասանելի կլինեն www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։
FLYONE ARMENIA-ի մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերությունը ստացել է AOC վկայական 27.10.21-ին (հաստատված է այստեղ․), նրան տրվել է երկնիշ IATA 3F կոդ (հաստատված է այստեղ․) և ICAO FIE երեք նիշանի կոդը: Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութաիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել-Ավիվը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև 2018, 2019 և 2020 թվականներին FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում»,- մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրել էր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի՝ «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը:
Իհարկե, շատ լավ է, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և մեր հայրենակիցներից մի քանի տասնյակ մարդ միգուցե աշխատանք կունենա: Ի վերջո, շուկայում նոր ավիաընկերության հայտնվելը միշտ էլ մրցակցություն է՝ դրանից բխող հետևանքներով: Բացի դրանից, ըստ մեզ հասած լուրերի, այս թեման դեռևս մեկ տարի առաջ է եղել շրջանառության մեջ, սակայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանն ամեն կերպ խոչընդոտել է ավիաընկերության՝ հայկական շուկա մտնելուն, սերտիֆիկատ չէին տրամադրում, քանի որ ցանկանում էր՝ միայն արաբական «Air Arabia» ավիաընկերությունն այստեղ թռիչքներ իրականացնի, և լոբբինգ արվում էր միայն հենց այդ ավիաընկերության օգտին:
Բնականոն գործընթաց է. ծածկագրեր բոլոր ավիաընկերություններն են ստանում, քանի որ առանց դրա թռիչքներ չես կարող իրականացնել:
Ըստ էության «FLYONE ARMENIA»-ն մոլդովական «FLYONE» ավիաընկերության հայաստանյան գործընկերն է:
Մեր տեղեկություններով՝ օդանավերը տրամադրում է մոլդովական կողմը, մնացած ֆինանսավորումն իրականացնելու է Խաչատուր Սուքիասյանը:
Միայն թե հասկանալի չէ՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Խաչատուր Սուքիասյանն այդ ինֆորմացիան «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքից արտատպելու համար 168.am-ի դեմ զրպարտության մեղադրանքով դատական գործընթաց սկսում:
Սա հատված է մեր դեմ Խաչատուր Սուքիասյանի հայցապահանջի հիմքից:
Իսկ հայցապահանջի այս հատվածում Խաչատուր Սուքիասյանի հերքումն է այն մասին, որ ինքն ավիաընկերություն է հիմնում, և, որ ոչ մեր հեղինակած, սակայն արտատպած հրապարակումը զրպարտություն է:
Հայցադիմումի մեջ հրապարակման հետ կապված այլ մեղադրանքներ ևս կան, սակայն այս պահին 168.am-ն անդրադառնում է կոնկրետ այս մեկին, քանի որ հենց իրենք են հայտարարել, որ «FLYONE ARMENIA»-ն մտնում է հայկական ավիաշուկա: Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը լրատվամիջոցից, որպես փոխհատուցում, պահանջում է 2 միլիոն դրամ:
168.am