Ռուսական «Կոմերսանտն» անդրադարձել է Փաշինյան-Ալիեւ-Պուտին մոսկովյան հանդիպման խափանման եւ ԱԼԳ հարթակում բրյուսելյան Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը՝ «Հայաստանը հույսը դնում է Ֆրանսիայի՝ վաղեմի դաշնակցի օգնության վրա, իսկ Ադրբեջանը հույս ունի ԵՄ-ն գրավել իր կողմը» վերնագրի ներքո։ Թե ինչու այն չկայացավ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայում, ապա, ըստ ռուսական պարբերականի, «բառացիորեն վերջին պահին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», ինչն էլ հանգեցրեց սահմանին սրացման եւ զոհերի։ Ինչ վերաբերում է Բրյուսելին, ապա «Կոմերսանտին» ադրբեջանցի քաղաքագետ Մամեդովն ասել է, թե «Բրյուսելում հանդիպման մասին լուրը որոշակի անակնկալ էր, եւ տեղեկություններ կան, որ նախաձեռնությունը եղել է հայկական կողմից»։

Ըստ նշված աղբյուրի՝ Հայաստանը հրաժարվել է հանդիպել Մոսկվայի միջնորդությամբ՝ տրանսպորտային միջանցքների եւ սահմանի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրմամբ, ադրբեջանական դիրքորոշումն էլ այն է, թե «եթե Բրյուսելում կայանալիք հանդիպումը նպաստի այդ հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը, ապա մենք չենք հրաժարվի դրանից»։ Հոդվածի վերջում, տարբեր փորձագետներին հղումով, կանխատեսվում է, թե իզուր է Երեւանը հույսը դնում Ֆրանսիայի՝ իր վաղեմի եւ հուսալի դաշնակցի օգնության վրա, քանի որ Ադրբեջանի՝ Եվրամիությանն իր կողմը գրավելու հույսն իր նավթն ու գազն են։ «Բանակցությունները ցույց կտան, թե ում խաղադրույքն ավելի արդարացված կլինի»,- չարախնդությամբ ասում է հոդվածագիրը։

Իրականում՝ Գերմանիայի կանցլեր Մերկելից հետո ԵՄ առաջնորդությունն ու մոդերատորությունը ստանձնած Էմանուել Մակրոնի բարեկամությունը՝ որպես  Հայաստանի հետ վաղեմի ու հուսալի ամենաբարեկամական երկիր, թերագնահատել պետք չէ՝ հաշվի առնելով պատերազմական ծանրագույն 1 տարվա ընթացքում Փարիզի տարբեր առաջարկները։ Ընդ որում, տարբեր փորձագիտական լուրերի մակարդակով՝ Մակրոնն առաջարկել է ոչ միայն ֆրանսիական սպառազինություն, այլեւ Հայաստանում  ֆրանսիական խաղաղապահներ (ասվեց նաեւ՝ ֆրանսիական ռազմաբազայի տեղակայում, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ այս պահին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած երկիր ենք), ինչը գուցե ստիպեր Կրեմլին վերատեսության ենթարկել հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության Հայաստանը ստորացնելու, «ուժեղի մոտ թույլն է մեղավոր» սկզբունքով լուծումների գնալու իր դիրքորոշումը։ Դիրքորոշում, որն արդեն սկսել է լցնել նաեւ ակնհայտ ռուսամետ շրջանակների համբերության բաժակը։ Ավելին, ինչպես մեզ հետ զրույցում նշել էր Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ այլ խաղացողների միջեւ ձեռք է բերվել փոխզիջում բրյուսելյան հանդիպման շուրջ։ Արեւմտյան հիմնական խաղաքարտն էլ այն է, որ եթե Բրյուսելում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին ինչ-որ բան խանգարի, սահմանին մինչ այդ պատերազմ հրահրվի, այլ ֆորսմաժորային դեպքեր տեղի ունենան, ապա ԱՄՆ-ն Վրաստանում կտեղակայի ամերիկյան ռազմաբազա։ Իսկ որ ֆրանսիական սպառազինության տեսքով աջակցություն կլինի, ըստ Ղուկասյանի, Մակրոնը շարունակում է առաջարկել։ 

Ուղիղ 100 տարի առաջ Հայաստանն իրական ողբերգություն ապրեց իր աշխարհաքաղաքական սխալ հաշվարկների արդյունքում, երբ բրիտանական նավերը չբարձրացան հայկական լեռներ, իսկ ռուսները, սովորության համաձայն, 3 օր ուշացան։ Արդյունքում՝ տարածքային կորուստներ, զոհեր եւ նվաստացում։ Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը կարող է այս ծրագիրն իրականացնել՝ առանց վերջնականապես կործանելու այն, ինչ մնացել է Հայաստան պետությունից ու Արցախից, որովհետեւ հնարավոր աշխարհաքաղաքական ճողվածքը միայն իրենը չի լինելու, այլ երկրինը ու նրա քաղաքացիներինը, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են ապրել այս հողի վրա։

Քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը վստահ է․ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի «արտաքին քաղաքականություն» կոչվածը երբեւէ չի բարձրացել գավառական շուստրիության նշաձողից վեր, ապա ինքն անընդհատ հայտնվելու է մարդու դերում, ում գլխին «պոպոք են ջարդում»։ Այլ հարց է, որ ցավը զգում է Հայաստան պետությունը եւ ոչ թե Փաշինյանը։ Ինչեւէ, ըստ Մանուկ Սուքիասյանի, «նա դիմադրողականության որեւէ ռեսուրս չունի, եւ այն բախումը, որ եղավ Սյունիքում՝ սպասվող բանակցություններին ընդառաջ, նպատակ ուներ մեկ աստիճանով եւս թուլացնել նրա դիրքերը եւ ստեղծել այնպիսի փակուղային վիճակ, որ ինչ թուղթ էլ դեմ տան, ստորագրի։ Ու սա անում է կարծես թե պատասխանատվությունը բոլորի վրա գցելու դիրքերից, որ ինքը մենակ ու թաքուն չի անում, ինչ-որ մարդիկ պետք է, որ տեղյակ լինեն սպասվող առաջարկություններից, նա փորձում է լուծել իր առաջիկա պատասխանատվության հարցը։ Եվ ես կարծում եմ, որ նա այս գեոպոլիտիկ շահերի միջակայքում մանեւրելու որեւէ ռեսուրս չունի, եւ դա կունենա լրջագույն հետեւանքներ»։ 

Ինչ վերաբերում է «Մոսկվայի փոխարեն՝ Բրյուսել» դիլեմային, ապա երկու հնարավոր տարբերակ է տեսնում։ «Կամ համաձայնությունները խոշոր հաշվով տեղի են ունեցել, պարզապես այս քայլով՝ հանդիպումը Բրյուսելում անցկացնելով, Մոսկվան որոշակի ժեստ է անում, որ կոնֆլիկտի կարգավորումը եւ սպասվող համաձայնության կնքումը կրում են ներառական բնույթ, եւ հաշվի են առնվում եվրոպական շահերը՝ որպես ՌԴ-ԱՄՆ-Արեւմուտք կոմպրոմիսային ինչ-որ մի քայլ։ Իրականում՝ ամեն ինչ տեղում կարգավորվելու է, եւ դա սիմվոլիկ կոմպրոմիսի նշանակություն ունի։ Եվ կա երկրորդ տարբերակը․ քանի որ դեռ չկան համաձայնություններ, եւ գործընթացը պետք է վիժեցվի, ուրեմն կարելի է թույլ տալ, որ դա տեղի ունենա Բրյուսելում, եւ այդ իսկ պատճառով հղում անել, քանի որ մինչ այդ մոդերատորը ռուս-թուրքական տանդեմն էր՝ այստեղ էլ միջամտեցին, հետեւաբար՝ «այ, տեսեք՝ նրանք միջամտեցին, եւ ինչ եղավ»։ Եվ դրան կարող են հետեւել պատերազմական ակտիվ գործողություններ, որ «տեսա՞ք, որ Եվրոպայի մոտ ոչինչ չի ստացվում, մեկ է՝ մենք ենք կարողանում վիճակը վերահսկել»»,- ասում է Մանուկ Սուքիասյանը եւ ընդգծում, որ այս 2 ռեալ իրողությունն ու վտանգներն էլ կան, առավել եւս, որ դրանից հետո էլ խաղաղության որեւէ խոշոր դարաշրջան չի բացվելու՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի նկրտումները ծայրահեղ առավելապաշտական են։ 

Հնարավո՞ր է, որ սրանից հետո ՌԴ-ն ձեռք բերի Հայաստանից նեղանալու էլ «ավելի լեգիտիմ իրավունք»։ Վերջին պարբերությունը չակերտված է՝ հաշվի առնելով այն, ինչը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ Հայաստանը լսեց պատերազմի ու պատերազմին հաջորդած մեկ տարվա ընթացքում, երբ ասում էին, որ պատերազմն Արցախում է, չեն կարող միջամտել, քանի որ անգամ ՀՀ-ն Արցախը չի ճանաչել, երբ Հայաստանի տարածքի վրա էր ագրեսիան, բայց դրանք «այն մասշտաբի չէին», հիմա էլ մասշտաբային է, բայց՝ «սահմանային»։ 

Մանուկ Սուքիասյանն ինքն էլ է արձանագրում, որ, այո, Մոսկվայի տեսակետները խնդրահարույց են, շատ դեպքերում՝ դժվարընկալելի, եւ որ հայ-ռուսական հարաբերությունների ոգին ու բովանդակությունը պետք է վերանայվեն։ Այդուհանդերձ, այն վիճակում, որում մենք ենք գտնվում, հակառուսական ալիքի հրահրումը, ըստ նրա, կարող է լինել կործանարար։ Նաեւ անընդունելի է համարում իշխանության կողմից հակառուսականության սնուցման անուղղակի թրենդը, որն ուղղակիորեն մեզ կանգնեցնելու է մեր պետականության գահավիժման առջեւ։ Նաեւ այն իրողության, որ նոր բարեկամ այդպես էլ ձեռք չբերենք, բայց ձեռք բերենք եւս մեկ թշնամի՝ մեր ռադիկալ հակառուսականությամբ։

Մանուկ Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ դիլեման ռուս-ֆրանսիական չէ, դիլեման միշտ ռուս-թուրքական է, իսկ ֆրանսիացիներն էլ չեն ներդնի այն ռազմաստրատեգիական ներուժը, որը կփոխարինի ռուսական աջակցությանը։ Այնպես որ, տարածաշրջանի պատմաքաղաքական արմատները, ըստ Սուքիասյանի, շարունակում են ռուսական գործոնը դոմինանտ պահել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն