Հայաստանի բարդագույն փակուղին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ 44-օրյա պատերազմից առաջ իր գործունեությանը, մասնավորապես կարծես թե առաջին անգամ անդրադառնալով խնդրին, թե ինչո՞ւ պատերազմից առաջ հանրությանը չէր տեղեկացնում բանակցային գործընթացի բարդ կամ փակուղային իրավիճակի և փոխզիջման չգնալու դեպքում պատերազմի հավանականության մասին: Մի կողմ թողնենք զգայական և այլ երանգները, որ առկա էին Նիկոլ Փաշինյանի խոսքում՝ գուցե ակամայից, գուցե որոշակի քաղաքական նկատառումներով կամ տողատակերով: Հանենք այսպես ասած առանցքայինը, որ շոշափում է նա՝ արցախյան գործընթացի վերաբերյալ հանրության հետ քաղաքական ղեկավարության կոմունիկացիայի փակուղին, որ Հայաստանը քաղաքական տեսանկյունից դրել է անելանելի վիճակում:
Նիկոլ Փաշինյանն անգամ նկատեց, որ նույն վիճակում են եղել նաև իր նախորդները: Հայաստանի այդ բարդագույն փակուղին խորացել է տարեցտարի և այստեղ բացատրությունը, թե պետք էր ժամանակին՝ դեռևս Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում գնալ կարգավորման և խուսափել ծանր զարգացումից, թերևս միայն մակերեսի վրա եղած պատասխան են, որ այդքան էլ չեն արտացոլում խնդրի ամբողջ բարդությունը: Ինչպես բազմաթիվ անգամներ ունեցել եմ առիթ անդրադառնալու այդ թեմային, հարկավոր է սահմանել ելակետը՝ մենք արցախյան հարցը դիտարկում ենք զուտ հայ-ադրբեջանական հակամարտություն, թե՞ դա աշխարհաքաղաքական բարդ հանգույցներից մեկն է, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտությունն առիթ է: Եվ միամիտ չի՞ լինի արդյոք արցախյան հարցը լոկ հայ-ադրբեջանական հակամարտություն դիտարկելը: Ինչ կապ ունի այդ ամենը փակուղու հետ:
Բանն այն է, որ իրավիճակի հանգուցալուծումը լոկ Հայաստանի համաձայնությունը չէ: Եվ այստեղ փակուղու «հիմքն» է: Ընդ որում, այդ հանգամանքը հաստատվել է անցնող պատմությամբ: Հայաստանն ասում է որևէ տարբերակի «այո», բայց այդ տարբերակի հարցում համաձայնություն չկա խոշոր խաղացողների՝ Մինսկի խմբի համանախագահների, Թուրքիայի, Իրանի, անկասկած այստեղ հետաքրքրություններ ունեցող Մեծ Բրիտանիայի միջև: Այդ պարագայում, երբ Հայաստանի որևէ քաղաքական ղեկավարություն Հայաստանի հանրության կամ հայ ժողովրդի առաջ բացում է խնդիրն ամբողջությամբ, դրանով փաստացի իրեն զրկում է որևէ խաղի հեռանկարից, որովհետև չկա լայն աշխարհաքաղաքական համաձայնությունը: Սրան գումարվում է նաև ներքին խնդիրը, որն իր հերթին տարեցտարի ծավալվել է պետական տեղեկատվական քաղաքականության հիմքում «ռազմա-հայրենասիրականության» պաթետիկ բաղադրիչի հայտնվելով: Այդ պարագայում, արցախյան հարցում ներքին քաղաքականությունը էապես փոխելու համար անհրաժեշտ պետք է լիներ ներքաղաքական «էլիտաների» համաձայնություն, ինչը սակայն չի եղել ու թերևս չի լինելու երբեք, և գերակայելու է իշխանության համար պայքարը: Ընդ որում, հենց այդ պատճառով է, որ ապրիլյան քառօրյայից հետո հրապարակային պետական քաղաքականությունը հաղթանակն էր, իսկ իրական քաղաքականությունը՝ երկու ամիս անց Արցախում ռազմա-քաղաքական «էլիտային» Սերժ Սարգսյանի արած զգուշացումը՝ լայն պատերազմի դեպքում անգամ Ստեփանակերտը կորցնելու վտանգի մասին:
Սերժ Սարգսյանն այդ զգուշացումն արել է շատ լավ պատկերացնելով մեր հարցի շուրջ աշխարհաքաղաքական տրամաբանության վտանգավոր տրանսֆորմացիան և դրանից բխող հետևանքը, լավ պատկերացնելով, որ Հայաստանի և Արցախի պայքարը լինելու է առնվազն ռուսական քաղաքականության, թուրքական հավակնությունների, իսրայելական նկրտումների դեմ, ինչպես նաև եվրաատլանտյան անտարբերության դեմ, այլ ոչ թե միայն Ադրրբեջանի: Բայց, այդ հարցերը ներսում բարձրաձայնելու համար նա պետք է ունենար ներքաղաքական «էլիտաների» աջակցությունը, մինչդեռ թե նրա անմիջական իշխանական շրջանակում, թե այսպես կոչված ոչիշխանական տիրույթում չի գտնվել մեկը, որը գնա այդ աջակցության: Սա ընդամենը դրվագ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում փակուղին Հայաստանի դեմ, անկախ քաղաքական իշխանության տրամաբանությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ փակուղու աշխատանքը այժմ էլ դադարեցված չէ, ինչպես որ վերացած չէ այդ փակուղու «աշխարհաքաղաքական հիմքը»: Եվ դարձյալ բաց է ներքին քաղաքական պատասխանատու և իրական էլիտաների հարցը:
1in.am