Սայլը տեղից չի շարժվում, Լևոն Մարկոսը կդիմի հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Լևոն Մարկոսը պատրաստվում է դիմել Հահակոռուպցիոն կոմիտե՝ նախորդ իշխանությունների ժամանակ 50 միլիոն դոլարի կորուստը հետ բերելու։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լևոն Մարկոսը։
Հեղափոխությունից հետո գործարար Լևոն Մարկոսը պահանջ և հայց էր ներկայացրել քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը: Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ: Քննիչի որոշմամբ Լևոն Մարկոսը ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր:
2019-ին Լևոն Մարկոսի և Սերժ Սարգսյանի առերեսումը տևեց 4,5 ժամ։ Թվում էր՝ սայլը տեղից շարժվում է, առերեսումից մինչև հիմա որևէ զարգացում չկա, Լևոն Մարկոսի խոսքով՝ սայլը տեղից չի շարժվում։
Եռօրյա այցով Հայաստանում գտվող գործարարը հասցրել է այցելել իրեն պատկանող շուկաներ․»Եկա, տեսա շուկաները՝ Մասիվի, Գումի, Պրոսպեկտի․․․շուկաները Սերժ Սարգսյանը տվել է մեծահարուստներին։ Սա արել է այն ժամանակ, երբ իմ նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ես չէի կարողանում Հայաստան գալ։ Դրա համար ինչ ուզել, արել է, ում ուզել, տվել է»․-ասաց Մարկոսը։
Նա նշեց, որ երկրի նախորդ ղեկավարները իր օբյեկտները խլել են ու տվել են իրենց բարեկամներին կամ մերձավորներին, հիմա խլածը հետ բերելու ժամանակն է։
Եվ թեև 2019-ին Լևոն Մարկոսն առաջընթաց է տեսնում քրեական գործով, տեսնում էր Հատուկ քննչական ծառայության կողմից ճշմարտությունը բացահայտելու ցանկություն, երկու տարվա ընթացքում որևէ տեղաշարժ չի նկատում։
Գործարարը նշեց, որ ինքը 2000-ականներին ներդրումներ է արել Հայաստանում, սակայն Սերժ Սարգսյանը և այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեցին իրեն ներգրավել սնանկացող «Կրեդիտ Երևան» բանկի առողջացման կամ փրկության նախագծում․ «Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր»,-հավելեց նա:
Ավելի վաղ Լևոն Մարկոսը պատմել է, որ բացի բանկից, ձեռք է բերել նաև տասից ավելի ձեռնարկություններ, որոնց շարքում Երևանի հաստոցաշինական գործարանը, Սիսիանի քարամշակման գործարանը, մի շարք օբյեկտներ, ինչպիսիք են՝ Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և «Վանա լիճ» ժամանցային համալիրը:
«Փաստորեն, ինձ առաջարկել են փրկագնել այնպիսի օբյեկտներ, որոնք թաղված էին պարտքերի մեջ: Արդյունքում ես, որ ներդրել եմ Հայաստանի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ, հսկայական կորուստներ եմ կրել, իսկ դատական քաշքշուկների պատճառը իմ բոլոր ակտիվների և հաշիվների կալանավորումն էր Հայաստանում և «Կրեդիտ Երևան» բանկի ռեյդերային հափշտակումը, որի հետևանքով միայն կորցրի 17 միլիոն դոլար: Դրանից բացի՝ ինձ արգելվեց գործարարությամբ զբաղվել Հայաստանում, և իմ դեմ հարուցվեց քրեական գործ անհիմն կերպով: Իմ հանդեպ հայտարարվեց միջազգային հետախուզում: Ես կորցրի ոչ պակաս, քան 50 միլիոն դոլար և զրկվեցի գործնականում իմ ամբողջ անշարժ գույքից»,- ներկայացրեց Լևոն Մարկոսը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վերջերս հայտարարեց, որ կոմիտեն 2022-ին նախատեսում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, հիմա Մարկոսը հույս ունի, որ հակակոռուպցիոն կոմիտեն կկարողանա արդար քննություն իրականացնել։
1in.am