Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ինչպես նաև կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դեսպան Էատը նշել է, որ Կամբոջայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:
Lragir.am