Ցուցմունք՝ պաշտոնի դիմաց
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի դեմ ցուցմունք տված Աննա Կարապետյանը նշանակվել է համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ։ Սյունիքի համայնքապետերի դեմ հարուցված գործերը, որպես կանոն, հիմնված են տարբեր անձանց ցուցմունքների վրա: Ում կարողացել են, վախեցրել են, ում չեն կարողացել, կաշառել են ինչ-որ բանով: Մեզ ասացին, որ Սիսիանում ցուցմունք տվողների շահերը ներկայացնում է փաստաբան Ներսես Խաչատրյանը, նա ներկա է գտնվում ցուցմունք տալու պրոցեսին եւ այլն։ Մենք կապվեցինք Ն․ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինքն ինչ կապ ունի Արթուր Սարգսյանի քրեական գործի հետ։ Ասաց, որ ոչ մի կապ չունի` ինքը փաստաբան չէ եւ չի տիրապետում տեղեկատվությանը՝ արդյոք Կարապետյանը ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ ով Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի, փոխհամայնքապետերի դեմ ցուցմունք է տալիս, պաշտոնի է նշանակվում։ Պատասխանեց․ «Լկտի սուտ է, միայն դա կարող եմ ասել»։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Աննա Կարապետյանը համայնքապետարանի ֆինբաժնի պետ է նշանակվել։ «Եղբայր, ես դրան չեմ տիրապետում, չեմ կարող մեկնաբանություն անել»։ Ի դեպ, Ներսես Խաչատրյանը գուցե փաստաբանի լիցենզիա չունի, բայց «Իրավաբան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենն է: Նրան հարցրինք՝ Աննա Կարապետյանն իրենց ընկերության ծառայություններից չի՞ օգտվում։ «Աննան պաշտոնապես չի դիմել մեր իրավաբանական կազմակերպությանը, որպեսզի իրավաբանական կազմակերպությունն իր շահերը պաշտպանի, դիմել է փաստաբան Յուրա Ավայանին, որը մեր ընկերությունում է աշխատում»։ Նշենք նաեւ, որ Ներսես Խաչատրյանը Առուշանյանի քրգործերով տուժող ճանաչված Արթուր Գյուրջյանի եւ Գուրգեն Հովսեփյանի ներկայացուցիչն է։ Մենք կապվեցինք նաեւ Աննա Կարապետյանի հետ․ ճի՞շտ է, որ Սարգսյանի դեմ ցուցմունք եք տվել։ Նա, լսելով հարցը, ասաց՝ հյուրեր ունի, չի կարող հարցին պատասխանել։ Իսկ երբ հարցրինք, թե՝ երբ է նշանակվել ֆինբաժնի պետ, անջատեց հեռախոսը։
Hraparak.am