5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, սահմանազատման առնչությամբ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր ենթատեքստը և հետամուտ լինել, որ այն ընդունվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոնոյանն այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Տոնոյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերին չի ընդունվել հրատապ թեմայով  քննարկման արդյունքում առաջարկվող ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: «Այդ նախագծով, ի թիվս այլ կետերի, առաջարկվում էր, որ ԱԺ-ն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը և Ադրբեջանի ԶՈՒ-ից կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը: Նախագծով նաև առաջարկվում էր, որ ԱԺ-ն հայտարարի, որ առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ գերագույն խորհրդի 1992-ի հուլիսի 8-ի որոշման՝ ըստ որի ՀՀ-ն հետևողականորեն սատար է կանգնում Արցախի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: Երկրորդ՝ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որում Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-հիշեցրեց Տոնոյանը:

Նրա մոտ այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո հույս է առաջացել, որ եթե այդ փաստաթուղթը հաստատվի, ապա ապահովագրված ենք բազմաթիվ վտանգներից: Ըստ Տոնոյանի՝ այդ հայտարարությունը վերքաղաքական էր: Սակայն, նա հիշեցրեց, որ հայտարարությունը չի ընդունվել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» նշել է, որ նախագծի մշակմանը չի մասնակցել, հայտարարության բովանդակության մեջ ընդդիմադիր քաղաքական ենթատեքստ է նկատել:

Տոնոյանը հարց ուղղեց ՔՊ-ին. «Նախագծի շրջանառումից անցել է մեկ ամիս, ինչը, կարծում եմ, բավարար ժամանակահատված էր՝ ձեր նկատած ենթատեքստերը շտկելու, առաջարկներ ներկայացնելու  համար: Դուք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ եք»:

Նա դիմեց նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին. «Նկատի ունենալով, որ այդպիսի հայտարարությունը այս հարցում կարող է կարևորագույն համախմբում ապահովել, խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ ձեզ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր  այդ ենթատեքստը և հասնել նրան, որ այն ընդունվի»:

Նշենք, որ ՔՊ-ն շինծու պատճառաբանությամբ հրաժարվել է մասնակցել նաեւ այս լսումներին։ Այդպիսով արձանագրվում է, որ իշխող ուժը հրաժարվում է հայկական իրավունքներից։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն