Միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ, նրա կարծիքով, հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:

«Արմենպրեսի» հետ զրույցում Լուկյանովը նշել է, որ այս իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի, թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:

«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիրը մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման, հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները, թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - ասել է Ֆյոդոր Լուկյանովը:

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն