Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդության մեջ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը։

Դատախազի կարծիքով` այդ որոշումը կարող էր նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։

Դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ դատարանի այս վճռով ևս մեկ անգամ փաստվեց, որ դատախազների կողմից Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու և ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործը ՍԴ ուղարկելու ու իրենց Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին նոր մեղադրանքներ առաջադրելու հնարավորություն տալը չի չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից:

«Հաստատվեց Առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանների բողոքը վերաբերում էր 2-րդ նախագահի համար՝ որպես խափանման միջոց ընտրված 2 միլիարդ դրամ գրավի վերադարձին, ինչը ևս մերժվեց ըստ էության: Հովհաննես Խուդոյանը նշեց՝ եթե բողոքարկման հիմքեր լինեն, կքննարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում



168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն