Հայաստանը ԱՄՆ նախագահի գլխավորությամբ կազմակերպվող ժողովրդավարությունների Վեհաժողովում բարձրացնելու է ադրբեջանական ագրեսիայի հարցը, որպես ագրեսիա ոչ միայն ինքնիշխան պետության դեմ, այլ նաև ժողովրդավարական պետության, ըստ այդմ՝ ժողովրդավարության դեմ:

ժողովրդավարության առաջին Վեհաժողովը կազմակերպում է ԱՄՆ նախագահը և այդ նախաձեռնության նպատակը աշխարհի ժողովրդավարությունների պաշտպանությունն է ավտորիտարիզմից, կոռուպցիայից, և աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Արդեն հայտնի է, որ Ջո Բայդենի նախաձեռնած հավաքին, որ տեղի է ունենալու դեկտեմբերի 9-10-ին ու առցանց ձևաչափով, մասնակցելու է 110 երկիր: Հրավիրվածների շարքում են նաև Ադրբեջանը, Թուրքիան: Չի հրավիրված Ռուսաստանը, նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ բլոկի Հայաստանի գործընկեր մյուս երկրները: Կովկասից հրավիրված է նաև Վրաստանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վեհաժողովի իր ելույթում բարձրաձայնելու է հայկական ժողովրդավարությանը սպառնացող ադրբեջանական ագրեսիայի մասին: Անկասկած, ամերիկյան նախաձեռնությունը պետք է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, հատկապես, երբ այն լիովին բխում է այդ հարթակի և նախաձեռնության տրամաբանությունից ու նպատակներից: Խնդիրն այն չէ, որ Հայաստանի տարածքը ժողովրդավարական պետության տարածք է և ըստ այդմ՝ այդ տարածքի նկատմամբ որևէ նկրտում ագրեսիա է ժողովրդավարության դեմ: Ի վերջո, միջազգային իրավունքի տրամաբանության տեսանկյունից դատապարտելի է որևէ պետության ինքնիշխան տարածքի հանդեպ որևէ ագրեսիա, անկախ այդ պետության ներքին հասարակարգային կառուցվածքից ու բնույթից, հետևաբար տարածքային ամբողջության անձեռնմխելիության բաղադրիչը Երևանը պետք է դիտարկի լայն իմաստով, առանց ժողովրդավարության հետ կապակցելու: Ադրբեջանական ագրեսիայի խնդիրը ժողովրդավարության և մարդու իրավուքի առումով ունի այլ ասպեկտներ, որոնց վրա պետք է կատարվի շեշտադրումը ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովում: Մասնավորապես, ադրբեջանական ագրեսիայի անթաքույց նպատակներից մեկն էլ Հայաստանում ներքաղաքական անկայունություն և ցնցումներ խթանելն է, ինչը հարված է ժողովրդավարական ռեֆորմացիայի հեռանկարին, քանի որ այդ ապակայունացումից փորձ են անում օգտվել ուժեր ու խմբեր, որոնք Հայաստանում նախկինում գործած ամբողջատիրական-ավտորիտար հիբրիդային համակարգի ներկայացուցիչներ են և ձգտում են ադրբեջանական ագրեսիայի հանգամանքը օգտագործել իրենց քաղաքական և իշխանական դիրքերի վերականգնման համար: Եվ այդ համատեքստում բացառելի չէ և այն, որ ներհայաստանյան այդ գործընթացները շահեկան են դիտվում և Ադրբեջանում, որի իշխանությունը թերևս կձգտի խուսափել իրապես ժողովրդավարական Հայաստանի հետ գործ ունենալուց, հատկապես, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար եթե ոչ եզակի, ապա այն հազվադեպ առավելություններից է, որ կարող է լինել որպես կարևոր ռեսուրս Ադրբեջանի հետ հակամարտության միջազգային տրամաբանության շրջանակում: Ահա այդ առումով, ադրբեջանական ագրեսիան իսկապես սպառնալիք է ժողովրդավարական Հայաստանին:

Մյուս ասպեկտն այն է, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմանամերձ շրջանների հազարավոր բնակիչների համար ստեղծում է մարդու տարրական իրավունքի լրջագույն արգելքներ ու առաջացնում խափանումներ, որոնք հանգամանալից տեղ են գտել օրինակ Հայաստանի Մարդու իրավունքի Պաշտպանի զեկույցներում: Այդպիսով, անկասկած է, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հանդեպ ստեղծում է ոչ միայն անվտանգային սպառնալիք ժողովրդավարության ճանապարհի համար լայն իմաստով, այլ նաևւ մարդկային շատ կոնկրետ իրավունքների՝ սկսած ընդհուպ կյանքի իրավունքից: Ինչ խոսք, պետք չէ ունենալ պատրանք, թե այդ հարցերը ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովում բարձրացնելուց հետո դառնալու են բոլորի ուշադրության առարկան: 110 երկրներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրն ու հոգսը: Սակայն, կասկածից վեր է, որ Հայաստանը պետք է խնդրի բարձրաձայնումը դիտարկի ոչ միայն առցանց Վեհաժողովի ելույթի տրամաբանությամբ, այլ դրանից սկսվող մեկնակետի:

Հատկապես, որ մեկ տարի հետո ԱՄՆ նախագահը կհյուրընկալի երկրորդ գագաթնաժողովը՝ «ձեռք բերված առաջընթացը գնահատելու և ընդհանուր ուղի գծելու համար»: Մեծ հաշվով, թերևս Երևանի նպատակը պետք է լինի ամերիկյան նախաձեռնության հարթակը Ադրբեջանի համար «քաղաքական Հաագայի» վերածելը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն